
Սերժ Սարգսյանն ըդունել է Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսին: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում և երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման տեսանկյունից կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները:
Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են, երկու երկրների մայրաքաղաքներում գործում են դիվանագիտական ներկայացուցչություններ, պարբերաբար կայանում են բարձր մակարդակի փոխայցելություններ: Նախագահի համոզմամբ, չնայած այս ամենին, տնտեսական ոլորտում հայ-լիտվական համագործակցության մեծ ներուժը դեռևս լիարժեքորեն օգտագործված չէ, ինչի համար անհրաժեշտ է զգալի աշխատանք իրականացնել իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ: Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցությունը և ողջունել նախարար Բեռնատոնիսի այցի շրջանակներում միջգերատեսչական համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը:
Հանդիպման ընթացքում Նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Լիտվայի խորհրդարանին՝ 2005 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչը, Սերժ Սարգսյանի խոսքով, վկայում է համամարդկային արժեքներին Լիտվայի խորհրդարանականների նվիրվածության մասին:
Արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը կարևորել է երևանյան այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները, ընդգծելով, որ անհրաժեշտ է ավելի համակարգված զարգացնել երկկողմ հարաբերությունները: Նշելով, որ իր երկիրն աջակցում է Հայաստանին Արևելյան գործընկերությունում, նախարարը շեշտել է, որ Լիտվան, որպես բարեկամ երկիր և գործընկեր, պատրաստակամ է օժանդակել Եվրամիության հետ Հայաստանի հետագա համագործակցության զարգացմանը:
ՀՀ Նախագահի աշխատակազմ