Աջակցեցին սոցիալապես անապահով ընտանիքներին

Սոցիալապես վատ ապրող ընտանիքների համար բարի մարդկանց կողմից ստացած հագուստն ու ուտելիքն անգամ կարող են սովորական օրը տոն դարձնել: Այդպիսի ընտանիքները դեռ ամբողջությամբ իրենց հույսը չեն կորցրել կյանքի նկատմամբ ու դեռ սպասում են, որ կգտնվեն բարի մարդիկ ու կօգնեն` ինչով կարող են: «168 Ժամը» պարբերաբար անդրադառնում է հասարակությանը վերաբերող խնդիրներին ու լուսաբանում սոցիալապես անապահով այսպիսի ընտանիքների պատմությունները:

Մեր վերջին հրապարակած նյութերին` «Ճակատագիր, որում ինքդ մեղավոր չես», և «Կյանքը` առանց ծնողների ու գումարի», անմիջապես արձագանքել են ու գումարներ փոխանցել այս ընտանիքներին:

«Ճակատագիր, որում ինքդ մեղավոր չես» վերնագրով հրապարակումը պատմում է Մարտիկի ու իր ընտանիքի մասին: Մարտիկը հիվանդ է, 5 տարեկանում նրա մոտ էպիլեպսիա հիվանդությունն են հայտնաբերել, ամսական 2-3 անգամ վատանում է, ու այսօր գումար է հարկավոր տղայի վիճակը կարգավորելու համար: Մարտիկի ընտանիքում ոչ մեկը չի աշխատում, քույրիկները փոքր են, ու մայրը չի կարող նրանց միայնակ թողնել: Տունն էլ, որտեղ նրանք այժմ բնակվում են, իրենց սեփականը չէ. վարձով են ապրում ու վարձավճարն էլ չեն կարողանում տալ:

Gayane Martik (8)

Կարդացեք նաև

Իսկ «Կյանքը` առանց ծնողների ու գումարի» հոդվածը պատմում է տիկին Անահիտի թոռնիկների մասին, որոնց ծնողները լքել են, ու նրանց խնամակալները հիմա տատն ու պապն են: Նրանց ընտանիքում էլ որևէ մեկը չի աշխատում. պապիկը մեծահասակ է, իսկ տատիկը չի կարող միայնակ թողնել թոռներին: Գումար չունեն նույնիսկ տան վարձը վճարելու ու օրվա հաց գնելու համար:

soc-Amali (8)

Սան Ֆրանցիսկոյում բնակվող մեր հայրենակից Հենրիկ Խաչատրյանը, արձագանքելով 168.am-ի նշյալ հրապարակումներին, գումար է փոխանցել երկու ընտանիքներին` 500 ԱՄՆ դոլար` Մարտիկի ընտանիքին, և 300 հազար դրամ` մյուս հրապարակման մեջ ներկայացված ընտանիքին: Նշենք նաև, որ ՀՀ առողջապահության նախարարությունը «Ճակատագիր, որում ինքդ մեղավոր չես» հոդվածի հրապարակումից ժամեր անց արձագանքել էր հրապարակմանը և կարգավորել Մարտիկի դեղորայքի հարցերը. այժմ Մարտիկին ամբողջովին անվճար են հատկացնում անհրաժեշտ դեղերը:

11072692_10204232789044122_718708054_n

Օրեր առաջ «168 Ժամի» խմբագրություն էին այցելել Մարտիկի մայրը՝ տիկին Գայանեն, և տիկին Անահիտը` ստանալու իրենց անունով փոխանցված գումարները: Նրանք իրենց շնորհակալությունը հայտնեցին բարերար Հենրիկ Խաչատրյանին և «168 Ժամին»` իրենց ընտանիքների մասին պատմելու համար: Տիկին Անահիտը շատ ուրախ էր, որ կկարողանա իր թոռների համար մի լավ բան անել, նույնիսկ նշեց, որ ցանկանում է լվացքի մեքենա գնել այս գումարով: Տիկին Անահիտը պատմում է, որ ձեռքերին էլ ուժ չի մնացել` դրսում սառը ջրով լվացք անելու համար. նրանց սանհանգույցը տան ներսում չի գտնվում, բակում է` ընդհանուր բոլորի համար, այստեղ միայն երկու տուն ունեն սանհանգույց: Այդ երկու տներից մեկն էլ Մարտիկենց տունն է, տանտերը տիկին Գայանեին է հատկացրել սանհանգույցով տունը, քանի որ տղան` Մարտիկը, հիվանդ է, իրենց դա ավելի է անհրաժեշտ:

Առողջապահության նախարարությունը, դեղորայքի հարցը լուծելուց բացի, Մարտիկի մայրիկին առաջարկել է դիմում գրել նախարարությանը, որպեսզի Մարտիկի վերջին կարևոր հետազոտությունը նույնպես անվճար իրականացվի. հետազոտության համար անհրաժեշտ է 80 հազար դրամ: Տիկին Գայանեն դեռ չի այցելել նախարարություն. չի կարողանում երկար ժամանակով տղային միայնակ թողնել. Մարտիկն ամեն պահի վատանում է ու մոր կարիքն է զգում, մի քանի օր է` դպրոց էլ չի հաճախում: Գայանեն հույս ունի` մի օր կկարողանա այդ ամենով զբաղվել, ու հետազոտությունն էլ անվճար կիրականացնեն:

Գայանեն ու Անահիտը հարևաններ են, նրանք ապրում են Մալաթիա վարչական շրջանի Շրջանայինի 2/5 հասցեում: Այստեղ բոլորի ճակատագրերն իրար նման են, բոլորն էլ վարձով են ապրում ու սոցիալապես անապահով վիճակում են, երազում են ունենալ սեփական տուն ու այլևս տան վարձակալության գումար չվճարել, փողն էլ ծախսել օրվա հացի վրա: Արդեն քանի ամիս է՝ չեն կարողանում վճարել վարձերը. Նրանք ասացին, որ ստացված գումարով պետք է տան վարձակալության պարտքի մի մասը մարեն:

 

Տեսանյութեր

Լրահոս