Chrysler ընկերությանը պարտավորեցրել են 150 միլիոն դոլար վճարել քառամյա տղայի մահվան համար
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ` Chrysler ընկերությանը պարտավորեցրել են 150 միլիոն դոլար վճարել ավտովթարի հետևանքով զոհված քառամյա Ռեմինգթոն Ուոլդենի ընտանիքին: Համապատասխան որոշումն ընդունել է ԱՄՆ Ջորջիա նահանգի Բեյնբրիջ քաղաքի դատարանը:
Դատավարությունը շարունակվել է երկու շաբաթ: Այն առնչվել է 2012 թվականի մարտին գրանցված ավտովթարին: Ուոլդենը գտնվել է 1999 թվականի արտադրության Jeep Grand Cherokee ավտոմեքենայում, որին հետևից հարվածել է պիկապը, ինչից հետո Jeep Grand Cherokee-ն բռնկվել է բենզինաբաքի արտահոսքի պատճառով:
Դատարանը վճռել է, որ Ուոլդենի զոհվելու պատասխանատվության 99 տոկոսը բաժին է ընկնում Chrysler ընկերության, իսկ մնացյալ 1 տոկոսը` պիկապի վարորդի վրա: Տղայի մահը գնահատվել է 120 միլիոն դոլար, նրա ցավերն ու տառապանքները` ևս 30 միլիոն դոլար:
Chrysler-ը մտադիր է բողոքարկել այդ որոշումը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Chrysler-ն ԱՄՆ-ում հետ է կանչելու գրեթե 900.000 ավտոմեքենա` կապված բռնկման վտանգի հետ: