Ինչ եղավ, երբ էլեկտրոնային սիգարետները փորձարկեցին մկների վրա

Վերջին 5 տարիների ընթացքում էլեկտրոնային սիգարետները մեծ տարածում են գտել բնակչության շրջանում: Պատճառներից մեկն այն է, որ թվում է՝ էլեկտրոնային սիգարետներն ավանդական ծխախոտի անվտանգ այլընտրանքն են, մինչդեռ մարդկանց առողջության վրա դրանց ազդեցությունը դեռևս բավարար ուսումնասիրված չէ:

Ջոն Հոպկինսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ էլեկտրոնային սիգարետները վնաս են հասցնում մկներին: Գոլորշու ներշնչումը լրջորեն խաթարում է իմունային համակարգի աշխատանքը և թուլացնում է վիրուսային ու բակտերիալ վարակների դեմ պայքարելու՝ թոքերի կարողությունը:

Կատարված գիտափորձի ընթացքում մկներին բաժանել են երկու խմբի: Առաջին խումբը երկու շաբաթ շնչել է մաքուր օդ, իսկ մյուս խումբը՝ էլեկտրոնային սիգարետների ծուխ:

Այնուհետև մկներին վարակել են գրիպի վիրուսով և պնևմոկոկերով, որոնք թոքերի բորբոքում են առաջացնում: Էլեկտրոնային սիգարետների գոլորշի ներշնչած մկները չէին կարողանում պայքարել վարակի դեմ, ավելի ուշ էին առողջանում:

Կարդացեք նաև

Դրանց մոտ հիվանդությունն ավելի ծանր էր ընթանում, և նկատվում էր քաշի խիստ անկում: «Ծխող» մկների շրջանում մահացությունը երկու անգամ ավելի բարձր էր:

elektrakan sigaret (2)

Այսպիսի վնասակար ազդեցության պատճառներից մեկն էլեկտրոնային սիգարետների գոլորշու մեջ ազատ ռադիկալների բարձր պարունակությունն է: Սովորաբար դրանք մեծ քանակությամբ առկա են ծխախոտի ծխի մեջ և առաջանում են այրման պրոցեսի արդյունքում: Մինչդեռ պարզվեց, որ նույնիսկ արոմատիկ հեղուկի տաքացումը բավարար է ազատ ռադիկալների առաջացման համար:

Այնուամենայնիվ, գոլորշու մեջ դրանց պարունակությունը շատ ավելի քիչ էր, քան ծխախոտի ծխի մեջ: Մարդու օրգանիզմում կա բնական հավասարակշռություն հակաօքսիդանտների և ազատ ռադիկալների միջև: Բալանսի խախտման հետևանքով զարգանում է օքսիդատիվ սթրես, որը կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների առաջացման՝ քաղցկեղային հիվանդություններից մինչև Պարկինսոնի հիվանդություն:
Վնասակար ազդեցության մյուս պատճառը կարող է լինել պրոպիլենգլիկոլը, որն ավելացվում է էլեկտրոնային սիգարետների մեջ՝ գոլորշի ստեղծելու համար:

Այն օգտագործվում է ծխի գեներատորներում (օրինակ՝ երշիկների ծխահարման ժամանակ): Այս ոլորտում աշխատող մարդկանց մոտ հաճախ առաջանում են թոքերի հետ կապված խնդիրներ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՊԱՐԳԵՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Աղբյուրը՝ journals.plos.org

 

Տեսանյութեր

Լրահոս