Մե քեֆ, մե ուրախություն
Ո՞ւմ մտքով կանցներ, որ անցած շաբաթվա ամենահետաքրքիր տնտեսական տեղեկատվությունն ադրբեջանական էր լինելու: Արդեն մի շաբաթ է՝ մեր ԶԼՄ-ներն անդադրում տարածում են ադրբեջանական մանաթի գահավիժմանն առնչվող լուրերը: Տնտեսությամբ հետաքրքրվող ու չհետաքրքրվող ամեն մարդ գիտի, որ անցած շաբաթ ադրբեջանական վճարամիջոցն արժեզրկվեց:
Արժեզրկվեց ռեկորդային տեմպերով ու ռեկորդային ցուցանիշով՝ 33,86 տոկոսով: Մեր հարևաններն ամիսներ շարունակ հպարտանում էին, որ մանաթն ԱՊՀ տարածքի միակ վճարամիջոցն էր, որ հաջողությամբ խուսափում է արժեզրկումից: Փաստ, որ կատարյալ անբացատրելի էր: ՌԴ տնտեսության կրճատումն ու նավթի համաշխարհային գնանկումը վաղուց արդեն ոտքի տակ էր առել հայկական դրամն ու վրացական լարին: Այլ կերպ ասած` նավթային «թև-թիկունք» չունեցող դրամն ու լարին:
Այն, որ ադրբեջանական ֆինանսական կայունությունը տնտեսական հիմք չունի, հասկանալի էր բոլորին: Հետևաբար՝ չէր կարող անվերջ շարունակվել: Հատկապես, որ այդ երկիրը տարիներ շարունակ տարադրամի պաշարներն ապահովում էր նավթի ու գազի վաճառքով ու ՌԴ-ից փոխանցվող տրանֆերտների հաշվին: Ադրբեջանական վճարամիջոցի գործող նմուշները շրջանառության մեջ մտցվել են 2006թ. հունվարին:
1992թ. թողարկվող մանաթը հասցրել էր գերարժեզրկվել, և Ադրբեջանի իշխանությունները որոշեցին «վերարժևորել» մանաթը: ԱՄՆ մեկ դոլարի փոխարժեքը հավասարվել էր հինգ հազար մանաթի: Դենոմինացիան տեղի ունեցավ հինգ հազարը մեկի հարաբերությամբ: Այսինքն` նախկին հինգհազարանոց դրամանիշի փոխարեն` շրջանառության մեջ մտցվեց մեկ մանաթ: Հայտարարվեց, որ մեկ մանաթը համարժեք է մեկ ԱՄՆ դոլարին:
Անցած ութ տարիների ընթացքում ադրբեջանական իշխանությունները վարում էին իրենց վճարամիջոցի արժևորման քաղաքականություն: Նրանց, հավանաբար, դուր էր գալիս այն փաստը, որ իրենց վճարամիջոցը խորհրդային ռուբլու ցուցանիշ էր արձանագրում՝ մեկ դոլարն արժեր 78 ադրբեջանական կոպեկ: Այս երկրում 2014թ. ընթացող համաշխարհային տնտեսական գործընթացները լուրջ վերլուծության չենթարկվեցին: Վերջին տարիներին աննախադեպ աճել էին նավթի ու գազի արտահանումից ստացվող եկամուտներն ու ՌԴ-ից կատարվող տրանսֆերտները: 2000-ականների սկզբից Ադրբեջանը հայտարարում էր իրացվելիք բացառիկ ու թանկարժեք ծրագրերի մասին:
Մեկ խոսվում էր աշխարհի ամենաբարձր՝ մեկ կիլոմետրանոց շենքի շինարարության մասին, մեկ՝ Կասպից ծովում կառուցվելիք բազմամիլիոնանոց բնակչություն ունեցող նոր կղզի-քաղաքի մասին: Մյուս կողմից` թանկարժեք սպորտային ու մշակութային ծրագրեր էին իրականացվում: 2014-ն իր տնտեսական ցուցանիշներով չսթափեցրեց: 2015թ. ադրբեջանական պետական բյուջեն հաշվարկվել է նավթի մեկ բարելը 90 դոլար փոխարժեքով: Ավելին, անցած տարի այս երկրում ընդունվել է մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, որի հիմքում էլ են հաշվարկված չեղած նավթային եկամուտները:
Հետևաբար` ազգային վճարամիջոցի հետ կատարվածն անսպասելի էր: Նախորդ հանգստյան օրերին Ադրբեջանի բնակչությունը փորձում էր փրկել մեկ երրորդով արժեզրկվող խնայողությունները: Ինքնատիպ որևէ բան չկար՝ մարդիկ սկզբում փորձում էին տարադրամ գնել: Փետրվարի 23-ին ադրբեջանական բանկերը դադարեցին տարադրամ վաճառել: Բնակչությունը գրոհեց խանութների վրա: Գրոհի թիրախում կենցաղային տեխնիկայի խանութներն էին: Հետո դրանք էլ փակվեցին: Հայաստանից դժվար էր հետևել, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, որովհետև վերջին տարիներին իշխանությունները լուրջ վերահսկողություն են սահմանել լրատվամիջոցների վրա:
Մամուլը միայն պաշտոնական կամ իշխանությունների թույլատրած տեղեկատվություն է հրապարակում: Բայց այդ մասշտաբի ցնցումն անհետևանք չի կարող անցնել: Դա ակնհայտ է ու տրամաբանական: Փետրվարի 24-ին ֆինանսական համակարգի ցնցումները դարձան խորհրդարանական քննարկումների պատճառ: Հրապարակված կցկտուր տեղեկություններից ամենաազդեցիկը խորհրդարանի Տնտեսական հանձնաժողովի նախագահ Զիադա Սամիզադեի կանխատեսումն էր: Նրա կարծիքով, եթե պետությունը չվերանայի իր ծախսերը, ապա տարեվերջին բյուջեի դեֆիցիտը կկազմի 6-7 մլրդ դոլար: Իսկ փետրվարի 25-ին խոսեց Իլհամ Ալիևը: Խոսեց ու բացատրեց կատարվածը:
Պարզվում է, որ մանաթի արժեզրկումը կանխատեսված էր: Որովհետև չափազանց շատ էր արժևորվել, իսկ դա վնասում էր տնտեսության զարգացմանը: Ուստի պետք էր արժեզրկել: (Ելույթի այս հատվածը հար ու նման էր մեր ֆինանսական իշխանությունների փաստարկներին, երբ դրամի փոխարժեքը 300-ից դարձավ 360): Հետո հայտարարեց, որ ոչ ոք չի տուժել, որովհետև ինքն իր նախորդ ելույթում բնակչությանը տեղեկացրել էր կատարվելիքի մասին, և մարդիկ հասցրել էին էժանով տարադրամի փոխանակել իրենց խնայողությունները: Հետո խոսեց խուճապի, գնաճի ու սպեկուլյանտների մասին:
Խոստացավ, որ կպատժի ապրանքների գները թանկացնող գործարարներին: (Ասեք, որ ելույթի այս հատվածն էլ հար ու նման է մեր ֆինանսական իշխանությունների դեկտեմբերյան փաստարկներին, երբ դրամի կուրսը 410-ից դարձավ 480): Վերջում էլ բոլորին հիշեցրեց, որ մանաթը վերադարձել է իր՝ տնտեսական բարեփոխումները սկսելու պահին արձանագրված ցուցանիշին, և դա համարեց իր բարեփոխումների արձանագրած հաջողությունների ապացույց: Ահա այսպիսի նմանություն (կամ տարբերություն), որ արձանագրվեց ԱՊՀ անդամ բոլոր երկրներում` առանց բացառության: