«Հայաստանը կարող է լինել օրգանիկ պարարտանյութեր արտադրող երկիր, ոչ թե՝ ներկրող»

Գյուղատնտեսության մեջ օգտագործվող քիմիական պարարտանյութերը, ըստ «Արմեն Բիոթեք» ընկերության տնօրեն Վահիկ Նաիրյանի, պետք է փոխարինել օրգանական և կենսաբանական պարարտանյութերով, քանի որ վերջիններս անհամեմատ անվտանգ են թե՛ շրջապատող միջավայրի, թե՛ էկոլոգիապես մաքուր սննդի արտադրության առումով:

«Արմեն Բիոթեք» ընկերությունն արդեն արտադրել է 3 օրգանական պարարտանյութ, որոնք միայն ֆոսֆոր են պարունակում, դրանք, Վ. Նաիրյանի խոսքով, առհասարակ ապահովում են ազոտ և ֆոսֆոր բույսերի համար, այն, ինչ անհրաժեշտ է բույսերին: Դրանք օգտագործվում են թե՛ արմատային, թե՛ տերևային սնուցման համար, և արդյունքում արտադրանքը լինում է ամբողջովին օրգանիկ՝ ոչ քիմիական:

«Մենք այս գործընթացը սկսել են 2013 թվականից, հասանք աշնանացանին, և 2014թ. ընդհանուր սեզոնն օգտագործելուց հետո (օգտագործել ենք տարբեր գյուղական տարածքներում՝ այգիներ, արտեր, ջերմոցներ…) ունեցանք բավականին լավ արդյունքներ, բոլորը գոհ են եղել: Սա ցույց է տալիս, որ հիմա արդեն կարող են մեզ դիմել՝ մեր արտադրած նյութերը գնելու համար» ,- ասում է «Արմեն Բիոթեք» ընկերության տնօրենը:

Վահիկ Նաիրյանն ասուլիսի ընթացքում ներկայացրեց 3 պարարտանյութերն ու ընդգծեց դրանց առավելությունները: Նրա խոսքով՝ Ֆոսֆազոտը պարունակում է 100 կգ կարբամիտ և 50 կգ սուպեր ֆոսֆատ, այն ընդունակ է ապահովելու բույսի համար և՛ ֆոսֆորը, և՛ ազոտը: «Այսինքն՝ 3 պարկ է, և քանի որ տարրան փոքր է՝ չափը և ձև փոքր են երևում, ոչ ոք չի կարողանում ընկալել, որ դա կարող է նույն արդյունքը տալ»,- ասում է Վ. Նաիրյանը:

Vahik Nairyan1

Ալքազոտ Փլասը 100-150 կգ կարբամիտ է պարունակում, և օգտագործվում է տերևի սնուցման համար, այսինքն՝ տերևի վրա սրսկելուց հետո այն օդի եղած անսահման ազոտը կլանում է և փոխանցում բույսին:

Թվով վերջին արտադրված պարարտանյութը՝ Ֆոսֆոարմը, որը 2014թ. են արտադրել, պարունակում է 30 կգ սուպերֆոսֆատ. այն ֆոսֆազոլ և ֆիտազ ֆերմենտներ արտադրելով, բարձրացնում է հողում և բույսի տերևի մակերեսին առկա չլուծված ֆոսֆատների լուծման մակարդակը՝ այդ կերպ նպաստելով բույսի համար ավելի շատ ֆոսֆատի ապահովմանը:

«Արմեն Բիոթեք» ընկերության տնօրենը նաև տեղեկացրեց, որ իրենց նոր արտադրանքը ներկայացրել են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարությանըը, լսել են դրական խոսքեր, բայց դեռևս հստակ պատասխան չեն ստացել: «Շատ լավ մեզ ընդունեցին Գյուղատնտեսության նախարարությունում, հանձնարարություններ տվեցին, բայց դրանից հետո, չգիտեմ՝ ինչ-պատճառներով, ոչ ոք էլ մեզ հետ չի կապվել և ոչ մի արդյունք չենք ստացել: Վարչապետն էլ էր շատ հուզված աշնանը մեր կազմակերպած ցուցահանդեսին, շատ հիացած էր, բայց նա էլ կրկին հանձնարարություն տվեց ու հետո էլի ոչ ոք մեզ չհիշեց»,- պատմում է Վահիկ Նաիրյանը:

Վահիկ Նաիրյանն այսօր կարծում է, որ այս արտադրանքը ներկայացնելով Հայաստանը կարող է լինել օրգանիկ պարարտանյութեր արտադրող երկիր, ոչ թե՝ պարարտանյութեր ներկրող: Նա նաև նշեց՝ իրենք երբևէ որևէ մեկին նյութական պահանաջներ չեն ներկայացրել, պարզապես խնդրել են՝ աջակցություն, ու նաև օգնություն՝ փորձնական նմուշներն իրագործելու համար: Շատերն են այսօր արդեն օգվել այս արտադրանքից, և Վահիկ Նաիրյանի խոսքով՝ շատ գոհ են եղել:

Լուսանկարները՝ հեղինակի

Տեսանյութեր

Լրահոս