Բաժիններ՝

Լորա Բեյլի. «Դժբախտաբար, ես որևէ դրական անակնկալներ չեմ սպասում»

Հարցազրույց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի հետ

– Տիկին Բեյլի, կխնդրեի խոսեիք Հայաստանի` նախորդ տարվա տնտեսական իրավիճակի, ներկայիս զարգացումների և հեռանկարների մասին։

– Նախ անդրադառնանք նախորդ տարվան և դրանից մի 2 տարի առաջվան։ Վերջին 2 տարիներին արձանագրվել է տնտեսական աճի տեմպի դանդաղում` ի համեմատ այն ցուցանիշների, որ կային 2009թ. տնտեսական անկումից հետո։ Մեր հաշվարկներով` 2013թ. տնտեսական աճը կազմել է 3.5%։ Սակայն 2014թ., մեր գնահատականներով, տնտեսական աճի ցուցանիշը դանդաղել է մինչև 2.6%։ Մենք վերջնական ցուցանիշը կհրապարակենք մինչև մարտ, երբ հասանելի կլինեն արդեն նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների տվյալները։ Սակայն, դժբախտաբար, ես որևէ դրական անակնկալներ չեմ սպասում։

Այդ դանդաղումը մի շարք կառուցվածքային գործոնների արդյունք էր, որոնցից մեկն այն հանգամանքն է, որ ՀՀ-ից արտահանումը կախված է սահմանափակ թվով ապրանքատեսակներից։ Սակայն մյուս կողմից` իրենց ազդեցությունն են թողել նաև տարածաշրջանային և աշխարհում տեղի ունեցած զարգացումները, որոնցով պայմանավորված` ՀՀ-ն այսօր գործում է բավականին դժվարին և բարդ իրավիճակում։ Այսպիսով, արտահանումը տուժել է տարածաշրջանի տնտեսական աճի դանդաղման հետևանքով, որը պայմանավորված էր Ուկրաինայի ճգնաժամով, ինչպես նաև եվրոյի գոտում արձանագրված ստագնացիայով։ Սակայն մյուս հանգամանքը, որն իրոք ուղղակիորեն հարված հասցրեց Հայաստանի տնտեսությանը, ՌԴ-ի տնտեսության անկումն էր, որն իր հերթին` պայմանավորված էր ոչ միայն Ուկրաինայի ճգնաժամով, այլ նաև նավթի գների անկմամբ։ 2014թ. առաջին 11 ամիսների տվյալներով` այս ամենի հետևանքով Հայաստանից Ուկրաինա արտահանումը նվազեց 28%-ով: Սա մեծ անկում է։ Իսկ դեպի ՌԴ արտահանումը նվազեց 7%-ով։ Իսկ դեկտեմբերին, կարծում եմ, ցուցանիշներն ավելի վատն են եղել։ Սակայն, բացի այս ընդհանրական գլոբալ զարգացումներից` պետք է նաև ավելի մանրամասն անդրադառնալ տնտեսական վիճակի վրա ազդող գործոններին։

Օրինակ, ՀՀ-ից Բելգիա արտահանվում են հղկված ադամանդներ, ինչը, այսպես ասենք, ՀՀ-ի համար առանձնահատուկ նիշա (տարածք) է արտաքին առևտրի մեջ։ Եվ միայն անցյալ տարի ադամանդի արտահանումը նվազել է ավելի քան 55%-ով։ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական հարաբերությունները բարդ են և միայն առևտրով չեն սահմանափակվում։ Հայերն աշխատում են Ռուսաստանում և դրամական փոխանցումներ ուղարկում Հայաստան, որով աջակցում են ընտանիքներին, համայնքներին և ընդհանրապես ՀՀ բիզնեսներին։ Նոյեմբերի տվյալներով` դրամական փոխանցումները նվազել էին 10%-ով, սակայն կարծում եմ` անկման ցուցանիշն ավելի մեծ կլինի, երբ հրապարակվեն նաև դեկտեմբեր ամսվա տվյալները։ Խոսելով արտահանման մասին` նշեմ, որ Հայաստանից արտահանվող մետաղական հանքանյութերի, մասնավորապես, պղնձի արտահանման ծավալները նվազել են։

Ինչը մի կողմից՝ պայմանավորված է համաշխարհային շուկաներում պղնձի գնանկմամբ, մյուս կողմից` մի փաստով, որի մասին մենք հաճախ մոռանում ենք. որ շուկայում կան խոշոր գլոբալ խաղացողներ։ Առաջին հերթին` խոսքս վերաբերում է Չինաստանին։

Չինաստանն ավելի քան 2 տասնամյակ իրականացնում էր խոշորածավալ շինարարական աշխատանքներ։ Իսկ այդ շինարարական աշխատանքներում` ենթակառուցվածքներում, որպես կարևորագույն բաղադրիչ` օգտագործվում էր պղինձը, այդ իսկ պատճառով պղնձի գներն աճում էին։ Այսօր, չնայած այն հանգամանքին, որ Չինաստանի տնտեսությունը շարունակում է հզորանալ, այդ տնտեսության կառուցվածքում տեղի են ունենում որոշակի կառուցվածքային փոփոխություններ` ուղղվածությունը փոխվում է շինարարություններից դեպի սպասարկման կամ ծառայությունների ոլորտ։ Եվ դա մեզ համար բացասական ազդեցություն ունի։

Ամփոփելով այս ամենը` ուզում էի նշել նաև, որ տնտեսության մեջ արձանագրվող այս իրադարձություններն իրենց ազդեցությունն են ունենում առանձին տնտեսությունների կամ ընտանիքների վրա։ Ու դրա մասին վկայող կարևորագույն կետերից մեկն այն է, որ 2013թ., երբ ՀՀ-ի տնտեսությունը դեռ աճում էր, աղքատության մակարդակն ավելի բարձր էր, քան 2009թ. ճգնաժամից առաջ։ Սա նշանակում է, որ 2008-2013թթ. ընթացքում ՀՀ-ի տնտեսությունը ծանր հարված կրեց, հետո վերականգնվեց, սակայն աղքատության վիճակը չբարելավվեց։ 2008թ. աղքատության մակարդակը ՀՀ-ում, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով և Համաշխարհային բանկի գնահատականներով, 27.6% էր։

Մինչդեռ 2013թ., երբ տնտեսությունն արդեն վերականգնվել էր կրած վնասներից հետո, աղքատության մակարդակը 32% էր։ Այստեղ 2 կարևոր կետ կա, որոնք անհանգստության տեղիք են տալիս, և որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։ Կառավարության և գործարարների հետ մեր քննարկումների ժամանակ ուշադրություն ենք հրավիրում այն հարցի վրա, թե ինչ է անհրաժեշտ անել, ինչն է պետք փոխել, բարեփոխել` արագացնելու համար տնտեսական աճը։ Այնպիսի աճը, որը կախված չէ ՌԴ-ի տնտեսությունից կամ պղնձի նկատմամբ Չինաստանի առաջարկից։ Մյուս կողմից` ինչ պետք է անի կառավարությունը` աղքատ ընտանիքներին կամ համայնքներին պաշտպանելու համար։

– Կարո՞ղ ենք ակնկալել, որ Հայաստանի տնտեսական աճն այս տարի գոնե մոտ կլինի բյուջեով նախատեսված 4.2%-ին։

– Հաշվի առնելով ՌԴ-ում տեղի ունեցած զարգացումները, այդ կանխատեսումը, թերևս, լավատեսական է։ Իհարկե, կան տնտեսության որոշ հատվածներ, որոնք կարող են աճել այդ տեմպով կամ դրանից արագ։ Սակայն մյուս կողմից` այն կարևոր գործոնները, որոնց հետևանքով տնտեսական աճը դանդաղում է Եվրոպայում և ՌԴ-ում, այս տարվա ընթացքում կշարունակեն ուղեկցել մեզ։ 2014թ. հոկտեմբերին, երբ մենք հրապարակեցինք մեր վերջին գնահատականը` 2015թ. համար, մենք կանխատեսում էինք մոտավորապես 3%-անոց աճ (միգուցե մի փոքր բարձր կամ ցածր)։ Այս տարվա մարտին մենք կվերանայենք այդ կանխատեսումը։

Նույնն անելու է նաև Արժույթի միջազգային հիմնադրամը։ Ու թեպետ կոնկրետ ցուցանիշը պաշտոնապես դեռ կհայտարարենք, ամեն դեպքում, սպասում ենք, որ տնտեսական աճը 3%-ից ցածր կլինի։

– Փաստորեն, տնտեսական աճը կլինի բյուջեի հիմքում դրված 4.2%-ից ավելի ցածր: Հնարավոր համարո՞ւմ եք, որ բյուջեն վերանայվի նվազման ուղղությամբ։

– Այսպես ասեմ, ինձ համար շատ տպավորիչ էր այն արագությունը, որով ՀՀ-ի ղեկավարությունը մտածում էր այս հարցերի շուրջ։ Խոսքը վերաբերում է այս տարվա առաջին 6 շաբաթներին։ Այս պահին դժվար է հստակ ասել` ինչպիսի փոփոխություններ են պետք։ Սովորաբար մենք խորհուրդ ենք տալիս առաջին եռամսյակում սպասել։ Մանավանդ, որ հատկապես Հայաստանի պարագայում հունվարը շատ «քնած» ամիս է:

Այնպես որ, դեռևս չեմ կարող ասել, թե ինչպիսի փոփոխություններ կարող են լինել, բայց կարող եմ փաստել, որ թե՛ կառավարությունը, թե՛ ՀԲ-ն մոնիտորինգ են իրականացնում, և որոշ քայլեր կարող են արվել` անգամ մինչև բյուջեի վերանայումը (եթե նման վերանայում տեղի ունենա): Օրինակ, տարբեր ոլորտներում մենք ունենք շուրջ 15 ակտիվ ծրագրեր: Թե ՀՀ փոխվարչապետը` կառավարության անունից, թե՛ ես` ՀԲ-ի կողմից, դիմել ենք այդ ծրագրերն իրականացնող թիմերին և խնդրել, որ դրանց իրականացման տեմպերն արագացնեն։ Մենք չենք փոխում մեր ծրագրերի շեշտադրումները, չենք ասում, որ ՀՀ-ն պետք է լրացուցիչ միջոցներ ներգրավի վարկերի տեսքով, պարզապես փորձում ենք ավելի մեծ ակտիվություն, ավելի շատ ներդրումներ ապահովել այս տարվա ընթացքում։ Դրա համար բյուջեի ճշգրտում կամ վերանայում չի պահանջվում, սակայն դա կարող է դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա:

– Խոսեցիք արտահանման կառուցվածքի մասին։ Սակայն այդ խնդրի մասին երկար տարիներ խոսվում է։ Օրինակ` դեռ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2009թ. ճգնաժամից ի վեր խոսում էր արտահանումը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին։ Սակայն ոչինչ չի փոխվել։

– Չէի ասի, որ ոչինչ չի փոխվել: Երկրի տնտեսության զարգացմանը զուգահեռ, որպես կանոն, նկատվում է նաև արտահանվող ապրանքների տեսականու զարգացում, ընդլայնում: Դա ՀՀ-ում արդեն տեսել ենք: Որոշ երկրներ վատ ընտրություն են անում, որի հետևանքով էվոլյուցիոն պրոցեսը դադարում է, բայց ՀՀ-ն նման վատ ընտրություն չի կատարում: Սակայն մենք ուզում ենք` փոփոխությունը կամ դիվերսիֆիկացումն արագ տեղի ունենա, քան բնականոն ընթացքն է, որպեսզի փոքրանա կախվածությունն առանձին ապրանքատեսակներից: Այս դժվարին տարում ՀՀ-ն չպետք է կենտրոնանա ավանդական արտահանվող ապրանքատեսակների վրա:

Շարունակելով գիտակցել, որ դեռևս որոշ ժամանակ դրանք կարող են կարևոր մնալ` միևնույն ժամանակ` էներգիան և աջակցությունն անհրաժեշտ է կենտրոնացնել այն նորարարական ուղղությունների վրա, որոնք պակաս խոցելի են շուկաների ցնցումների նկատմամբ: Կոնկրետ ՀՀ-ի համար ավելացված արժեք ստեղծող այդ ուղղություններն են գյուղատնտեսությունը` ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսական արտադրանքը, և, իհարկե, գիտելիքահենք տնտեսությունը: Այս ոլորտները տալիս են այնպիսի արտադրանք, որ կարելի է վաճառել ամենուր:

Որակի առումով ՀՀ-ն ապացուցել է, որ առավելություն ունի այս ապրանքների պարագայում: Ռազմավարական տեսանկյունից` սա հնարավորություն կտա ՀՀ-ում աշխատատեղեր ստեղծել, փոխանակ հայերը ստիպված լինեն գնալ և աշխատանք փնտրել դրսում: Երկու դեպքում էլ աճի ներուժ կա` թե՛ դեպի Եվրոպա, Ռուսաստան, Հյուսիսային Ամերիկա, թե՛ Ասիա. Ասիան ավանդաբար չի համարվել արտահանման ուղղություն, բայց նման պոտենցիալ կա:

– Կառավարությունը վերջերս օրենսդրական արտոնություն տվեց խոշոր արտահանողներին` 20%-ի փոխարեն` սահմանելով 2% շահութահարկ։ Այս քայլը կարո՞ղ է նպաստել արտահանման ավելացմանը և արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացմանը։

– Տեսականորեն` այո: Մենք կառավարության հետ մեր քննարկումների ժամանակ էլ ընդգծում ենք, որ պետք է նկատի ունենալ մի հանգամանք` թե՛ խոշոր, թե՛ փոքր բիզնեսին առնչվող խթաններն ու ազդեցությունները մի շարք փոխկապակցված գործոնների արդյունք են։ Ինչ-որ առումով դա նման է բարդ կառուցվածք ունեցող մեքենայի, որի վրա եթե մի բան ես փոխում, կարող է ինչ-որ ուրիշ բան սխալ աշխատի:

Մենք կառավարության հետ սկսել ենք, և շարունակվում են մեր քննարկումները` ավելի ռազմավարական և բազմակողմանի հարկային օրենսգրքի ստեղծման շուրջ: Իհարկե, ուզում ենք, որ խոշոր արտահանողներն ավելի շատ արտահանում կատարեն, բայց մյուս կողմից` ուզում ենք, որ փոքր և միջին ձեռնարկությունները նույնպես մասնակցեն այդ գործընթացին, առողջ շահույթ ստանան և զարգանան: Եթե դիտարկում ենք այդ «բուրգը» ՀՀ-ում` խոշորից, միջինից մինչև փոքր բիզնես, ապա շատ աճելու տեղ ունեն հենց փոքր և միջին ձեռնարկությունները:

– Նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ ֆինանսական շուկան շոկ ապրեց` դրամի կտրուկ արժեզրկման պատճառով։ Ինչպե՞ս եք գնահատում Կենտրոնական բանկի արձագանքը։ Կարծիքներ կան, որ ԿԲ-ն խնդիրը ոչ թե լուծել է, այլ արհեստականորեն սառեցրել։

– Նախ՝ ասեմ, որ ՀԲ-ն սովորաբար դրամավարկային քաղաքականության վերաբերյալ դիտարկումներ չի ներկայացնում, որովհետև մեր «զարմիկները»` ԱՄՀ-ն, զբաղվում են դրանով, բայց կանդրադառնամ դրան: Շատ կարևոր է ըմբռնել այն փոխկապակցվածությունը, որն առկա է փոխարժեքի տատանումների և տնտեսության մյուս բաղադրիչների միջև: Ըստ էության, կա որոշակի սահման, որից հետո դրամավարկային քաղաքականությունը Կենտրոնական բանկին այլևս հնարավորություն չի տալիս բուֆերներ ստեղծել տնտեսական խոշոր փոփոխությունների հետևանքների դեմ: Կառավարության կամ ԿԲ-ի հետ մեր քննարկումների ժամանակ մենք փորձում ենք տարբերակել ժամանակավոր ցնցումները և կառուցվածքային փոփոխությունները:

Օրինակ, եթե դիտարկենք Ռումինիան, այդ երկրի բանկերից շատերը մասնակիորեն պատկանում են հունական բանկերին, և եթե Հունաստանում ցնցումներ են լինում, կարճատև, ցավոտ ցնցում է արձանագրվում նաև Ռումինիայում: Դրա ազդեցությունը հնարավոր է` զգացվի փոխարժեքի վրա, բանկերի վճարունակության վրա, սակայն կարևորն այն է, որ դա տեղի է ունենում ինչ-որ սահմանված ժամանակի ընթացքում: Սակայն, եթե գործ ունենք փոքր և բաց տնտեսություն ունեցող երկրի հետ, ինչպիսին Հայաստանն է, ապա վիճակն այլ է։

ՀՀ արժույթի վրա ազդեցություն են ունենում ինչպես՝ ՌԴ-ի, այնպես էլ` Եվրոպայի արժույթները, եվրոգոտու տնտեսությունների մեծ մասն աճ չի արձանագրում, ուստի եվրոն թույլ է, իսկ ՌԴ-ում լուրջ մարտահրավեր է առաջանում, որովհետև նավթի գինը նվազում է: Այսինքն, այն, ինչ որ տեղի ունեցավ, և ինչին ԿԲ-ն արձագանքեց, ոչ թե կարճաժամկետ ցնցում էր, այլ կառուցվածքային փոփոխություն: Մեր կարծիքով, 2014թ. դեկտեմբերին ԿԲ-ն և կառավարությունն իրենց ձեռքի տակ եղած գործիքների շրջանակում ամեն ինչ արեցին, որ իրավիճակը հանդարտվի` միևնույն ժամանակ` գիտակցելով, որ չեն կարող ամբողջովին մեկուսացնել դրամն այն զարգացումներից, որոնք առկա էին ռուբլու և դոլարի դեպքում: Ինձ համար նաև շատ տպավորիչ էին ուղերձները, որ տրվում էին թե՛ կառավարության, թե՛ ԿԲ-ի կողմից։ Որովհետև եղան որոշ օպորտունիստական երևույթներ, և տեսանք, թե գների հետ ինչ տեղի ունեցավ: Իհարկե, ներկրվող ապրանքների գները` փոխարժեքով պայմանավորված, պետք է փոփոխության ենթարկվեին:

Սակայն այն, ինչ մենք նկատեցինք խանութներում, բնականոն գնի ճշգրտում չէր, այլ գիշատիչ վարքագիծ: Նմանատիպ վարքագիծը տնտեսության և բնակչության համար չի կարող դրական լինել: Եվ մեզ համար շատ ուրախալի էր, որ պատասխանատու վարքագծի վերաբերյալ այդպիսի ուղերձներ եղան, ու բիզնես համայնքն էլ ականջալուր եղավ այդ ուղերձներին:

– Բանկերի խոշորացման մասի՞ն ինչ կասեք։ Նկատի ունեմ ԿԲ որոշումը, որով բանկերի նվազագույն կապիտալի չափը 5 միլիարդ դրամից դարձավ 30 միլիարդ։

– Իմ կարծիքով, սա կարևոր նախաձեռնություն էր: Ըստ էության, ԿԲ-ը չպարտադրեց, որ բանկերն ուղղակի միավորվեն, փոխարենը` պահանջեց բանկերից ավելացնել իրենց նվազագույն կապիտալի չափը։ Նման քայլի գնալով` ԿԲ-ն կարևորում է բանկային համակարգի առողջությունը։ Մեր կարծիքով` սա լավ քայլ է։ Չենք ասում, որ ԿԲ-ն կամ կառավարությունն իրավասու են թելադրել, թե որ բանկն ինչ պետք է անի: Այս պահին ունենք երկու տասնյակ առևտրային բանկ, բայց ոչ բոլոր են արդյունավետ աշխատում:

Կապիտալի նվազազագույն չափի բարձրացման արդյունքում` նրանց մի մասը, հնարավոր է` կամավոր որոշի միանալ մեկ այլ բանկի հետ։ Դրա արդյունքում` այդ բանկերն ավելի կուժեղանան և ավելի որակյալ ծառայություններ կմատուցեն հաճախորդներին: Իհարկե, փաստացի նման գործընթաց դեռևս տեղի չի ունեցել, սակայն նկատում ենք, որ արդեն ծավալվում են որոշակի քննարկումներ: Եվ դիվերսիֆիկացումը, որի մասին խոսում էինք, այս ամենի արդյունքում կարող է իրոք թափ առնել։

– Համաշխարհային բանկը երկար տարիներ միշտ ուշադրություն է հրավիրել Հայաստանում բիզնեսի ու քաղաքականության սերտաճման խնդրի վրա։ Գագիկ Ծառուկյանի հետ կապված վերջին իրադարձություններից դատելով` կարելի՞ է ասել, որ Հայաստանում այս առումով էլ առաջընթաց չկա, բիզնեսն ու քաղաքականությունը, հակառակը` ավելի են սերտաճել, ինչի հետևանքները տեսանք։

– Կարծում եմ` Հայաստանի համար սա մի մարտահրավեր է, որը պետք է լուծի` որպես ժողովրդավարական երկիր: Զարգացման բանկերը, ինչպիսին Համաշխարհային բանկն է, շատ թույլ են, երբ խոսքը վերաբերում է իրենց բնույթով զուտ քաղաքական խնդիրների լուծմանը։ Սակայն ձեր նշած քաղաքական տարրերից դուրս կան այլ ուղղություններ, որտեղ կարող ենք Հայաստանին օգնել առաջընթաց արձանագրել: Սա որևէ կերպ չի առնչվում առանձին կուսակցությունների կամ քաղաքական առաջնորդների միջև հարաբերություններին։ Այսինքն` կրկին վերադառնում ենք կառուցվածքային փոփոխություններին, ինչպիսին, օրինակ, հարկային օրենսգիրքն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս