«Կուզենայի տեսնել մտորող խորհրդարան». «Ժողովուրդ»

Օրաթերթի լրագրողը զրուցել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ, որից մի հատված ենք ներկայացնում:

«Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն այն կարծիքին է, որ օտար մարդիկ հայ երաժշտությունը շատ ավելի մեծ ուշադրությամբ են լսում։ Նրա խոսք ով՝ վարդը ձեռքին մարդը վարդի արժեքն արդեն չգիտի, մարդն իր ունեցածի արժեքը չգիտի։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշել է, որ ինքն էլ չգիտի՝ իր երգն ինչ է, մինչև այն չդիպչի ուրիշի սրտին։ Մաեստրոն արվեստին առնչվող խնդիրներից զատ՝ անդրադարձել է նաև քաղաքական հարցերի, խոսել է հայոց խորհրդարանից՝ նշելով որ ինքն այսօր, ցավոք, չգիտի, թե ինչ է նշանակում անհատը խորհրդարանում։

– Դուք այն արվեստագետներից եք, ով առնչվել է քաղաքականությանը, 1999-2003 թթ. եղել եք ՀՀ Աժ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Ի՞նչ եք կարծում՝ այն եզակի արվեստագետները, որոնք ընդգրկվում են հայոց խորհրդարանում, կարողանո՞ւմ են մշակույթի ոլորտում ինչ-որ բան դեպի լավը փոխել։

-Մեր խորհրդարանում կա որոշակի խորհրդարանական ոճ (ես հիմա չգիտեմ, թե ուր է այն հասել), որը մի տեսակ մտորելու տեղիք է տալիս, թե անհատի և հավաքական օրգանիզմի դերն ինչպես են իրար հետ առնչվում։ Չմոռանանք, որ շատ դեպքերում խորհրդարանն ընդամենը ամբիցիայով մարդու տեղ է, որ մարդ ձգտում է այնտեղ իր կյանքի շատ հարցեր ավելի հեշտությամբ լուծել, չմոռանանք, որ այդպիսի պալար կա մեր կյանքում։

Ես շատ կուզենայի տեսնել շատ ավելի մտորող խորհրդարան, իրականության հանդեպ ճիշտ ռեակցիաներ ունեցող խորհրդարան, և կուզենայի, որ մեր օրենքները քայլեին ոչ թե մեզնից հետո, այլ լինեին մեր կյանքից առաջ, որպեսզի կարգավորեին մեր հարաբերությունները։ Այսօր ես, ցավոք, չգիտեմ, թե ինչ է նշանակում անհատը խորհրդարանում։ Հուսով եմ, որ կան վերափոխման միտումներ, և դոմինանտ անձի կողքին կձևավորվի մի նոր ինստիտուտ՝ պառլամենտական ղեկավարության ինստիտուտը։ Միգուցե սա կօգնի սուբյեկտիվ հարցերը դնել ընդհանուր քննարկման»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս