«Մայրական ձայնը չի խաբի երբեք. մեծ տղաս չեմպիոն է դառնալու, փոքրս՝ բժիշկ»
Մալաթիա վարչական շրջանի Շրջանայինի 2/5 հասցեում բոլոր տներն ու ընտանեկան պատմություններն իրար շատ նման են. ընտանիքներն ապրում են վարձով, սոցիալապես ծանր-անապահով վիճակում են ու երազում են մի բանի մասին` սեփական չորս պատ ու տանիք, որի համար այլևս վարձավճար չեն տա։
Այստեղի բնակիչներից մեկն էլ Մարինեն է, ով դեռ նորեկ է համարվում. անցած ամառ է տեղափոխվել, իր երկու տղաների` Վազգենի ու Գարիկի հետ է ապրում։
Ձմռան պատճառով տան վարձը թանկացել է, հիմա Մարինեն ստիպված է 35 հազար դրամ վճարել, բայց գարունն իր գալուստով զեղչեր է խոստանում. այս ամսվանից պետք է 30 հազար դրամ վճարի։ Շատերի համար սա մեծ փող չէ, բայց Մարինեի համար ահռելի գումար է, 2 ամսվա վարձն էլ դեռ չի տվել։ «Վարձի օրը որ գալիս ա, չգիտեմ` ի՞նչ անեմ։ Դե, տանտերն էլ ինչքան էլ խղճով մարդ լինի, կապ չունի` ո՞վ ես, ի՞նչ ես, պետք է տաս»,- պատմում է Մարինեն։
Մարզիկների ընտանիք է Մարինեի ընտանիքը. երեքով սպորտի են հաճախում, ավելի ճիշտ` հաճախում էին, հիմա միայն Մարինեն է մարզվում, այն էլ` ոչ հաճախ։ Ինքն ու մեծ տղան նույնիսկ մի քանի անգամ հաղթանակներ են գրանցել ու երրորդից մինչև առաջին տեղը մրցանակներ ունեն։ «Մեր ընտանիքում սպորտը մի տեսակ ինձանից սկսվեց ու ինձանով էլ վերջանում է, եթե հիմա իմ կարգավիճակը լավ լինի` էրեխեքս էլ կշարունակեն սպորտի գնալ»,- ասում է Մարինեն։
Մարինեն սպորտին իր ամբողջ կյանքն է նվիրել, 5 տարեկանից կարատե մարզաձևի էր հաճախում, վերջին տարիներին էլ տղային սպորտի տանելիս որոշեց` կրկին սպորտով զբաղվել, ու ծանրամարտն ընտրեց, բայց այս տարիների ընթացքում իրեն ամբողջովին սպորտին ոչ մի կերպ չկարողացավ նվիրել, քանի որ դրան զուգահեռ՝ աշխատում էր, որպեսզի ընտանիքը պահի։
«Միգուցե չաշխատեի ու մենակ պարապեի` ավելի մեծ հաջողությունների՞ հասնեիգ Դե, գիտեք` սպորտսմենի ուտելիքը պետք ա տեղը լինի, ներվերը պետք ա հանգիստ լինեն, ուտես, քնես, պարապեսգ»,- ասում է Մարինեն։ Հիմա դեռ շաբաթը մի երկու անգամ գնում է մարզադահլիճ, վարձ չի մուծում, քանի որ միակ կին ներկայացուցիչն է սրահում, մարզիչն էլ, Մարինեի սոցիալական վիճակը հաշվի առնելով, գումար չի պահանջում, ասում է` ինչքան ուզում ես, արի ու պարապի։
Սպորտն է իրենց Երևան բերել, մինչ այս Արամուս գյուղում էին ապրում` Մարինեի ծնողների տանը։ Մարինեն բաժանվել է ամուսնուց 2007թ. ու մինչև վերջին տարիներն ապրում էր ծնողների հետ, բայց նրանք էլ ծեր ու վատառողջ են, չեն աշխատում ու նույնպես շատ վատ են ապրում։ Բացի այդ, տունը եղբորն է պատկանում, իսկ նա երբ հարբած էր լինում (ինչը շատ հաճախ էր պատահում)` քրոջը միշտ ասում էր.
«Էրեխեքիդ հավաքի ու գնա իմ տանից, ես պետք է այստեղ կին բերեմ ու ամուսնանամ»։ Եվ որպեսզի այդքան չգնան-գան և տրանպորտի գումար էլ չծախսեն, տեղափոխվեցին Երևան. «Մեկ ա` փողը տենց ավելի շատ էր գալու, դրա համար էլ ստեղ մնալն ավելի լավ ա»։
Մեծ տղան հիմա սպորտով չի զբաղվում, մոտակա ավտոտեխսպասարկման կետում է աշխատում. «Աշխատանք չես ասի, դեռ սովորում է, բայց վարպետն օրական մի 1000-1500 դրամ փող է տալիս, հաճախ լինում են օրեր, որ առանց փող է տուն վերադառնում»։ 13 տարեկան է, դպրոց էլ է հաճախում, բայց որոշել է` դուրս է գալու դպրոցից, ուզում է գյուղ գնալ, այնտեղ աշխատել ու մորն օգնել։ Մարինեն շատ ափսոսում է, որ տղան այլևս սպորտով չի զբաղվում. շատ ճկուն մարմին ունի, ու մի քանի անգամ էլ 1-ին տեղն է զբաղեցրել Հայաստանի դպրոցների մրցույթներում։
Մյուս տղան` Վազգենը, 11 տարեկան է, «կարմրաթուշիկ» է, շոկոլադ շատ է սիրում, ցիտրուսային մրգեր` նույնպես, բայց հենց դրանցից որևէ մեկը բերանն է առնում, այտերն ավելի են կարմրում, ու սկսում է վատ զգալ իրեն։ Երեք ամսականում նրա մոտ բրոնխիալ ասթմա հիվանդությունն են հայտնաբերել, ու մինչև հիմա դեռ շատ հաճախ է սուր վիճակներում հայտնվում։ Մի երկու դեղ է գնել Մարինեն` դրանք է տալիս երեխային, բժշկին դիմելու, հիվանդանոց պառկեցնելու գումար չունի։
Եթե Մարինեն մեծ տղային որպես մարզիկ է պատկերացնում, ապա փոքրը պետք է բժիշկ դառնա. վստահ է դրանում, կարծում է` մայրական ձայնը չի խաբի երբեք, փոքր տղան հաստատ բժիշկ է դառնալու։ Վազգենն էլ է համաձայն մայրիկի որոշման հետ, չնայած նա ինքն է որոշել` ընտրել բժշկությունը, որպեսզի հիվանդ մարդկանց փրկի, տատիկին էլ դեռ պետք է բուժի։
Երկու ամիս է` Մարինեն աշխատանք չունի, գրեթե ամբողջ կյանքն աշխատել է տարբեր տեղերում, բայց վերջին աշխատանքից ինքն իր կամքով է դուրս եկել։ Հինգ ամիս անվտանգության կետում էր աշխատում, մեկ ամբողջ օր մնում էր աշխատավայրում ու շատ չնչին աշխատավարձ էր ստանում, տանն էլ չէր լինում հաճախ։
Որոշեց դուրս գալ այդ աշխատանքից, հիմա ավելի հարմար աշխատանք է փնտրում։ Մինչ այդ էլ, մոտ 13 տարի, մատուցողուհի է աշխատել, բայց հիմա այդ աշխատանքն էլ չկա։ «20 հազար դրամ ալիմենտ եմ ստանում` 10-ը՝ մեծին, 10-ը` փոքրին, ու էլ ոչ մի օգնություն։ «Փարոս» էլ չեմ ստանում, դե, քանի որ ծնողներիս տան վրա գրանցված եմ, չեն տալիս, ասում են` Կոտայքի մարզից եք, քեզ չի հասնում. պետք ա առանձին «ծուխ» լինեմ։ Ստեղ էլ, որ գրանցված չեմ, չեն տալիս, հետաքրքրվել եմ»,- պատմում է Մարինեն։
Մարինեն նաև դհոլ է նվագում ու երգում է։ Շատ փոքր տարիքից է սկսել երաժշտությամբ զբաղվել, սպորտն ու երգը միշտ իրար ձեռք ձեռքի բռնած ուղեկցել են Մարինեին։ Հիմա նույնիսկ առիթներին` ծնունդ, կնունք, հարսանիք, հրավիրում են դհոլ նվագելու, մի երգիչ ծանոթ ունի, հենց գործ է լինում, կանչում է իր գործընկերուհուն։ Մարինեի հանդիսատեսն էլ միշտ զարմանում է ու հարցնում. «Էսքան լավ ես նվագում ու նորմալ աշխատանք չունե՞ս»։
Մարինեն ամենևին չի կարծում, որ մեծ է արդեն սպորտով զբաղվելու համար. 31 տարեկան է ու իրեն շատ երիտասարդ ու մարզված է համարում, տղաներին էլ ուզում է սպորտում տեսնել, իսկ մեծ տղային չեմպիոնի դերում է միշտ պատկերացնում։ Հիմա մի ցանկություն ունի, շատ մեծ ցանկություն. «Մի փոքր հողատարածք, դոմիկ, որ իմ 2 էրեխեքի հետ ապրեմ, որ վարձ չտամ, որ ես իմ էրեխեքին ներդնեմ սպորտի մեջ, ես էլ վերադառնամ սպորտ, այնպես էլ չի, որ ասեմ` մեծ եմ, տարիքս չի ներում, դեռ «ուսպեխներ» ունեմ»։
Լուսանկարները` հեղինակի