Ով է նա, ով է նա
ՀՀ կառավարությունը շտապում է ամեն կերպ խթանել Հայաստանից արտահանման ծավալների կտրուկ աճն ու հրատապ` 48-ժամյա ռեժիմով Ազգային ժողովին է ներկայացրել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը,
որով 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 20%-ից նվազեցվում է 2%-ի:
Կառավարության նախագիծը երեկ վիճաբանության պատճառ դարձավ Ազգային ժողովում: Ընդդիմադիր պատգամավորները պնդեցին, որ այս արտոնությունը կնպաստի արտահանման մենաշնորհացմանը:
«Այս 48 ժամն ինչի՞ համար է, այսինքն` ունենք այդքան արտահանող, դրա համա՞ր ենք շտապում: Եթե մեկ ամիս հետո ընդունվի, ի՞նչ է փոխվում»,- տարակուսեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ բիզնեսը կախվածության մեջ է ընկնելու մեկ կամ երկու գրասենյակներից: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ սա դիտարկում են` որպես մենաշնորհացմանը, այս անգամ` արտաքին առևտրի մենաշնորհացմանն ուղղված քայլ, որ ապահովելու է գերշահույթներ ոմանց համար: «Արտահանման մոնոպոլիզացիա առաջին անգամ եմ լսում»,- զարմացավ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով` նման կարգի որոշումները ոչ թե առավելություն են տալիս մեկին, այլ սահմանափակում են մյուսներին. «Դեմ չենք արտոնությանը, բայց ինչո՞ւ դա չանել բոլորի նկատմամբ, կամ խելամիտ շեմ որոշելով: Ստացվում է, որ մյուսների պոտենցիալ շահույթը վերցնում են իրենց»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով` նման նախագիծն այս արագությամբ չի կարելի ընդունել. «Դահլիճն ընդամենն ասում է` թըփ-շըփ մի արեք»: «Որևէ թըփ-շըփի հարց չկա: Մեր հաջորդ լիագումար նիստը լինելու է մարտի վերջին: Մինչև նախագահն էլ ստորագրի, ուժի մեջ մտնի, մայիս-հունիս է ընկնում, իսկ գյուղատնտեսական արտահանումներն արդեն սկսված են լինելու: Մեր խնդիրը գյուղատնտեսական արտահանումներին նպաստելն է»,- փորձեց գործընկերներին համոզել ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու պնդեց, թե ոչ մի կարևորություն չկա, թե ով է արտահանող անձը:
«ԵՏՄ մտնելով` ասում էիք` լավ կլինի: Ես Ձեզ շատ եմ հարգում, տիկին Նաղդալյան, բայց Ձեր ասածը հակասում է տնտեսագիտությանը: Փոխեք կամ Ձեզ, կամ տնտեսագիտությունը»,- հակադարձեց Հ. Բագրատյանը:
Նաղդալյանն այնքան էր ոգևորվել, որ առանց ԱԺ նախագահի թույլտվության, իր հերթին` հակադարձեց Բագրատյանին ու արժանացավ Գալուստ Սահակյանի սաստող հայացքին ու հանդիմանանքին:
«Ես խնդրում եմ, բեսպրեդելի մի վերածեք»,- միջամտեց Գալուստ Սահակյանն ու վերջ դրեց վիճաբանությանը` բոլորին զրկելով ձայնի իրավունքից:
Ուշագրավ է, որ թեև Հ.Նաղդալյանն օրինագծի հրատապությունը պատճառաբանեց գյուղատնտեսության ոլորտի արտահանողներին աջակցելու ազնիվ մղումով, սակայն գյուղոլորտի ողջ արտադրանքը պահանջվող ծավալին չի էլ հասնում: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը` պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք նման կազմակերպություն, որ կարող է այդ ծավալի արտահանում իրականացնել, ասաց` «չկա, կլինի»: Նա հերքեց ընդդիմադիր պատգամավորների պնդումները, թե արտահանման մենաշնորհացում կարող է լինել:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ևս հերքեց Հ.Նաղդալյանի խոսքը` հայտարարելով, որ միայն գյուղմթերքով չեն կարող արտահանման այդքան ծավալ ապահովել: Նա ևս բացառեց մենաշնորհացման հնարավորությունը ու նշեց, որ թեև այսօր այդքան մեծ արտահանողներ չունենք, բայց կլինեն: Դիտարկմանը, որ, փաստորեն, օրենք է գրվել անորոշ մեկի համար, Ճշմարիտյանը հակադարձեց, թե այն բոլոր արտահանողների համար է ու բոլոր ոլորտներին է վերաբերում, բացի հանքարդյունաբերողներից:
Ուրեմն, եթե գյուղատնտեսությունը չէ, ապա ո՞ր ոլորտում է հնարավոր այս ծավալի արտահանում ապահովել:
Միանշանակ է, որ այս օրինագիծը չի ընդունվում լոկ այն հույսով, որ կհայտնվի մի բարի փերի-գործարար, որ մեծ գումարներ կներդնի, Հայաստանում արտադրություն կհիմնի ու 50 մլրդ դրամ արտահանում կիրականացնի: Ու որքան էլ պաշտոնյաները միանշանակ պնդեն, թե ամեն ինչ անում են միայն հայրենի տնտեսությունը զարգացնելու նպատակով, հստակ է, որ նրանք այսքան ջանք ու եռանդ են ներդնում որևէ հատուկ, կոնկրետ նպատակով, բայց առայժմ չեն բացում իրենց խաղաքարտերը: Իսկ երբ ի վերջո «լույս աշխարհ» գա այդ եզակին, ով կապահովի 50 մլրդ դրամի արտահանում, նրան կներկայացնեն` որպես կառավարության հաղթանակ, տքնաջան աշխատանքների արդյունք:
Սակայն, «168 Ժամի» տեղեկություններով, այդ հերոսն արդեն կա, և արտահանման այս արտոնությունը պարզապես բարի կամքի դրսևորում չէ: Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ ռուս կամ ռուսաստանաբնակ օլիգարխներից մեկի հետ արդեն որոշակի պայմանավորվածություն կա շինանյութերի բնագավառում ուժերը համախմբելու և արտահանումը 50 մլրդ դրամի հասցնելու շուրջ: Ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է ցեմենտի արտադրությանը:
Այսօր Հայաստանում կա ցեմենտ արտադրող երկու գործարան՝ Հրազդանինն ու Արարատցեմենտը: Այս երկուսն էլ այսօր մեծամասամբ պարապուրդի են մատնված՝ պահանջարկ չլինելու պատճառով: Եվ ահա, ռուսաստանցի գործարարը ստանձնելու է երկու գործարանի պայմանագրային կառավարումն ու ապահովելու դրանց արտադրանքի արտահանումը՝ ապահովելով կառավարության առաջադրած պահանջները: Իսկ դրա արդյունքում տնտեսված 8% շահույթի մի մասն էլ, թերևս, կջերմացնի Հայաստանի իշխանության գրպանները: