
Իրանը Թուրքիայի համար կարևոր ու եղբայրական երկիր է. Չավուշօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Եմենի դեպքերը, հայտարարել է, որ Թուրքիան կարող է այդ հարցում շատ կարևոր դեր խաղալ, կատարել միջնորդական առաքելություն:
Չավուշօղլուն մանրամասնել է, որ Թուրքիան մասնավորապես կարող է կարևոր ներդրում ունենալ բանակցությունների հարցում: Անդրադառնալով Էրդողանի այսօրվա իրանական այցին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Իրանը Թուրքիայի համար կարևոր ու եղբայրական երկիր է, որի հետ կան համապարփակ հարաբերություններ:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան ու Իրանը տարածաշրջանի խոշորագույն երկրներն են և նրանց միջև համագործակցությունը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանի կայունության հարցում:
Չավուշօղլուն անդրադարձել է նաև թուրք-իսրայելական հարաբերություններին՝ հայտարարելով, որ Իսրայելի ժողովուրդը շատ է ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, սակայն Իսրայելի ղեկավարությունը քայլեր չի գործադրում տվյալ ուղղությամբ: