«Թիմային աշխատանքը երբեմն ենթադրում է նաև կողքի դնել սեփական սկզբունքները՝ հանուն հանընդհանուր շահի»
Հարցազրույց «Ֆորպոստարտ» ընկերության երևանյան գրասենյակի տնօրեն
Մարիա Ղուկասյանի հետ
– Մարիա, ինչպե՞ս ստացվեց, որ այսքան երիտասարդ լինելով` արդեն հասցրել եք լինել հայտնի արտիստների` Ֆլորա Մարտիրոսյանի, Ստաս Միխայլովի, Իրինա Ալեգրովայի, Մաքսիմ Գալկինի մասնակցությամբ մեծամասշտաբ համերգների համակազմակերպիչը:
– Մանկուց իմ մեջ զգացել եմ կազմակերպչական ձիրք և մեծ հետաքրքրություն արվեստի և շոու-բիզնեսի հանդեպ: Դեռևս երեխա ժամանակ մեծ ոգևորությամբ բակային ճամբարներ էի կազմակերպում: Մասնագիտությամբ հեռուստալրագրող եմ: Բացի մասնագիտական կրթությունից, շատ այլ ոլորտներում եմ գտել իմ հետաքրքրությունը և ձգտել սովորել նորը: Թերևս, միակ ոլորտը, որտեղ ինձ երբեք չեմ տեսնում` քաղաքականությունն է: Նախընտրում էի գեղեցիկի հետ առնչվել` շքեղ արտասահմանյան շոու-բիզնեսից` մինչև անհատ արվեստի գործիչներ:
Գումար ու ժամանակ չէի խնայում այդ ամենին թեկուզ կողքից հետևելու համար: Այն ժամանակ ինտերնետը մեզ հասանելի չէր, և ես ագահորեն օգտվում էի արտասահմանյան ամսագրերից: Գտնում էի ծանոթի ծանոթ, ում միջոցով արտերկրից կարող էի իմ նախընտրած ամսագրերը պատվիրել: Դրանցից շատերը մինչ օրս պահում եմ:
– Գիտեմ, որ առնչություն եք ունեցել նաև բարեգործական ծրագրերի հետ:
– Այո, դա իմ աշխատանքային ուղու մի մասն է եղել: Մի քանի տարի ղեկավարել եմ բարեգործական հիմնադրամ, որի ջանքերն ուղղված էին սոցիալապես անապահով ընտանիքների հոգսը թեթևացնելուն: Բացի կազմակերպչական ձիրքից, այդ աշխատանքում որոշակի հոգեբանություն էր պահանջվում: Երբ առաջին օրը ծանոթացա գործառույթներիս, ինքս ինձ հարց տվեցի` արդյոք կարո՞ղ եմ: Լինելով շատ զգայուն մարդ` հասկանում էի, որ յուրաքանչյուրի ցավը կարող եմ իմ երակներով անցկացնել, և դա շատ դեպքերում կարող էր խանգարել: Բայց, ինչպես ասում են, երբեմն նպատակը մեզ ուղղորդում է. սովորեցի անհրաժեշտության դեպքում կողքի դնել զգայականը և գործել բանականությամբ:
– Ինչպե՞ս ծանոթացաք Ֆլորա Մարտիրոսյանի հետ:
– Հիմնադրամի գործունեության շրջանակներում կազմակերպում էինք նաև բարեգործական համերգներ: Նման միջոցառումներից մեկի ընթացքում էլ ծանոթացա երջանկահիշատակ Ֆլորա Մարտիրոսյանի հետ… Մանկուց ծանոթ եմ եղել նրա արվեստին, քանի որ տատիկս հաճախ էր դրանք կիսաձայն երգում: Իսկ երբ առաջարկ եղավ աջակցել երգչուհու երևանյան համերգի կազմակերպչական գործերին, պատասխանը միանշանակ դրական էր:
– Ինչպե՞ս պատահեց, որ տիկին Ֆլորան, տարիներ առաջ, Ձեզ` տակավին երիտասարդ մի աղջկա, վստահեց Գյումրիում կայանալիք իր համերգի կազմակերպումը: Այն էլ` ամերիկյան իր մեծ համերգից հետո:
– Գյումրիում համերգ կազմակերպելու առաջարկը ստացել եմ նրա գործակալներից մեկից, և սկզբնական շրջանում մեր շփումը հեռակա էր, բայց քանի որ դա Ֆլորա Մարտիրոսյանն էր, երկար չվարանեցի: Մի քանի ժամ անց ես արդեն Գյումրիում էի… Պատկերացրեք, չճանաչելով տիկին Ֆլորային անձամբ, պատկերացում չունեի նրա նախասիրությունների և աշխատաոճի վերաբերյալ: Չնայած այդ որոշակի անվստահությանս, այնուամենայնիվ, կարողացա կատարել ինձ վստահված աշխատանքը և գոհացնել երգչուհուն: Մեր առաջին հանդիպումն օդանավակայանում էր. նա զարմացել էր, որ այդ Մարին այսքան երիտասարդ է և առանց նշանակալից աշխատանքային փորձի: Կարճ զրույցից հետո հասկացանք, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի, կար փոխադարձ համակրանք:
– Համերգների կազմակերպումից ի՞նչ հաճույք եք ստանում, եթե ոչ` միայն նյարդային լարվածություն:
– Անկեղծ, ես սիրում եմ ծավալուն գործեր ձեռնարկել: Եվ երբ կարողանում եմ այդ գործը հաջողությամբ ավարտին հասցնել, ոչ միայն մեծ բավականություն եմ ստանում, այլև էներգիայի մեծ պաշար: Կան համերգներ, որոնց ընթացքը` պայմանագրի սևագիր տարբերակից` մինչև համերգին հաջորդող երեկույթից հետո հնչող վերջին «Բարի գիշերը», հաճույքով ու եռանդով եմ լցվում: Բայց կա նաև հակապատկերը` համերգներ, երբ վայրկյաններն եմ հաշվում, թե երբ կավարտվի:
– Որտեղի՞ց Ձեզ բնավորության գիծ հանդիսացող համառությունը:
– Դաստիարակությունը մեծ նշանակություն ունի: Բայց ինձ չեն ասել, թե` սա կարելի է, սա` ոչ: Պարզապես ինձ տվել են ազատություն և հնարավորություն` իմ կարողություններն իրագործելու համար: Չի եղել ճանապարհ հարթելու, թաթիկը բռնած առաջ տանելու սկզբունք: Եղել է զուտ ընտրության հնարավորությունը: Եվ դա ազատությունն է: Իսկ կյանքի ընթացքում համառություն դրսևորելուց առաջ շատ կարևոր է նախ` ինքդ քեզ ճանաչելը, որպեսզի ճիշտ պատկերացնես քո ուժերի սահմանագիծը:
– Ինչպե՞ս ծանոթացաք Forpostart ընկերության հիմնադիր և պրոդյուսեր Զառա Մխեյանի հետ:
– Զառայի հետ ցանոթացել ենք Ֆլորա Մարտիրոսյանի համերգային շրջագայություններից մեկի ընթացքում: Իսկ երբ ամիսներ անց Forpostart ընկերության հիմնադիր Զառա Մխեյանը պատրաստվում էր Երևանում կազմակերպել Ստաս Միխայլովի և Իրինա Ալեգրովայի համերգները, նրանից համագործակցության առաջարկ ստացա:
– Դուք ընտրել եք մի ոլորտ, որտեղ, առավել քան հաճախ, կոմպրոմիսների, զիջումների գնալու կարիք կա: Դուք զբաղեցնում եք տնօրենի պաշտոնը, սակայն ընկերության հիմնադիրն ու ղեկավարը Զառա Մխեյանն է: Ընկերությունն իր հերթին` համագործակցում է ճանաչված երգիչ-երգչուհիների հետ: Իսկ այդ բնագավառի «բնակիչները», մեղմ ասած, եսակենտրոն և կամակորությունների սիրահար են: Այսինքն` Ձեր գործում մշտապես մարդկային գործոնի հետ եք առնչվում: Հաճախ ստիպված եք լինում հանդուրժել, լռել և լսել` նույնիսկ ամենաանհեթեթ «մտքերը»գ Ահա այդ կոմպրոմիսային իրականության մեջ Դուք Ձեզ հաճա՞խ եք «դավաճանում», հանդուժելով այդ ամենը` կոտրում Ձեր իրական ես-ը:
– Առհասարակ, եթե քո աշխատանքը ենթադրում է շփում այլ մարդկանց հետ, պետք է լինել թիմային խաղացող և կարողանալ հաշվի նստել տարբեր կարծիքների ու տեսակետների հետ: Թիմային աշխատանքը երբեմն ենթադրում է նաև կողքի դնել սեփական սկզբունքները` հանուն համընդհանուր շահի: Իսկ երբ թիմն ունի լիդեր, ով ունակ է ճիշտ որոշումներ կայացնել, սովորում ես նաև վստահել նրան:
– Այսինքն, երբ կա նպատակ, կարելի է և համակերպվել, գնալ զիջումների, նույնիսկ, եթե համամի՞տ չեք:
– Ես այդ ամենի շուրջ շատ եմ մտածել` ինչպե՞ս է պետք ապրել, որ ճանապարհին դեմ չգնաս սեփական սկզբունքներիդ: Եթե դու անհատականություն ես, դու արդեն ունես քո ներսում ձևավորված սևի և սպիտակի, ճշտի և սխալի մասին պատկերացումներդ: Պարզապես պետք է կարողանալ իրերին նայել նաև թիմակցիդ աչքերով:
– Աշխատանքի մեջ ընտրել եք մի այնպիսի ոլորտ, որը պահանջում է օրվա 24 ժամից` առնվազն 25-ը: Լարվածության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է. այնքան շատ է: Այդ ամենը չի՞ խանգարում անձնական կյանքը դասավորելու հարցում: Կա՞ տղամարդ, ով կհամաձայնի Ձեր կյանքի տեմպին:
– Կարևոր է` այն ժամանակը, որ տալիս ես աշխատանքիդ, լինի արդյունավետ: Դա կլինի 2 թե 22 ժամ, արդեն էական չէ: Ցանկության դեպքում կարող ես ունենալ անձնական կյանք: Իսկ նա, ով իմ կողքին պետք է լինի, գուցե իրերի դասավորությունը փոխի…
– Խոսենք մարտին կայանալիք` Իրինա Ալեգրովայի, և մայիսին կայանալիք` Սոսո Պավլիաշվիլի, Անչոկ և Նարի Հարությունյան համերգների տոմսերի գների շուրջ առաջացած մեկնաբանությունների մասին: Ի՞նչ իրարանցում է տեղի ունենում համացանցում` տոմսերի գների վերաբերյալ:
– Ես հանգիստ եմ վերաբերվում ցանկացած մեկնաբանության, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի կարծիք հայտնել: Չմեկնաբանելով տոմսերի գնագոյացման քաղաքականությունը, նշեմ, որ ընդհանուր թվով տոմսերի մեծ մասը մատչելի գներով են: Թանկ տոմսերն ընդամենը 20 տոկոս են կազմում: Իսկ այն մեկնաբանություններին, թե մեր ազգի մի մեծ հատված չի կարող իրեն թույլ տալ 6000 դրամ վճարել, ասեմ, որ այդ հատվածն առհասարակ չի էլ մտածում համերգների մասին: Միշտ ձգտում ենք այնպես անել, որ հնարավորինս մեծ թվով հանդիսատես կարողանա իրեն թույլ տալ ներկա լինել համերգներին: Այս պահի դրությամբ էլ դեռ կան մատչելի տոմսեր, և իրենց սիրելի երգչին կամ երգչուհուն ունկնդրել ցանկացողները կարող են ապահովել իրենց տեղը դահլիճում: