
2014 թվականին «Աէրոֆլոտի» կրած մաքուր վնասը կազմել է ավելի քան 17 միլիարդ ռուբլի

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին «Աէրոֆլոտ» խմբի կրած մաքուր վնասը կազմել է 17.15 միլիարդ ռուբլի: Այս մասին նշված է ընկերության տարածած հայտարարությունում: Դրանում հիշեցվում է, որ 2013 թվականն ընկերության համար ավարտվել էր 7.34 միլիարդ ռուբլի շահույթով:
Ընկերության հասույթը նախորդ տարի աճել է 9.9 տոկոսով՝ հասնելով մինչև 319.77 միլիարդ ռուբլու (դրա նախորդ տարում այդ ցուցանիշը կազմել է 290.96 միլիարդ ռուբլի): 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության ընդհանուր պարտքը կազմել է 174.3 միլիարդ ռուբլի:
Մինչդեռ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին այն կազմել է 86.59 միլիարդ ռուբլի: Պարտքի աճը գերազանցապես կապված է ֆինանսական վարձակալության պայմանագրերով ստանձնած պարտավորությունների մեծացման, ռուբլու փոխարժեքի անկման հետ: