Հայաստանը գրեթե ամբողջովին կորցրել է ռուսաստանյան շուկան. ՀՀԿ-ական պատգամավոր
Մեր զրուցակիցն է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը:
– Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակը:
– Ներկայումս Հայաստանը գրեթե ամբողջովին կորցրել է ռուսաստանյան շուկան: Հիմնական պատճառն այն է, որ ռուսական ռուբլին արժեզրկվել է գրեթե 100%-ով, այսինքն՝ մեկ դոլարի գինը 30-ից դարձել է 60 ռուբլի, իսկ ՀՀ-ում դրամի արժեզրկումը 20 %-ի չափով է: Մեր պետությունը չի կարող այս մեծ տարբերության պայմաններում ռուսական շուկա ապրանք արտահանել: Ասինքն՝ այն ինքնարժեքով, որ մենք ՀՀ-ում ապրանք ենք արտադրում, այդ ինքնարժեքն արդեն անընդունելի է Ռուսաստանի համար՝ կապված իրենց փոխարժեքի տատանման հետ:
– Ի՞նչ պետք է անեն հայ արտադրողները, ե՞րբ կփոխվի իրավիճակը:
– Արտադրողները չեն կարող հենց այս պահին ինչ-որ բան անել, բացարձակ ոչինչ չեն կարող անել: Պետք է նստեն-սպասեն, մինչև Ռուսաստանում տնտեսությունը լավանա, ռուբլին ուժեղանա, բայց դա կարող է տևել 3-5 տարի, իսկ ինձ չի թվում, թե այդ ընթացքում ՀՀ-ում որևէ կազմակերպություն, որի ամբողջ շուկան, ամբողջ գործունեությունը կապված է ՌԴ-ի հետ, ապրանքի 90%-ն արտահանում է ռուսական շուկա, կարող է երկար դիմանալ: Ինքը չի կարող դիմանալ, կոչնչանա:
– Այսինքն՝ շատ ձեռնարկություններ դատապարտված են փակվելո՞ւ:
– Շատ վատ է դրությունը, այո, շատ ձեռնարկություններ ուղղակի փակվում են: Եթե մարդը չի կարողանում ապրանք արտահանել, փող բերել, աշխատավարձ վճարել, ապա աշխատողն ամենաշատը 1 ամիս կաշխատի առանց աշխատավարձի, իսկ հետո՞:
– Դուք տեղեկություն ունե՞ք, թե ինչ կազմակերպություններ են այսօր փակվել կամ դրա սպառնալիքի առջև հայտնվել:
– Գյուղմթերք մթերող ընկերությունների աշխատանքը սեզոնային է, իսկ ընդհանրապես՝ դա կերևա ամռանը, թե որ կազմակերպություններն ի վիճակի կլինեն աշխատելու կամ չաշխատելու: Այսինքն՝ այսօր իրենք պետք է վաճառեն, որ աշնանը կարողանան գյուղմթերք մթերել: Բայց եթե այսօր չեն վաճառում, ի՞նչ են անելու: Այս վիճակի արդյունքներն ավելի շատ կտեսնենք աշնանը:
– Այլընտրանքային շուկա գտնելու համար՝ դեպի Եվրոպա կամ այլ ուղղությամբ, ի՞նչ է արվում:
– Նախ՝ մի քիչ այդ միֆը վերացնենք մեր միջից, որ եվրոպական շուկա կարող ենք արտահանել: Հայկական արտադրությունը պետք է հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ ծախսի, որ մի 100 տարի հետո եվրոպական շուկայում մեր ապրանքը ճանաչեն: Եվրոպայի շուկայի մասին խոսելը նույնն է թե՝ լուսնի շուկայի մասին խոսենք: Մի քիչ պետք է իրերն իրենց անունով կոչել: Մարդ կա՝ շուկայի մասին ընդհանրապես գաղափար չունի, Եվրոպայի անունն է տալիս: Դե՛, թող տանի 10 տարում մի կիլոգրամ խնձոր վաճառի Եվրոպայում: Հենց կվաճառի, հետո միայն թող գա, եվրոպական շուկայի մասին ենթադրություններ անի: Երկրորդը՝ բացի այդ, եվրոպական շուկայում նույնպես փոխարժեքի խնդիրն առաջացել է, որովհետև եվրոն դոլարի համեմատ 35 % արժեզրկվել է: Այնպես չէ, որ Եվրոպան մեզ համար հիմա փայլուն շուկա է: Նույն ապրանքն անմրցունակ է նաև եվրոպական շուկայում: Ռուսաստանում ավելի շատ անմրցունակ է՝ ռուբլու ավելի շատ արժեզրկման պատճառով, Եվրոպայում՝ ավելի քիչ: Այսինքն՝ չի կարող վաճառվել: Ինքնարժեքը բարձր է մեզ մոտ: Մենք էլ դոլարային գոտի ենք, մեր ապրանքները ձևավորվում են դոլարով: Թեկուզ խաղող մշակող մարդիկ դոլարով են վարկ վերցնում, այսինքն՝ նշանակում է, որ ՀՀ-ում խաղող արտադրում են դոլարով: ՀՀ-ում վարկային ռեսուրսների մոտ 73%-ն արտարժույթով է: Այս ամենը խնդիրներ են, իսկ տնտեսությունը գիտություն է, մաթեմատիկական պարզ հաշվարկ չի:
– Խնդրի լուծումն ինչպե՞ս եք տեսնում, ի՞նչ պետք է արվի:
– Այս ճգնաժամից դուրս գալու համար տնտեսվարողներին լուրջ ֆինանսական աջակցություն է պետք, որի հնարավորությունը, ես չգիտեմ, թե մեր կառավարությունն ունի՞, թե՞ չունի:
– Կառավարության կողմից տնտեսվարողին որևէ աջակցություն տեսնո՞ւմ եք:
– Կառավարությունն ամեն ինչ անում է, բայց ամեն ինչ դնելով մի կողմ՝ փող է պետք: Այսինքն՝ արտահանումը պետք է խթանեն, ինչ-որ մի ծախս պետք է վերցնեն իրենց վրա, հարկերը պետք է պակասեցնեն, որ հնարավորություն տան, որ մեր արտադրողն արտոնություն ունենա ներկրողների նկատմամբ: Հիմա թե´ պահածո ներկրող-վաճառողը, և թե´ տեղի արտադրողը նույն պայմաններում են աշխատում: Արտերկրում ապրանքի ինքնարժեքը շատ ցածր է, մեզ մոտ բարձր է: Մեր ապրանքը, այսպես թե այնպես, շատ թանկ արժե, հատկապես՝ վերամշակվող գյուղմթերքը, քանի որ մեզ մոտ հողի օգտակար գործողության գործակիցը շատ ցածր է: Չի կարող Իտալիայում խաղողը 3 անգամ էժան լինել Հայաստանից, չի կարող ամբողջ աշխարհում լոլիկի գինը 2-3 անգամ էժան լինել ՀՀ-ից: Մենք ուզում ենք և´ թանկ ինքնարժեքով ապրանք ստանալ, և´ վաճառել: Նման բան աշխարհում չկա, միֆ է:
– Նշում եք հարկային արտոնությունների մասին, բայց այսօր գործարարները սկսել են ավելի շատ բողոքել հարկային մարմնի աշխատանքից:
– Ես դա չեմ կարող ասել: Կարող եմ ասել, որ այսօր բիզնեսին պետք է մի քիչ ազատություն տան: Բիզնեսի վրայից ինչ-որ հարկատեսակներ պետք է հանել, որոշ հարկատեսակներ պետք է նվազեցնել, պետք է քիչ միջամտել:
– Ասում ենք՝ «պետք է, պետք է», բայց գործնականում Դուք տեսնո՞ւմ եք, որ արվում է:
– Ես չգիտեմ:
– Դրամի արժեզրկումը կարո՞ղ է ելք լինել:
– Դոլարն այսօր իրականում արժե 800 դրամ, բայց այդքան արժեզրկելու դեպքում, փոխարենը՝ մարդկանց սպառողական զամբյուղը, այսինքն՝ թոշակներն ու աշխատավարձերը, պետք է բարձրացնեն, որովհետև ապրանքի 80%-ը ներմուծում ենք, ու դրանք կթանկանան: Պետք է ինդեքսավորել, որպեսզի մարդը կարողանա 1000 դրամով հաց գնել: Բայց դա էլ ժամանակավոր լուծում է: Ներդրումներ են պետք:
– Փաստացի անհրաժեշտ ծավալի գումար ունե՞նք, որ արժեզրկման դեպքում հնարավոր լինի ինդեքսավորել:
– Մենք չունենք այդքան գումար: Եթե կառավարությունը կարողանա գտնել այդ փողը, մենք 2-3 տարի հետո կունենանք ուժեղ տնտեսություն: Իսկ եթե մեքենա ունեք, բայց բենզին չունեք, ինչո՞վ եք տեղ գնալու: Ոտքով:
Լուսանկարը՝ aravot.am-ի