Հայկազ Բարսեղյանի իրավահաջորդի ներկայացուցչի կարծիքով՝ նախաքննությունն օբյեկտիվ է իրականացվում
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը կարծում է, որ քրեական գործի նախաքննությունը համենայն դեպս այս պահի դրությամբ օբյեկտիվ է իրականացվում: Այս մասին փաստաբանն ասաց 168.am-ի հետ զրույցում:
«Քննությունն իրականացվում է: Իհարկե, ես նախաքննությունից ձեզ մարամասնություններ չեմ հաղորդի, որովհետև կա նախաքննության գաղտնիք: Դրա համար ես չեմ ուզի ծավալվել: Ամեն դեպքում եթե ես փորձեմ նախաքննության գաղտնիք հրապարակել կամ ծավալվել, դա գործին, միանշանակ, կխանգարի ու վնաս կտա: Բավականին գործողություններ կատարվել են, կատարվում են ու կարծում եմ՝ կկատարվեն: Համենայն դեպս, գործողությունները, որոնք մեզ համար մատչելի չեն լինի կամ մենք նորմալ չենք դիտարկի, իհարկե, ես ինքս՝ որպես ներկայացուցիչ միջնորդություններով հանդես կգամ, կքննարկվեն միջնորդությունները, և որոշումները, բնականաբար կկայացվեն»,- ասաց նա:
Փաստաբանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ դիրքորոշում ունեն նրա վստահորդները կապված այն հանգամանքի հետ, որ գործով երկու մեղադրյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը (լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում սպանված զինծառայողի հայրը անհանգստություն էր հայտնել, որ մեղադրյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը):
«Ոչ բոլոր դեպքերում է, որ քրեական գործի շրջանակներում ում մեղադրանք է առաջադրվել (այսինքն՝ մեղադրյալները)՝ ընդունում են իրենց մեղքը: Դրա համար կա նախաքննություն, ընթանում է նախաքննությունը: Եթե անձինք մեղավոր են, միանշանակ նախաքննության փուլում կհաստատվի: Պահպանելով անմեղության կանխավարկածը, քանի որ դեռևս անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկա, ես չեմ փորձի ասել՝ իրենք մեղավոր են կամ անմեղ են: Եկեք այդ հարցին ընդհանրապես չանդրադառնանք՝ պահպանելով անմեղության կանխավարկածը:
Իսկ եթե տուժողի իրավահաջորդը նման անհանգստություն հայտնել է, որ չեն ընդունում կամ ընդունում են, բնականաբար, էլի եմ կրկնում, ոչ բոլոր դեպքերում է, որ մեղադրյալն ընդունում է իր մեղքը: Ի վերջո մեղադրյալը չէ, որ պետք է իր անմեղությունն ապացուցի: Այլ պետք է նախաքննության մարմինը, վարույթն իրականացնող մարմինը ապացուցի տվյալ մեղադրյալի մեղավորությունը»,- ասաց փաստաբանը:
yerkir.am-ը գրել էր, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ գործի բացահայտման ընթացքում խորթ մեթոդներ, մասնավորապես՝ բռնություններ են կիրառվել գործով մեղադրյալների նկատմամբ: Մեր հարցին՝ արդյոք որևէ տեղեկություն ունի սրա մասին և ինչ դիրքորոշում ունի նման միջոցների կիրառման հետ կապված, փաստաբանը պատասխանեց, որ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության վերաբերյալ զրուցել է վարույթն իրականացնող մարմնի հետ.
«Բացի այդ՝ ես ձեզ մի բան ասեմ: Սա իհարկե, իմ սուբյեկտիվ կարծիքն է, չեմ կարծում, որ 104-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի համար կարող է խոշտանգման արդյունքում ցուցմունք կորզվել: Այսինքն՝ գիտեք մանր գողություն կամ մանր խուլիգանություն չէ, որ խոշտանգման արդյունքում ցուցմունք կորզեն և անձին դատապարտեն»:
Փաստաբանի կարծիքով՝ նման առանձնապես ծանր հանցագործության դեպքում խոշտանգման միջոցով ցուցմունք չեն կորզում: «Նման տեղեկատվություն չունեմ: Ես զրույց ունեցել եմ նախաքննության մարմնի հետ, որն ինձ պատասխանել է, որ նման բան չի եղել: Մնացածն ավելի հստակ կերևա դատաքննության փուլում, որովհետև դրա հետ կապված էլ գործողություններ կան, որոնք պետք է կատարվեն թե նախաքննության մարմնի, թե համենայն դեպս մեր կողմից»:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նրա 4 ծառայակցի մեղադրանք է առաջադրվել: Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել: Այս քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա. կապիտան Արտյոմ Ավետիսյանը: Նշենք, որ Հայկազ Բարսեղյանը հայտնաբերվել էր հունվարի 29-ին՝ պտտաձողի վրա պարանոով կախված վիճակում: