
Հանրապետական կոնգրեսականներին մտահոգել է Իրանի հետ գործարքը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյները մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության ձեռք բերման կապակցությամբ:
Նա ընդգծել է, որ մտահոգ է նրա համար, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է մեղմացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները.
«Կոնգրեսի հանրապետականներն ու դեմոկրատներն առաջիկա շաբաթներին վարչակազմից կպահանջեն բացահայտել համաձայնագրի մանրամասներն ու պատասխանել բարդ հարցերին, որոնք շարունակում են մնալ բաց»:
Բեյները վստահություն է հայտնել, որ Թեհրանը շարունակելու է օգտագործել իր միջուկային ծրագիրը և պատժամիջոցների հնարավոր մեղմացումը` ապակայունացնելու համար մերձավորարևելյան տարածաշրջանը:
Ավելի վաղ 47 հանրապետական սենատորներ նամակ են հղել Իրանի իշխանություններին, որում զգուշացրել են, որ միջուկային ծրագրի վերաբերյալ յուրաքանչյուր համաձայնագիր ուժ կունենա այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահի պաշտոնում գտնվում է Բարաք Օբաման: Այդ նամակը քննադատության էր արժանացել ինչպես Թեհրանում, այնպես էլ` Սպիտակ տանը: