Բաժիններ՝

«Գյումրվա դեպքերում ու Տող գյուղում կատարվածում նույն ձեռագիրն է»

asparez.am-ը զրուցել է գյումրեցի ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանի (Ծո Սամո) հետ

– Պարոն Բաղդասարյան, այսօր լրանում է գյումրեցի Ավետիսյանների սպանության 40 օրը, բայց մինչեւ այժմ հանրությունը գրեթե ոչնչից տեղյակ չէ, որեւէ ճշգրիտ տեղեկություն չի տրամադրվում այդ զազրելի հանցագործության մասին: Ռուսական կողմն ամեն ինչ, կարծես, գաղտնի է պահում: Ինչու՞:

– Շատ ցավալի դեպք եղավ մեր քաղաքում, ընտանիք զոհվեց՝ սկսած նորածնից, վերջացրած ամենամեծով: Դա փոքր եղեռն էր մեր քաղաքում: Ու շատ ցավալի է, որ այսօր, երբ մենք՝ հայերս, ռուսական հողում ինչ-որ հանցագործություն ենք անում, մեզ դատում են ռուսական օրենքներով, իսկ երբ ռուս զինվորը մեր հայրենի հողի վրա մի ամբողջ ընտանիք է սպանում, մտածում են՝ այնտեղ դատել, իրենց տարածքում, ու իրենց օրենքով: Ինչո՞ւ: Մենք ռուսների ստրո՞ւկն ենք:

1990 թվականին հենց խորհրդային բանակի ռուս զինվորները, անձամբ մեզ՝ 10 հոգու բռնել են հայկական ֆերման պահելու ժամանակ ու տարել, նստեցրել են Շուշիի բանտը, որն այն ժամանակ Ադրբեջանի ենթակայության տակ էր: Ղարաբաղում, Ստեփանակերտում այդ պատմությունը բոլորը գիտեն: Ինչ իրավունքով էին ռուսական պարեկները այդ տարիներին Ստեփանակերտում քեզ կանգնեցնում ու կնոջդ ներկայությամբ խուզարկում, նվաստացնում, իրենց վատ պահում: Եթե մենք փորձենք ռուսական հողի մեջ մեզ այդ ձեւով պահել, մեզ ի՞նչ կանեն: Բայց այսօրվա դրությամբ, մինչեւ հիմա այդ պերմյակովների մասին որեւէ հստակ տեղեկություն մեզ չի տրամադրվել:

– Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս սպանության հետեւում կանգնած: Ի՞նչ ենթադրություններ ունեք:

– Իմ կարծիքով, ռուսական շահից չի բխում այս ամենը: Ինչքան ես պատերազմական գործողություններից ծանոթ եմ զենքին, պատկերացնում եմ, որ ընդամենը 19 տարեկան զինվորը ի վիճակի չէր նման կրակոցներ իրականացներ ու հոգեպես այնքան հավասարակշիռ լիներ, որ չբռնվեր: Դա պետք է գիտակ մարդը արած լիներ, նման իրավիճակներին ծանոթ մարդը: Ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում զենքով մարդուն կրակել: Երբ առաջին անգամ ես կրակում, անկախ նրանից, թե քո թշանամին է, թե ոչ, քո ամբողջ կյանքում հիշում ես նրան, դա շատ ծանր է նստում քո վրա, սկզբի օրերին չես կարող տեղդ գտնել, իսկ ինքը այդ դաժան սպանությունները իրականացնելուց հետո ինչպես կարողացավ պահ մտնել, հավասարակշիռ պահել իրեն: Բազում հարցեր կան, որոնց պատասխանները չեմ գտնում: Միգուցե սա ձեւ էր, որ մենք՝ ազատամարտիկներս, կասկածեինք, թե մեր ընտանիքները մեր հայրենիքում ապահով չեն ու հարկ եղած դեպքում չթողնենք նրանց, գնանք Արցախ:

– Դուք Տող գյուղում ադրբեջանցիների կողմից հայ ընտանիքի սպանության մասին պատմեցիք: Ակամայից երբ համեմատում ես, տեսնում ես, որ նույն ձեռագիրն է:

– Կենդանի մարդիկ կան, որ տեսել են այդ դեպքը:  Ադրբեջանցիները մտան Տող գյուղ ու սպանեցին 5 հոգանոց ընտանիքին՝ հորը, մորը, տղային, հարսին, երեխային: Միայն մի երեխան էր կենդանի մնացել: Ու եթե մեր Գյումրվա դեպքերն ու Տող գյուղում կատարվածը իրար կողք դնես, համեմատես, կտեսնես, որ նույն ձեռագիրն է: Այ սա է հարցը, այ այստեղ է  թաղած շան գլուխը: Ավելի լավ չէ՞ մենք բաց պատերազմ ունենանք ու կռվենք այնքան, ինչքան կարող ենք: Պատմության ընթացքում երբ հայը իր հույսը իր վրա է դնում, կարողանում է ազատել իր բնօրրանը: Որ տարածքում հայերը զենք են վերցրել ու պաշտպանվել, այդ տարածքը փրկվել է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս