Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանը կարող է քննարկել մահապատժի վերականգնման հարցը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը կարող է դիտարկել մահապատժի վերականգնման հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Իյիմայան:

Նրա խոսքերով՝ մահապատիժը կարող է կիրառվել կանանց նկատմամբ բռնություններ գործադրելու, ինչպես նաև հատուկ դաժան ձևով սպանությունների դեպքում: Այն բանից հետո, ինչ նախորդ շաբաթ Մերսինի նահանգում ավտոբուսի վարորդի կողմից բռնաբարության ենթարկվեց և սպանվեց 20-ամյա ուսանողուհի Օզգեջան Ասլանը, թուրք մի շարք նախարարներ պահանջեցին, որ այդ հանցանքի համար մեղավորը ենթարկվի մահապատժի:

Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ եթե դա պատահեր իր հարազատների հետ, ապա անձամբ հաշվեհարդար կտեսներ հանցագործների հետ: Օզգեջանի սպանության գործով հարուցվել է քրեական գործ, ձերբակալավել է երեք մարդ. ավտոբուսի վարորդը, ինչպես նաև հանցանշաններից ձերբազատվելու հարցում նրան օգնած հայրն ու ընկերը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսին Թուրքիայի տվյալ ժամանակվա վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ ԵՄ-ի առջև Թուրքիայի ստանձնած պարտավորությունները չեն ընձեռում երկրում մահապատիժը վերականգնելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մահապատիժը (կախաղան բարձրացնելը) վերջնականապես վերացվել է Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ժամանակաշրջանում` 2006 թվականին (թիվ 5218 օրենքի հիման վրա):

Չնայած դրան` վերջին մահապատիժն ի կատար է ածվել 1984 հոկտեմբերի 25-ին: Դրանից հետո կայացված մահապատժի վճիռները, չհաստատվելով թուրքական խորհրդարանի կողմից, ի կատար չեն ածվել: Ավելին, 1991 թվականին մահվան դատավճիռ ունեցող 500 բանտարկյալների պատժաչափը նվազեցվեց մինչև 10 տարի ազատազրկման:

1920-1984 թվականներին Թուրքիայում իրականացվել է 712 մահապատիժ, որոնցից 15-ը վերաբերել է կանանց: Միևնույն ժամանակ, թուրքական դատարանների կողմից կայացված և խորհրդարանի կողմից չհաստատված մահապատիժների քանակը տատանվում է 1500-2000-ի միջև: Մահապատիժները կիրառվել են 18-65 տարեկանների հանդեպ:

Թուրքիայում վերջին մահապատժի ենթարկվածների թվում է նաև ASALA-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) հերոսներից Լևոն Էքմեքչյանը` 1983 թվականի հունվարի 28-ին, Անկարայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս