
«Ժամանակը ցույց կտա՝ ԲՀԿ-ն կարո՞ղ է դրսևորվել որպես ընդդիմություն». Հովհաննես Սահակյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնից և քաղաքականությունից հեռանալու մասին Գագիկ Ծառուկյանի որոշումը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ընդունում է բացառապես որպես անձնական որոշում և որևէ այլ ենթատեքստ չի տեսնում այնտեղ:
«Որպես մարդ, քաղաքացի, քաղաքական գործիչ հարգում ենք ցանկացած անձի անձնական որոշումը»,- ասաց Հ. Սահակյանը:
Հարցին, թե ի՞նչ արյունահեղության գիծ է տեսել Գագիկ Ծառուկյանը, որ նման որոշում է կայացրել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե ինչ արյունահեղության գիծ կամ բիծ է տեսել: Դա կարող են պատասխանել բացառապես իրենք»:
Նա նշեց, որ «Բարգավաճը» որպես ընդդիմություն արդեն ավելի ընկալելի է, քանի որ որպես այլընտրանք՝ ընդդիմադիր կեցվածքով, այլ էր. «Արդեն որպես ընդդիմադիր հայտարարած և գործունեություն ծավալող քաղաքական ուժ անձամբ ինձ համար ավելի ընկալելի կարող է դառնալ: Թե ինչպիսի՞ն կինի, կարո՞ղ է դրսևորվել և կընկալվի՞ որպես ընդդիմություն, դա ժամանակն է ցույց տալու»: