Յունիբանկի «Թամանյան» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե
Այսօր կայացավ Յունիբանկի «Թամանյան» մասնաճյուղի նոր տարածքի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղը տեղափոխվել է նախկին տարածքում հիմնովին վերանորոգում և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Մասնաճյուղի նոր հասցեն է ք.Երևան, Այգեստան 3, շ. 8/12, N5: Նոր տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից:
Այսուհետ «Թամանյան» մասնաճյուղը հաճախորդներին կընդունի ավելի ընդարձակ և հարմարավետ սպասարկման սրահում, որն առանձնանում է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածությամբ: Հաճախորդների հարմարավետ սպասարկումն ապահովելու համար մասնաճյուղում տեղադրված են երկու բանկոմատներ և երեք վճարային տերմինալներ, որոնք աշխատելու են շուրջօրյա: Տերմինալների միջոցով հաճախորդները կարող են կատարել բանկային հաշվի համալրում և վարկի մարում ինքնուրույն: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում: Հաճախորդը պարզապես պետք է ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը և հետևի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը:
«Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը, հատկապես` ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման առումով: Այդպիսով բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքը` ապահովելով դրանց հասանելիությունը բնակչության առավել մեծ զանգվածի համար: Հաճախորդների թվաքանակի ավելացումն ու բիզնեսի ծավալների աճը ենթադրում են նոր մասնաճյուղերի բացում ու սպասարկման գործընթացի շարունակական բարելավում: Այնպես որ, «Թամանյան» մասնաճյուղի նախկին տարածքում, վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, Յունիբանկը կբացի նոր մասնաճյուղ», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:
«Թամանյան» մասնաճյուղն իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM և IntelExpress դրամական փոխանցումների իրականացում և կոմունալ վճարումների ընդունում:
«Սպասարկման արագությունն ու հարմարավետությունը մեր հաճախորդների պահանջն է և մենք պատրաստակամ ենք այն բավարարելու: «Թամանյան» մասնաճյուղը ևս աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով: Այսինքն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպման, դրամական փոխանցման իրականացմամն կամ այլ գործարք կատարելու համար պետք է դիմել բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղին կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա», – հավելեց Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: