«Այն Սահմանադրությունը, որը մենք ունենք, ըստ էության, մի մարդու Սահմանադրություն է». ՀՀԿ-ական պատգամավոր
Ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին հանձնարարել էր՝ խորհրդարանական համակարգին անցման Սահմանադրության հայեցակարգից բացի՝ կատարելագործել նաև գործող կառավարման համակարգը:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանին խնդրեցին ներկայացնել կիսանախագահական համակարգում արված փոփոխությունները: Մ. Բադեյանը նշեց, թե քանի որ դեռ քննարկման փուլում է, նշանակում է՝ դեռ վերջնական արդյունքի մասին չի կարող խոսել:
«Ես վստահ եմ, որ մեր կյանքի փոփոխությունը, որին բոլորս ենք ձգտում, մեծապես կախված է Սահմանադրությունից, որովհետև այն Սահմանադրությունը, որը մենք ունենք, ըստ էության, մի մարդու Սահմանադրություն է: Ա՛յ, հիմա մենք դա ունենք, դրա համար էլ մենք այդպիսի երկիր ունենք: Դրա համար էլ եկեք փոխենք այդ Սահմանադրությունը, կարող ենք փոխենք՝ նույնը ստանանք, բայց կարող ենք փոխել՝ լավը ստանալ, եկեք փոխենք և փորձենք լավացնել, այդ թվում նաև՝ դիմելով իրավաբան մասնագետներին»:
ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ մենք 2 անգամ փոխել ենք Սահմանադրությունը, բայց միշտ այդ Սահմանադրությունը բերել է նախագահի գերհզոր ֆունկցիաների: