Ադրբեջանը նավթի գների պատճառով հունվարին կորցրել է ավելի քան կես միլիարդ դոլար

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գնանկման շարունակման հետ մեկտեղ կտրուկ անկում են ապրում նաև Ադրբեջանի եկամուտները: Պետական մաքսային կոմիտեի տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվարին Ադրբեջանն արտահանել է 1 միլիարդ և 65 միլիոն դոլարի նավթ:

Դա 34.2 տոկոսով կամ 552.67 միլիոն դոլարով զիջում է նախորդ տարվա հունվարի ցուցանիշին: 2014 թվականին Ադրբեջանի ողջ արտահանման մեջ հում նավթի մասնաբաժինը կազմել է 83.4 տոկոս:

Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ այս տարեսկզբին Ադրբեջանի արտաքին պետպարտքը կազմել է 5 միլիարդ և 81.5 միլիոն մանաթ (6 միլիարդ և 478.2 միլիոն դոլար), ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 8.6 տոկոսը: Մեկ տարում պետպարտքն աճել է ավելի քան 300 միլիոն մանաթով:

 

Տեսանյութեր

Լրահոս