Կառավարությունը մերժեց Զարուհի Փոստանջյանի օրինագիծը
Այսօր կառավարության նիստում հավանություն չտրվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Զեկուցող ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ առաջարկված օրինագծով ամրագրվում է տարածքային պահանջատիրոթյունը Թուրքիայից և ՀՀ կառավարությունը գտնում է, որ նմանատիպ օրինագծի քննությունն ու ընդունումը աննպատակահարմար է:
Փոխարենը կառավարությունը հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Զաքարյանի, Զարուհի Փոստանջյանի, Կորյուն Նահապետյանի, Թևան Պողոսյանի, Շիրակ Թորոսյանի և Ալեքսանդր Արզումանյանի օրենսդրական նախաձեռնությանը՝ դեկտեմբերի 9-ն ընդունել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
«Կառավարությունը դրական է վերաբերվում այդ մոտեցմանը»,- ասաց Շ.Քոչարյանը: