«Մեր պետության ներսում չունենք մի բարոյական հեղինակություն, որ ասի՝ եկեք տեսնենք՝ ինչ եք անում»
Ներկայումս ծավալվող գործընթացները խոսում են քաղաքական հետապնդումների մասին: Նման կարծիքի է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: 168.am-ի հարցին ի պատասխան, թե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պնդմամբ՝ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քաղաքական հետապնդում չկա, այժմ այդ հետապնդումը անձի՞, քաղաքան ուժի՞, թե՞ համաժողովրդական շարժման դեմ է, Ռ.Հակոբյանը պատասխանեց. «Ծրագրային ելույթի բովանդակությունից ու շեշտադրումներից դատելով՝ պետք է ասել, որ անձի դեմ է: Ծրագրային ելույթ՝ անձի դեմ, անձի նկատմամբ, անձի մասին և այդպիսի բարձր կարգավիճակից, գոնե ինձ համար անհասկանալի է: Չի կարելի է այդ մակարդակով ծրագրային ելույթ ունենալ անձի հետ կապված: Այդ ելույթում որևէ քաղաքական շեշտադրում չկար»:
«Ես չեմ կարողանում պատասխանել հարցին՝ ի՞նչը դրդեց Սերժ Սարգսյանին նման հայտարարությամբ հանդես գալ: Եթե դա փետրվարի 5-ի խորհրդաժողովն էր, ես չեմ տեսնում, որ այնտեղ ինչ-որ նոր բան ասվեց: Ավելին՝ շատերը դժգոհ էին, կարծում էին, որ արմատական քայլեր պետք է լինեին Ծառուկյանի կողմից: Ո´չ նախագահին, ո´չ էլ իր կերպարին վայել հայտարարություն չէր: Բայց դրա առիթը չիմանալով, նպատակները դժվար է ասել և դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կարող են լինել»,- նշեց Հակոբյանը:
Շեշտելով, որ սա երկու անձի պայքար չէ, Ռ. Հակոբյանն ասաց, որ իրավիճակը շատ լարված է և պատկերացնել հնարավոր չէ, թե ուր կհասնենք այսպես շարունակելու դեպքում. «Ի վերջո, ապրիլի 24-ին նախաշեմին իշխանության կողմից նման քայլը ես սադրանք եմ համարում: Ցավալին այն է, որ մենք այսօր մեր պետության ներսում չունենք մի բարոյական հեղիանակություն, որ ասի՝ եկեք տեսնենք՝ ինչ եք անում: Եվ որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ: Իմ ցանկությունն է, որ չլինեն բախումներ, չլինեն նոր մարտի 1-եր: Բայց կամուրջը բավականին բարակել է»:
Ըստ նրա՝ Գագիկ Ծառուկյանի խոսքը համարժեք էր Սերժ Սարգսյանի հայտարարությանը, իսկ քաղաքական դաշտը բյուրեղացնելու դեպքում այնտեղ հատուկենտ մարդ կարող է հայտնվել. «Ինչո՞ւ են նման արմատական կեցվածք որդեգրել: Ամբողջ ՀՀ-ի կենսագործունեությունը խախտվել է, բոլորին մի հարց է հետաքրքրում՝ ի՞նչ է լինելու մեր վերջը»:
Գ.Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացին անդրադառնալով՝ Ռ.Հակոբյանը նշեց, որ եթե խնդիր է դրված մանդատից զրկել, դա հերթական սխալ քայլը կլինի իշխանության կողմից: Նրա կարծիքով՝ այս ամենը տրամաբանությունից դուրս է և շատ ճակատագրական կարող է լինել մեր պետության զարգացման համար.
«Այս ձևով պետությունը չի կարող այլևս շարժվել: Պետությունը ծանրագույն վիճակում է: Իշխանությունը չի կարող ղեկավարել պետությունը: Իշխանությունն իրեն դրել է օրենքից դուրս և ինքն է որոշում, թե որ պահին կարող է հարկերը ստուգել, ով կարող է հավակնություն ունենալ ինչ-որ բանի: Ի վերջո, եթե խոսում ենք քաղաքական դաշտի կայացման մասին, չենք կարող նման բան ասել, թե ով կարող է ինչ-որ բանի հավակնություն ունենալ: Ո՞վ չի հասկանում, որ եթե այս պահին հարկային ստուգումների հարց է բարձրացվում, դա քաղաքական ենթատեքստ ունի: Իշխանությունը ժողովրդի հետ պետք է խոսի և նման հարցերը պետք է տեղայնացնի իր շրջապատի վրա»:
Ռ.Հակոբյանը ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մեջ Ռոբերտ Քոչարյանի գործոնը չի տեսնում. «Չեմ կարծում, որ Քոչարյանի գործոնը կա: Եթե կա, չափազանցնում են: Մյուս կողմից՝ ուշադրություն շեղելու տարբերակ կա: Եվ ես կարծում եմ, որ բնական ու օգտակար է, երբ նախկին նախագահները իրենց կարծիքը հայտնում են վճռական պահերին»: