Բաց նամակ. Գլխավոր դատախազությո՞ւնն է հովանավորում վաշխառուների խմբին
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանից.
«Հարգելի պարոն Կոստանյան, «Վելես» հասարակական կազմակերպությունը վերջերս ամփոփեց իր գործունեության մեկ տարին և հետ հայացք գցելով մեր կատարած աշխատանքին, մենք եկանք այն եզրակացման, որ ամիսներ շարունակ մենք պայքարել ենք իրականում ոչ թե վաշխառուների և խարդախների խմբի, այլ նրանց հովանավորող՝ Դատախազության ներկայացուցիչների դեմ: Ավելին, առկա խնդիրների մասին փորձել ենք տեղեկացնել նաև անձամբ Ձեզ, սակայն Ձեր անտարբեր և անհաղորդ կեցվածքը մեզ մոտ կասկածներ առաջացրեց, որ վերոնշյալ խումբն իր հանցավոր գործունեությունը ծավալում է ՀՀ գլխավոր դատախազության հովանավորությամբ կամ անգործության շնորհիվ:
Եվ որպեսզի մեր հայտարարությունը մերկապարանոց չհնչի, ներկայացնենք մանրամասներ: Խոսքը վերաբերում է Հովհաննես Երիցյանի և Արտավազդ Այվազյանի մասին մի շարք քաղաքացիների բողոքներին, որոնց վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, սակայն կարճ ժամանակ անց կարճվել են, իսկ գործը վերահսկող դատախազները հաստատել են քրեական գործերի կարճման օրինականությունը:
Սակայն հետագայում, երբ այդ կարճման որոշումներից մեկը բողոքարկվել է դատարաններում, պարզվել է, որ քննիչը չի կատարել օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Տվյալ գործը վերադարձել է նախաքննության փուլ, և մենք լիահույս ենք, որ գոնե այս նամակի հրապարակումից հետո Դատախազությունը չի շարունակի աչք փակել կամ գուցեև հովանավորել մի քանի ընտանիքների կողմից վաշխառության մեջ մեղադրվող անձանց և պատճաշ կերպով վերահսկողություն կսահմանի նախաքննական մարմնի նկատմամբ:
Մեկ այլ գործով, Դատախազությունը դարձյալ աչք է փակել ոչ օբյեկտիվ և բազմակողմանի իրականացված քրեական գործի նկատմամբ, որը դարձյալ վերաբերում է վերոնշյալ զույգին: Այս պարագայում վերջիններիս կամքն իրականացնող (ամենևին՝ ոչ դատական ակտը, քանի որ նման ակտ գոյություն չունի) Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները բռնության էին ենթարկել անձամբ ինձ և 75-ամյա տարեց կնոջը՝ չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը ևս կարճվել է և կարճման օրինականությունը կրկին հաստատվել է ատախազության կողմից:
Ավելի, քան զարմանալի է, որ գործը ստուգող դատախազը չի նկատել, որ Հատուկ քննչական ծառայության քննիչը գործը կարճել է՝ առանց որևէ առերես հարցաքննություն իրականացնելու, թեև գործում բազմաթիվ են հակասությունները: Ավելին, դատախազն իբր չի նկատել, որ մի քանի անձանց տրված բացատրություններն ու ցուցմունքները գրված են մեկ անձի կողմից, ում թեթև ձեռքով էլ այս գործը փակվել է: Կարճման որոշումը ևս բողոքարկվում է դատարանում: Համոզված ենք, որ առաջիկայում այս գործով ևս կապացուցվի Դատախազության անգործությունը:
Եվս մեկ փաստ. Հովհաննես Երիցյաննն ու նրա շայկան սուտ մատնություն էին կատարել՝ ինձ կեղծ մեղադրանքներ առաջադրելով առանձնապես ծանր հանցագործության մեջ: Գործի քննության ընթացքում Հովհաննես Երիցյանը, բառիս բուն իմաստով, փախել է ինձ հետ առերես հարցաքննությունից և, փաստորեն, առանց առերես հարցաքննությունն ավարտելու՝ քննիչը գործը կարճել է, և արդեն երրորդ անգամ կարճման օրինականությունը հաստատվել է Դատախազության կողմից: Այս գործով ևս ընթանում է դատաքննություն:
Անկախ նրանից, թե դատարանում ինչ որոշումներ կկայացվեն, մեզ համար ակնհայտ է, որ Դատախազությունը շահագրգռված չէ Հովհաննես Երիցյան-Արտավազդ Այվազյան զույգին վերաբերող գործերով օբյեկտիվ և բազմակողմանի քննություն անցկացնելու մեջ, որի ընթացքում գուցե կբացահայտվեր նաև, թե նախկին պաշտոնյան ինչ ճանապարհով է կուտակել մի քանի միլիոն դոլարի հասնող կարողությունը:
Հարգելի պարոն Կոստանյան, հուսով ենք, որ Ձեր կարողություններն ու հեղինակությունը կբավականացնեն, որպեսզի Դուք անձամբ բացահայտեք, թե Ձեր գլխավորած կառույցում ովքեր են հովանավորում վերոնշյալ տխրահռչակ զույգին և ստվերում առանց այդ էլ վստահություն չներշնչող ՀՀ գլխավոր դատախազության համբավը: Հակառակ դեպքում՝ մենք կարող ենք օգնել Ձեզ այդ հարցում՝ տալով նաև կոնկրետ անձանց անուններ, ովքեր, հնարավոր է, որ գործում են Ձեր թիկունքում:
Հ.Գ. Պատրաստ ենք անձամբ Ձեզ ներկայացնել ինչպես՝ վերոնշյալ գործերի մասով, այնպես էլ՝ բազմաթիվ այլ դրվագներով՝ Դատախազության անգործությունն ապացուցող փաստեր և փաստաթղթեր»: