Թուրքիան զենիթա-հրթիռային համալիրների հարցում կկողմնորոշվի Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումը պարզելուց հետո

Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) շուրջ հայտարարած մրցույթի արդյունքները կհրապարակի ապրիլի 24-ից հետո: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվում:

Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայի ընտրությունը կախված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի արձագանքներից: Անկարան ցանկանում է տեսնել, թե այդ երկրներն ինչ դիրքորոշում են որդեգրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հարցում, քանի որ դա շատ կարևոր գործոն կհանդիսանա ԶՀՀ-ների հարցում վերջնական որոշում ընդունելիս:

Հիշեցնենք, որ 2013 թվականի մայիսին Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը  հայտարարել էր, որ Սինոպում կառուցվելիք Թուրքիայի երկրորդ ատոմակայանն իր ազդեցությունը կթողնի Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշման վրա: Թուրքիան Սինոպի ատոմակայանի կառուցման իրավունքն ընձեռել էր ճապոնա-ֆրանսիական կոնսորցիումին (Mitsubishi Heavy Industries և Areva):

Ի դեպ, Թուրքիան պլանավորել է մոտ 4 միլիարդ դոլար ծախսել հեռահար գործունեության հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր (Т-Loramids – Turkish Long Range Air and Missile Defence System) ձեռք բերելու համար:

Մեծ հեռահարության ԶՀՀ-ների գնման շուրջ Թուրքիայի անցկացրած մրցույթին մասնակցում էին ամերիկյան Raytheon/Lockheed Martin կոնսորցիումը (Patriot համալիրներ), ռուսական Рособоронэкспорт ընկերությունը (S-300 համալիրներ), չինական China Precision Machinery Export-Import Corporation (CPMIEC) կոնցեռնը (FD-2000 համալիրներ) և եվրոպական EuroSam կոնսորցիումը (Samp-T համալիրներ):

2013 թվականի սեպտեմբերին մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց չինական CPMIEC ընկերությունը, որը Թուրքիային առաջարկել էր HQ-9 (FD-2000) համակարգ: Չինական առաջարկի գինը կազմել էր 3.44 միլիարդ դոլար: Ամերիկյան ընկերության առաջարկն ընդունելու դեպքում Թուրքիան պետք է վճարի 4.5 միլիարդ դոլար, իսկ ֆրանս-իտալական կոնսորցիումի դեպքում դա կազմում է 4.4 միլիարդ դոլար:

Սակայն չինական ընկերությունն ընդգրկված էր ԱՄՆ-ի «սև ցուցակում», և այդ ընտրությունից հետո ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն սկսեցին ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա վերանայի մրցույթի արդյունքները:

Դրանից հետո Թուրքիան հայտարարեց, թե մրցույթի արդյունքները վերջնական չեն և շարունակ վերջնաժամկետներ է սահմանում դրանց համար՝ սպասելով իր համար առավել շահավետ, նորանոր առաջարկների: Ռուսական կողմն արդեն իսկ հրաժարվել է մրցույթին մասնակցելուց:

Տեսանյութեր

Լրահոս