«Ինքը ինֆորմացված էր, եթե ասում էր, ուրեմն մի բան գիտի». Սամվել Նիկոյանը՝ Գագիկ Ծառուկյանի «արյունահեղություն թույլ չտալու» հայտարարության մասին

«Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը սպասելի էր և բավականին անկեղծ շարադրել էր իր տեսակետները: Ամեն դեպքում յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր հետագա անելիքները, հետագա ճակատագիրը: Մենք, յուրաքանչյուրը, ինչպես իր կուսակցությունը, մենք՝ որպես քաղաքական դաշտի գործընկերներ կամ մրցակիցներ, հարգանքով պետք է ընդունենք Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը քաղաքականությունից դուրս գալու մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնից և քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունը:

Թե ի՞նչ այրունահեղության գիծ է տեսել Ծառուկյանն իր որոշումից առաջ, Ս.Նիկոյանը դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող ասել՝ կա՞ր արյունահեղության վտանգ, թե՞ ոչ, և ինչո՞ւ էր դա առաջացել: Բայց ամեն դեպքում ինքը ինֆորմացված էր, եթե ասում էր, ուրեմն մի բան գիտի»:

ԲՀԿ-ն՝ այլևս ընդդիմադիր դաշտ անցնելու մասին Ս. Նիկոյանը նշեց, որ յուրաքանչյուր կուսակցության վարքագիծը միայն իր վարքագիծը չէ, դրանով բնութագրվում է ընդհանուր առմամբ հանրության մոտեցումը կուսակցականությանը, քաղաքական դաշտին, յուրաքանչյուր ֆրակցիայինը միայն իրենը չէ, ամբողջ պառլամենտն է բնութագրում, յուրաքանչյուր քաղաքական գործչինը միայն իրենը չէ, ընդհանուր քաղաքական գործիչ հասկացողությանն է վերաբերում. «Այստեղ ամենակարևորը, ինչպես Նաիրա Զոհրաբյանն է հայտարարել, հասարակության վստահության խնդիրն է: Յուրաքանչյուր քաղաքական ուժ այդ խնդիրը պետք է դնի իր առջև և պետք է հասկանա, որ եթե սպասելիքներ է առաջացրել հանրության մոտ, ապա պարտավոր է այդ սպասելիքների տերը լինել: Եթե առաջացրել է հուսախաբություն, ապա ճիշտը ներողություն խնդրելն է, ինչպես որ արվեց: Կարծում եմ, ստեղծված իրավիճակում ճիշտ վարքագիծը հետևյալը պետք է լինի՝ լինել անկեղծ հանրության նկատմամբ: Պետք է հայտարարի՝ կառուցողակա՞ն, թե՞ կոշտ ընդդիմություն է, իսկ թե մեկ այլ մոտեցում ունի, ապա դա պետք է հայտարարվի և ազնիվ պետք է գտնվի իր ընտրողների և համախոհների նկատմամբ: Կարծում եմ՝ այդպես էլ կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս