«Շուստրի ազգ ենք էլի՝ հարց լուծենք, կապեր հաստատենք, տեսնենք՝ ով է հաջորդ իշխանությունը՝ նրան հարմարվենք…». Վիգեն Խաչատրյան
«Մի մասը, որը մեծամասնությունը չէ, գտնում է, որ վիճակը նորմալ է, մի զգալի մասը, գտնում է, որ սա անտանելի վիճակ է՝ նկատի ունեմ և՛ տնտեսական, և՛ սոցիալական և, կառավարման համակարգը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Սահմանադրական բարեփոխումների մասին՝ նման տեսակետ հայտնեց Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) քաղաքական խորհրդական, ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Վ. Խաչատրյանի խոսքով՝ այս վիճակը բարեփոխելու համար հասարակության մի հատվածը գտնում է, որ պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկել՝ ամբողջական իշխանափոխություն ապահովել, մյուս մասը գտնում է, որ պետք է բարեփոխումներ իրականացնել.
«Ինչպե՞ս լուծել այս հարցը, այս պարագայում պետք է վերադառանալ հայտնի ճշմարտությանը, որ դեմքիդ թերությունները մի վերագրիր հայելիին: Ես գտնում եմ՝ այն, ինչ մենք նկատում ենք, պետք չէ ողբերգություն ներկայացնել, իրականում պարզվում է՝ այդ դժգոհ հատվածը իրեն դրսևորում է զուտ նախագահական ընտրությունների ժամանակ: Մեր բոլոր գործող նախագահները որպես կանոն ընտրություններում պարտվել են, բայց մնացել են, և մնալուց հետո այդ մեծամասնական քվեարկած մարդիկ հանդուրժել են, փողոց դուրս չեն եկել, հեղափոխություններ չեն արել, համակերպվել են իշխանության բռնազավթման երևույթի հետ»:
Ըստ Վ. Խաչատրյանի՝ Հայաստանում վերարտադրվել է խորհրդային ապրելակերպի ոճը. «25 տարվա պետություն ենք, ինչից հրաժարվել ենք, նրան գնացինք, որովհետև այս հասարակությունը սովոր է այդպես ապրել: Այսինքն՝ ասի մի բան, անի ուրիշ բան: Այսինքն՝ մեծամասնությունը չի ուզում ապրել օրենքով, հետևել օրենքին: Հարմար չի տենց ապրելը, նենց «շուստրի» ազգ ենք էլի՝ հարց լուծենք, կապեր հաստատենք, տեսնենք՝ ով է հաջորդ իշխանությունը՝ նրան հարմարվենք, հետո հեղափոխականի կեցվածք ընդունենք, ասենք՝ այս ինչ եղավ: Այսինքն՝ իրական, նորմալ ապրելու ցանկություն ունեցող հասարական զանգված դեռ չունենք: Իշխանության վերարտադրողը քվեարկողն է, կամ այդ վերարտադրությունը հանդուժող ընտրողն է: Իսկ եթե խոսում են համակարգի մասին, դա արդեն ուրիշ խնդիր է»: