Արմեն Հարությունյան. «Ես իշխանությունների և երկրի հետ արդեն 5 տարի է՝ կապ չունեմ… ՀՀ վերադառնալու նպատակ էլ չունեմ»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլում քիչ առաջ ավարտվեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի հարցազրույցը։

Լրագրողների դիտարկմանը, որ դեռ նախորդ մրցույթից նա համարվում է իշխանությունների հիմնական թեկնածուն, Արմեն Հարությունյանն այսպես արձագանքեց. «Այս մրցույթին բոլորն էլ նորից մասնակցում են, ինչքան գիտեմ, ովքեր նախորդում եղել են։ Դա ձեր մոտեցումն է՝ ես իշխանության ներկայացուցիչն եմ, թե չէ։ Ես իշխանությունների հետ և երկրի հետ արդեն 5 տարի է՝ կապ չունեմ։ Եվ ասեմ ձեզ նաև՝ անկախ նրանից՝ ես կընտրվեմ, թե կմնամ ՄԱԿ-ում, ես Հայաստան վերադառնալու որևէ նպատակ, մտադրություն չունեմ, և արդեն իմ ընտանիքի անդամներն էլ են մեկնում։ Այնպես որ՝ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»։ Հարցին, թե ինչո՞ւ է ցանկանում դառնալ ՄԻԵԴ դատավոր, Արմեն Հարությունյանը պատասխանեց, որ ինքն իրավաբան է և դա շատ բարձր պաշտոն է յուրաքանչյուր իրավաբանի համար։

Հարցին, թե ինչպես է գնահատում իր մրցակիցներին և հաղթանակը նման մրցակիցների առկայության պարագայում, Արմեն Հարությունյանը պատասխանեց, որ մասնակիցներից բոլորին չի ճանաչում, բայց ում ճանաչում է՝ նրանք տաղանդավոր են։

168.am-ի հարցին՝ որքանո՞վ կարող է մրցութային հանձնաժողովն օբյեկտիվ լինել, եթե հանձնաժողովի անդամներից մի քանիսի ենթակաները հավակնորդների ցանկում են, Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Դուք այստեղ այս հանձնաժողովում ունեք այն բոլոր մարդկանց, որոնք ի պաշտոնե առնչվում են այս գործի հետ, և այդ տեսակետից ինչու պետք է օբյեկտիվ չլինեն: Այսինքն՝ որոնք են այդ մարդիկ՝ արդարության մարմնավորումները, որ եթե նրանք լինեին, կարելի էր, ասենք, հավատալ, որ օբյեկտիվ է լինելու հանձնաժողովը»։

Կարդացեք նաև

Լրագրողների դիտարկմանը, որ ամեն դեպքում նրանց գնահատման արդյունքում կազմված ցուցակը չընդունվեց Եվրոպայի խորհրդի կողմից, Արմեն Հարությունյանն արձագանքեց, որ դա կապ չունի. «Եթե դուք ուսումնասիրեք՝ կտեսնեք, որ այն բանից հետո, երբ խորհրդատվական խումբը ստեղծվել է, նրանք բավական հաճախ են ետ ուղարկում։ Ուղարկման պատճառների դոմինանտներից մեկն էլ նա է, որ թեկնածուները պետք է հավասար մակարդակի լինեն։ Եթե նրանք տեսնում են, որ նրանք հավասար մակարդակի չեն, նրանք ետ են ուղարկում։ Այնպես որ՝ սա ինչ-որ եզակի բան չէ, որ եղավ Հայաստանի դեպքում, գնալով խստացնում են այդ պահանջները։ Եվ այս խորհրդատվական խումբն էլ, որ ստեղծվել է, նա բավականին հաճախ է ուղարկում այդ գործերը։ Եթե դուք նայեք, Ուկրաինայի դեպքում 3 տարի չէին կարողանում դատավոր ընտրել, որովհետև նմանատիպ խնդիրներ էին առաջանում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս