Ոչ բոլոր գործարարներն են խնդիրների առջև կանգնել ԵՏՄ-ին անդամակցելու հետևանքով
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետևանքով շատ գործարարներ երրորդ երկրներից ներկրված ապրանքների մաքսազերծման հետ խնդիր ունեն: Տևական ժամանակով բեռները մնում են մաքսատանն ու հերթեր են գոյացել:
Սակայն ոչ բոլոր գործարարներն են խնդիրների առջև կանգնել: Շինարարական նյութերի ներմուծմամբ զբաղվող «Ռ և Վ Կոմֆորտ» ընկերության ղեկավար Ռուբեն Շահմուրադյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև կարգը փոխվել է նաև իրենց համար, սակայն իրենք մաքսազերծման հետ կապված խնդիրներ գրեթե չունեն և գործընթացը չի ձգձգվում. «Մեր ապրանքը քանի որ գալիս է Եվրոպայից, շատ բան չի փոխվել, մենք այդ խնդիրը չենք ունենում: Ամեն դեպքում՝ առայժմ չկա»: Նա հաստատեց, որ այժմ շատ ապրանքներ այլ կերպ են մաքսազերծվելու, կարգը փոփոխվել է և մաքսավորներ էլ խնդիր ունեն հասկանալու ինչը ոնց է:
«Նախկինում էլ, այժմ էլ մենք շատ արագ մաքսազերծել ենք: Մենք ԱՊՀ-ից ապրանք հիմնականում չենք բերում, բերում ենք Եվրոպայից ու Չինաստանից, իսկ Ղազախստանից ու Ռուսաստանից՝ ոչ»,- ասաց նա:
Ըտս Ռ. Շահմուրադյանի՝ մաքսազերծման ժամկետը նույնն է՝ 1 օրում ամբողջ ապրանքը մաքսազերծվում է. «Մեր ինվոյսները ճիշտ բերել ենք, կասկած չի առաջացրել, մաքսազերծել ենք: Հիմա էլ արդեն 20-25 կոնտեյներ բերել ենք, բայց էլի 1 օրում մաքսազերծել ենք, առավելագույնը՝ 1.5 օրում»: