Համլետ Հարությունյանը՝ Զարուհի Փոստանջյանին. «Չի կարելի անձնական ամբիցիաները օգտագործել քաղաքական օրգազմ ապրելու համար»

Այսօր Ազգային ժողովը մերժեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին հայտարարությունը:

Հարցի քննարկման ժամանակ Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ անցած տարի դեկտեմբերի 2-ին Գալուստ Սահակյանը համաձայնեց աջակցել և պատրաստել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած այլ ազգերի ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն, բայց այժմ մերժում են եզդիների ցեղասպանությունը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունելով նախաձեռնությունը՝ նշեց, թե լուրջ ուսումնասիրության կարիք կա պատմաբանների հետ ու դեռևս ոչ մի փաստաթուղթ չեն կարողացել ձեռք բերել, որպեսզի հաստատի:

Արձանագրելով, թե ակնհայտ է, որ Աժ-ն հրաժարվում է ճանաչել եզդիների ցեղասպանությունը, Զ.Փոստանյանը նշեց, որ այնուամենայնիվ մի փոքր առաջընթաց է գրանցել՝ համաձայնելով ընդունել հույների, ասորիների ցեղասպանությունը: Ըստ Փոստանջյանի՝ կգա մի օր, կարող է այս խորհրդարանը չլինել, բայց կընդունվի նաև եզդիների ցեղասպանությունը:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ որևէ մեկը չի կարող չհամաձայնել դատապարելու մեր եզդի քույրերի ու եղբայրների ցեղասպանությունը, սակայն հարկավոր է ավելի հանգամանալից ուսումնասիրել ու հիմնավորված ներկայացնել հարցը: Նա հայտարարեց, թե դեմ է քվեարկելու, բայց պետք է ձևակերպումներ գտնել ոչ միայն եզդիների, այլ նաև Հոլոքոստի, Ռուանդայի ցեղասպանությունների մասին հայտարարություններ ընդունել:

Խաչատուր Քոքոբելյանը, տարաբնույթ ընկալումներից զերծ մնալու համար առաջարկեց երկու կողմին փոխհամաձայնության գալ, իսկ այս պահին նախագիծը հանել քվեարկությունից. «Շատ կարևոր փաստաթուղթ է և կարող է միջազգային խնդիր էլ առաջացնել»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե ոչ ոք կասկածի տակ չի դնում եզդի ժողովրդի ցեղասպանությունը, բայց ուսումնասիրված չեն այդ փաստերը:

ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը պնդեց, թե հարցը պետք է ցեղասպանագիտորեն քննարկել: Հայտարարելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը հայ պատմագիտական մտքի հսկաներից է, Ֆարմանյանն առաջարկեց փաստաթուղթն ուղարկել նրան ու կանխատեսեց, թե Հովհաննիսյանը 2 կնշանակի:

«Գործընկերային ժեստեր ենք անում, բայց չի կարելի այսպես»,- ասաց Ֆարմանյանը:

«Եթե Ձեր պատմագիտական մակարդակը պարոն Լիսկայի դոկտորական մակարդակի է, ես չեմ կիսում այդ մակարդակը: Եթե ասվում է, որ մինչև հիմա չի ուսումնասիրվել, ես չեմ ընդունում դա, որոհետև անկախության 21 տարիների ընթացքում պետք է հարցը ուսումնասիրվեր»,- Ֆարմանյանին հակադարձեց Զ.Փոստանջյանը:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ձայնը տվեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանին՝ հատուկ շեշտելով նրա պատմաբան լինելը: Վերջինս էլ հայտարարեց, թե չի կարելի անձնական ամբիցիաները օգտագործել քաղաքական օրգազմ ապրելու համար ու, քանի որ եզդի ազգի ցեղասպանությունը սահմանափակվում է մի կնոջ հիշողությամբ, չի կարելի սահմանափակվել ներկայացված հիմնավորումներով. «Հրեաների ու հայերի դեպքում 50 տարի էր պետք, որ միջազգայնորեն ճանաչելի լինի: Ոչ մի պատմական փաստ չի վկայում այդ ցեղասպանության մասին»:

ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի խոսքով՝ անցած շաբաթ հանձնաժողովում քննարկման ժամանակ նիստը վերածեցին ներկայացման, Փոստանջյանը բերել էր եզդիների և գծված ծրագիրն իրականացրին: Իսկ այդ ընթացքում, ըստ Եսայանի, Փոստանջյանի այտերն այրվում էին հուզմունքից ու լարվածությունից:

«Սիրելի Զարուհի, մի՛ արա էդ բանը, քեզ իզուր է թվում, թե դու ամենասրտացավն ես, մի արա դա»,- հորդորեց Եսայանը:

Ի վերջո, նախագիծը մերժվեց 9 կողմ, 6 դեմ և 66 ձեռնապահ ձայներով:

Տեսանյութեր

Լրահոս