
Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ԱՄԷ Շախմատի ֆեդերացիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Փետրվարի 18-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում ԱՄԷ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալը նշել է, որ արաբական պատվիրակությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու գաղափարով` մասնավորապես շախմատի ոլորտում, և կցանկանային ծանոթանալ Հայաստանի ներդրումային միջավայրին:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը առաջին երկիրն է աշխարհում, որտեղ շախմատը ներդրված է որպես հանրակրթական առարկա, և սա հանդիսանում է այն ոլորտներից մեկը, որտեղ ցանկացած ներդրում կարող է կարճ ժամանակում իր արդյունքը տալ: Այնուհետև նախարարը արաբական կողմին մանրամասն ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման միտումները, ներդրումային միջավայրը, ներդրումային հնարավորությունները ըստ ոլորտների` մասնավորապես էներգետիկայի, ենթակառուցվածքների, ավիացիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլն, ինչպես նաև գործարար միջավայրը և արտահանման տեսակետից նպաստավոր ուղղությունները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել աշխատանքային ձևաչափով և նախապատրաստել փոխըմբռնման հուշագիր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Արաբական բիզնես ասոցիացիայի միջև` հետագա գործարար ծրագրերի շրջանակներում համագործակցելու նպատակով: