Ծառուկյանը «царь и бог» չէ, որ ժամանակավորապես նահանջեց, մնացածը չեն պայքարելու. Կարախանյան
168.am-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը:
– Պարոն Կարախանյան, մի շարք փորձագետներ, այդ թվում՝ Դուք, պնդում էիք, որ Ծառուկյանը որոշում է կայացրել պայքարել ներկայիս իշխանությունների դեմ և դա կանի մինչև վերջ: Ծառուկյանի նահանջը Դուք ինչպե՞ս եք բացատրում:
– Իրավիճակը չափազանց պարզ է: Գործեց ուժային քրեաօլիգարխիկ կառույցը, որն էլ ներկայանում է՝ որպես իշխանություն: Մեթոդները, որոնք կիրառվում են` ահաբեկչությունը, ճնշումները, շանտաժն ու կոմպրոմատներն են: Սա՛ է ներկայիս իշխանության զինանոցում: Ուստի, երբ կշեռքի նժարին դրվում է արյունահեղությո՞ւն, թե՞ նահանջ, բնական է` մարդիկ գնում են տակտիկական նահանջի, չեն ցանկանում պատճառ դառնալ, որպեսզի քրեաօլիգարխիկ համակարգն իր կառույցներով պայքարը վերածի փողոցային արյունահեղությունների: Տրամաբանությունը սա է: Այստեղ ամեն ինչ կա, բացի քաղաքականությունից: Այնինչ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական ուժերն ու կուսակցությունները, քաղաքացիական հանրությունը: Անհատների նկատմամբ կիրառված ճնշումներով, իմ համոզմամբ, երկրում իրավիճակ չի փոխվում` աղքատությունը մնում է, տնտեսության անկումը` շարունակվում, արտագաղթը, մնացած բոլոր բացասական միտումները` ևս:
Ժողովուրդը հասել է մի կետի, որտեղից այն կողմ փոփոխություններ է ցանկանում: Այսինքն` քրեաօլիգարխիկ կառույցին պետք է դիմագրավի քաղաքացիական-քաղաքական պայքարը: Մի անհատ մարդու ճնշելը քաղաքականություն չէ, գոյություն ունեն կուսակցություններ, քաղաքական կառույցներ, մարդիկ կարող են գալ-գնալ, տակտիկական նկատառումներով նահանջներ կատարել` կշեռքի նժարին իրենց առջև դրված հարցերը հաշվի առնելով, բայց դա՝ առանձին մարդիկ: Իսկ քաղաքական կուսակցությունները շարունակելու են իրենց գործունեությունը, գնալու են առաջ, ետ չեն կանգնելու իշխանափոխության հիմնական սկզբունքից:
Անհատների նկատմամբ կոմպրոմատների պատերազմը, ճնշումները մերձավորների նկատմամբ՝ քաղաքական պայքար չէ, կուսակցությունները դուրս են եկել քաղաքական պայքարի և այն շարունակելու են: Եթե ԲՀԿ-ի մասին ենք խոսում, ապա այն, ինչից իշխանությունները վախենում էին՝ ժողովրդին ոտքի հանելն էր, դա արդեն կատարված է: Մի մարդ՝ այս կողմ, մի մարդ՝ այն կողմ, աննշան դերակատարություն է ունենալու: Իրենց կարծիքով` «царь и бог» էր, հիմա չկա, մնացածը չեն պայքարելու: Շատ ավելի լավ է, թող դաշտը մաքրվի, և դաշտում մնան քաղաքական կուսակցությունները, գործիչները և քաղաքական պայքարի ելած մարդիկ:
– Այսինքն` նաև Ծառուկյա՞նը դուրս գա քաղաքական պայքարից:
– Ոչ: Գագիկ Ծառուկյանը քաղաքական պայքարի էր դուրս եկել: Նա պարզապես ծանրութեթև արեց և գնաց տակտիկական նահանջի: Շնորհակալություն իշխանություններին՝ պարզապես ջուրը մաքրելու համար, իրենց դեմքը ցույց են տալիս, և ավելորդ զանգվածին հանում են քաղաքականությունից: Քաղաքականության մեջ պետք է մնան հասկացող, նորմալ մարդիկ, որոնք հստակ հարցեր կարող են դնել իշխանությունների առջև:
– ԲՀԿ-ն այլևս խաղից դուրս չէ՞, ըստ Ձեզ:
– Ոչ, դուրս չէ: ԲՀԿ-ն քաղաքական կուսակցություն է: ԲՀԿ-ից դուրս եկան և դուրս կգան այն մարդիկ, որոնք կողմնորոշվել էին իրենց անձնական և գրպանի շահի հարցում՝ քծնելով իշխանություններին: ԲՀԿ-ն այլ ճանապարհ չունի` կամ պետք է դառնա կուսակցություն, բազմիցս ասվել է, կամ կտարրալուծվի, կդառնա իշխանության կցորդ կամ ավելի վատ` կվերանա՝ դառնալով բիզնես պրոյեկտ, որը մշտապես խնդիր կունենա բոլոր արտաքին և ներքին ուժերի հետ:
– Պարոն Կարախանյան, բայց չէ ՞որ հիմնավոր տեսակետներ կան այն մասին, որ Ծառուկյանը ևս առաջնորդվեց ունեցվածքը չկորցնելու գաղափարով:
– Ես Ծառուկյանի փոխարեն պատասխան չեմ կարող տալ և ասել, թե նա ինչ մտածեց այս իրավիճակում, բայց Ծառուկյանը, մեր ունեցած տեղեկություններով, կշեռքի նժարին դրեց այն, որ իշխանությունները կգնան արյունահեղության, նա զգաց, որ արյան հոտ է գալիս: Նա պարզապես տակտիկական նահանջի ճանապարհը բռնեց: Սա է տեղի ունեցել:
– Մարտի 1-ին հանրահավաք է հայտարարվել: Այս ամեննից հետո, ըստ Ձեզ, ինչպե՞ս կընթանա իշխանափոխությունը:
– ՀԱԿ-ի կողմից հստակ պայքար է տարվելու: Ներկայումս իրավիճակը պարզապես շատ ավելի լավ է, բարենպաստ է, ժողովուրդը պատրաստ է իշխանափոխության և պայքարի: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, գնալու են քաղաքական պայքարի, ուղղորդելու են պայքարի դուրս եկած հասարակական զանգվածներին: Լինելու է շատ լավ պայքար՝ ավելի հզոր ալիքով: Հետագայում, թեև էլի ընթացքը կախված կլինի իշխանությունների պահելաձևից: