Ռուսաստանը Հայաստանին «թույլ կտա» շարժվել դեպի արևելք

Հայաստանում հագեցած «եվրոպական շաբաթին» հաջորդած` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Պետական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ակտիվ քննարկումների առարկա է դարձել մամուլում։

Այդ այցը, շատերի գնահատմամբ` բավականին հագեցած է եղել թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ասպեկտներով։ Սերժ Սարգսյանը Չինաստանում մասնակցել է ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես գալով ելույթով` ասել, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ասիացի գործարարների շահերի կենտրոն։ «Կառաջարկեի դիտարկել նաև չինական և այլ ասիական խոշոր ընկերությունների` Հայաստանում տարածաշրջանային գլխամասային կենտրոններ հիմնելու հնարավորությունները։

Գործարարների համար հատկապես գրավիչ կարող է լինել էներգետիկայի ոլորտը, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կամ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագրերում համագործակցությունը` Մետաքսի ճանապարհի նախաձեռնությանը համահունչ»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Վերջինս Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ, ում հետ բանակցությունների արդյունքներով ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիրը, որն ունի բավական հագեցած բովանդակություն հայ-չինական տնտեսաքաղաքական, ռազմական, մշակութային գործակցության առումով։

Մետաքսի ճանապարհի գաղափարը ևս ընդգրկված է հռչակագրում։ Ստորագրվել են նաև երկու երկրների միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր։ Ըստ մի շարք փորձագետների` ՉԺՀ-ում կայացած բանակցությունների արդյունքում համաձայնեցված ողջ փաթեթի կամ դրա մի մասի իրագործումը, որը ենթադրում է նաև ռուսական էներգակիրներից Հայաստանի կախվածության բեռնաթափում, հնարավորություն կտա Հայաստանին նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, ինչն անցանկալի կլինի Հայաստանի ռազմավարական գործընկերոջ համար, որի պատճառով միգուցե այս հռչակագիրը մնա` միայն որպես հռչակագիր։

Մեզ հետ զրույցում ռուս ընդդիմադիր գործիչ, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Անդրեյ Պիոնտկովսկին հույս հայտնեց, որ Ռուսաստանը «չի ապտակի» ՀՀ նախագահին` նրա` Չինաստան կատարած այցի համար, ինչպես 2013 թվականին, երբ Հայաստանը փորձում էր Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել։

Նրա գնահատմամբ` ՀՀ իշխանությունների կողմից չափազանց խելամիտ քայլ է դժվարին պայմաններում, երբ հայտնվել է նաև փակուղու մեջ, հարստացնել, ընդլայնել հարաբերություններն այլ կենտրոնների, այս դեպքում` Չինաստանի հետ, երբ Արևմուտքի հետ մերձենալու Հայաստանի փորձերը հանդիպում են խոչընդոտների Մոսկվայի կողմից, որը հանդես է գալիս` որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր։ «Մոսկվան ընդհանրապես ամեն ինչի է պատրաստ։ Ո՞վ էր մտածում, որ Մոսկվան պատրաստ է Ղրիմի բռնակցմանը, պատերազմին Դոնբասում։ Ռուսաստանը խոսում է Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին, զարգացնում է BRICS-ը` և այլն, ուստի շատ դժվար է պատժել Հայաստանին Չինաստանի հետ հարաբերությունները խորացնելու փորձերի համար։ Եթե Մոսկվան արգելում է դեպի Եվրոպա շարժվել, ապա դեպի Արևելք շարժվել Հայաստանին պետք է որ թույլ տա»,- ասաց Պիոնտկովսկին։

Նա նշեց, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև արդեն իսկ լուրջ տարաձայնություններ կան։ «Չինաստանն ատում է ՌԴ ներկայիս իշխանություններին, համարում նրանց կլեպտոկրատ իշխանություն, որը կախված է Չինաստանից, և Չինաստանին ձեռնտու է Ռուսաստանի ներկայիս հարաբերություններն Արևմուտքի հետ։ Չինաստանը դանդաղ կերպով, բայց հաստատուն քայլերով կուլ է տալիս տնտեսական, քաղաքական իմաստով` Հեռավոր Արևելքը և հարակից տարածաշրջանները։ Ռուսաստանն ընկել է իր պատրաստած աշխարհաքաղաքական թակարդի մեջ։ ՌԴ-ն այնպես է վատթարացրել իր հարաբերություններն Արևմուտքի հետ, որ պնդում է, թե ցանկանում է Արևմուտքի հետ հավասար գործընկեր լինել, այնինչ դարձել է Չինաստանի ամենակրտսեր եղբայրը»,- ասաց Անդրեյ Պիոնտկովսկին։ Այնինչ ռուսաստանցի վերլուծաբան, Regnum լրատվական գործակալության Արևելյան խմբագրության ղեկավար, սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքով` ՌԴ-Չինաստան տարաձայնությունները դեռ առջևում են։

Նրա խոսքով` տեսականորեն կարելի է ենթադրել Չինաստանի և Ռուսաստանի միջև մրցակցության և տարաձայնությունների մասին, որն ապագայում կրելու է անխուսափելի բնույթ։ «Բայց այս փուլում, հաշվի առնելով մերձավորարևելյան ճգնաժամը, ուկրաինական իրադարձությունները, սիրիական պատերազմը, Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս` որպես ամուր ռազմավարական գործընկերներ, և այս փուլում խոսել լուրջ տարաձայնությունների մասին` ճիշտ չէ։ Թուրքիան ևս Չինաստանի հետ զարգացնում է հարաբերություններ։ Աշխարհը փոփոխվում է, ու դիտարկել տարաձայնությունների ոճը` սխալ է։ Հիմա ընդհակառակը` խոսքը համագործակցության մասին է։ Եվրասիական տարածքում Չինաստանի հետ համագործակցությունից բոլորը միայն շահում են, այդ թվում` Չինաստանը»,- ասաց Տարասովը։

Ըստ փորձագետի` Սերժ Սարգսյանի այցը Պեկին խոսում է Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարության աճի մասին։ Հայաստանը, Տարասովի խոսքով, որպես ՀԱՊԿ, ԵՏՄ անդամ` լուրջ, բոլորովին նոր որակի դիրքեր է ձեռք բերում տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս։ Միևնույն ժամանակ փորձագետը նշեց, որ սկսում են դիտարկվել Չինաստանի հետաքրքրություններն ու շահերն Անդրկովկասյան տարածաշրջանում։

«Ինչպես ասում են` «եթե Մուհամեդը չի գնում լեռան մոտ, ապա լեռն է գնում Մուհամեդի մոտ» սկզբունքով` ՀՀ նախագահը գնաց Պեկին, և այն, որ հայկական դիվանագիտությունը սկսել է լուրջ ուշադրություն հատկացնել ասիական տարածաշրջանի վրա և ոչ միայն` եվրոպական, շատ լավ նշան է։ Հայաստանյան դիվանագիտության նոր որակի հետ գործ ունենք»,- նշեց Ստանիսլավ Տարասովը։

Վերջինիս կարծիքով` Ռուսաստանը պետք է միայն ողջունի ՀՀ-ի դիվանագիտական հաջողությունները, քանի որ Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական գործընկեր է, և Հայաստանի ամուր տնտեսական կապերը Չինաստանի հետ կամրապնդեն նաև հետխորհրդային տարածքում զարգացող ինտեգրացիոն նախագծերի ներուժը։ «Այս իմաստով` Հայաստանին միայն բարի ճանապարհ պետք է մաղթել»,- ասաց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս