Ծառուկյանը հստակեցրեց իշխանափոխության նպատակը. Սմբատ Կարախանյան
168.am-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը:
– Պարոն Կարախանյան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովից մի քանի օր անց ծեծի ենթարկվեց ԲՀԿ երիտասարդ անդամներից մեկը, որը հանգեցրեց ԲՀԿ-ՀՀԿ փոխհրաձգության` փոխադարձ լարված հայտարարությունների: Ըստ Ձեզ` ո՞ւմ էր ձեռնտու այս միջադեպը:
– Տարբեր վարկածներ, բնականաբար, կարող են լինել: Բայց կա մի պարզ բան, որ ՀՀ ներկայիս իշխանություններն ու վարչախումբը պայքարի այլ մեթոդներ չունի: Քաղաքական պայքար, քաղաքական համակարգերի ստեղծում, հարաբերությունների ճշգրտում քաղաքական, հասարակական ուժերի հետ, հասարակական ակտիվիստների հետ՝ գոյություն չունի, գնում է ահաբեկում, բռնություններ, և այլն, և այլն: Բնական է, որ վարչախումբը պարզ հասկանում է, որ երկրորդ Մարտի մեկի ռեսուրս բացարձակապես գոյություն չունի, ուստի մնացել են անհատական ահաբեկումներն ու բռնությունները՝ որպես ռեսուրս: Չի կարելի ասել, թե իրենք էլ չեն հասկանում, թե դա ինչ հետևանքների կբերի, բայց որ մի փոքր ետ գնանք, հիշենք Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունը, ազատամարտիկների, և այլն, և այլն, կտեսնենք, որ նույն բանն է տեղի ունենում, ամեն անգամ մի բան անում են, պարզ բողոքի ալիք է բարձրանում, հակազդեցություն, ու դրանից հետո նստում-մտածում են, թե ինչպես եղավ, ում էր ձեռնտու, ու նման քայլերի են դիմում:
Պարզ թվաբանություն է` քաղաքական պայքար չեն կարողանում վարել, որի արդյունքում էլ դիմում են նման միջոցների: ՀՀ իշխանությունների էությունը քրեաօլիգարխիկ ուժային կառույցի էություն է, որը պայքարի այլ մեթոդներ չունի: ՀՀ իշխանությունները սարսափում են պարզապես այն հայտարարություններից, կարգախոսներից, գարնանային փողոցային միջոցառումներից, որոնք մշակվում են, սա է իրավիճակը: Հիմա մասսայական ճակատային կրակելու, փողոցում արյունահեղություն կազմակերպելու ռեսուրս չկա, մնում են այս մեթոդները: Աբսուրդն այն է, որ այս քայլերը ոչնչի նրանց չեն հանգեցնում: Դրանք հիմարություններ են:
– Մեկ այլ տեսակետ ևս կա, որ միամիտ է կարծել, թե դա կազմակերպել են իշխանությունները, քանի որ նման միջադեպերի առաջին պատասխանատուներն իշխանություններն են, ուստի քաղաքական պայքարի այս մեթոդներն այդքան էլ ձեռնտու չեն իշխանություններին:
– Սա պարզ է: Իրականում իսկապես իրավիճակը պարզ է, դա հասկանալով էլ իշխանություններն անում են, քանի որ չունեն այլ ռեսուրս: Ունեն մեկ նպատակ` այս աթոռից տեղափոխվել մյուսին, վերարտադրվել, և այսպես շարունակ: Սակայն փոփոխություններ են պահանջում բոլորը, նաև Ռուսաստանից: Բոլորն են հասկանում, որ այս իշխանություններն արեցին ամեն ինչ` մարդկանց կրակեցին, ծեծեցին, թալանեցին, հիմա հասել է փոփոխության պահը, և դա իշխանությունները ևս հասկանում են, հասկանում են, որ ժողովուրդն արթնանում է տարբեր ուժերի օգնությամբ:
– Պարոն Կարախանյան, ծեծին ԲՀԿ-ն արձագանքեց՝ իշխանությանը սպառնալով հրաժարականներ պահանջել, ինչին արձագանքեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հետագա քաղաքական սրացումների պատասխանատվությունը դնելով Գագիկ Ծառուկյանի վրա: Շատ փորձագետներ են կարծում, որ այս ծեծը հարմար առիթ էր՝ պահանջելու այն հրաժարականները, որոնց մասին երկար էր խոսվում. խոսքը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասին է, այսինքն` չեն բացառում այն, որ ԲՀԿ-ն է կազմակերպել սա:
– Դա, իմ կարծիքով, պարզապես անհեթեթություն է, և իմաստ չունի՝ մտնենք այդ քննարկումների մեջ: Չեմ բացառում, որ սադրանքներ լինեն ԲՀԿ-ի անվան տակ, բայց ընդհանուր առմամբ այս վարկածն ինձ համար անհեթեթություն է: ԲՀԿ-ին նման բաներ պետք չեն: Տեղեկացված լինելով` ինչ է կատարվում, կարող եմ ասել, որ բացարձակապես սխալ է այդպես մտածելը:
– ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ ելույթով: Բայց, ինչպես նախկին ելույթներից հետո, այնպես էլ այս անգամ՝ պարզ չէ` ի՞նչ է նախատեսում ԲՀԿ-ն, քանի որ Ծառուկյանը զուգահեռաբար խոսում է և՛ կոալիցիոն իշխանության, և՛ արտահերթ ընտրությունների, և՛ ծրագրեր մշակելու մասին: Տպավորությունն այնպիսին է, որ խոսքը հերթական ընտրություններին պատրաստվելու մասին է: Ո՞րն էր, ըստ Ձեզ՝ ուղերձը կամ նորությունը:
– Ես կարծում եմ, որ նա հստակեցրեց իշխանափոխության նպատակը: Երբ խոսք է գնում կոալիցիոն իշխանության մասին, չի նշանակում, թե ԲՀԿ-ն պատրաստվում է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ: Խոսքը լայն քաղաքական ուժերի միջև կոալիցիայի մասին է: Արտահերթ ընտրությունները սկզբունքային են: Ինչո՞ւ արտահերթ ընտրություններ, որովհետև ՀՀ պետականությունը ժամանակի սղության խնդիր ունի, այլապես այս ամենը կարելի էր ավելի հանգիստ անել, սպասել մինչև հերթական ընտրությունները, և այլն: Հարցը նրանում է, որ այդ ընտրությունները պետք է նաև պատրաստել: Դրանք հենց այնպես ազատ տեղի չեն ունենալու: Եթե առանց պատրաստվելու ընտրությունների գնանք, նույն բռնամեքենաները կիրառվելու են:
– ԲՀԿ-ն նույն այդ բռնամեքենաները գործի դնող կուսակցությունն է: ԲՀԿ-ն պետք է կազմակերպի ազատ և արդար ընտրություննե՞ր:
– Ես հասկանում եմ դա: Ես չեմ ցանկանում ԲՀԿ-ին պաշտպանել: Այսօր կա իշխանական քրեաօլիգարխիկ համակարգ, որն առանձնացել է, կենտրոնացել է, մարմնավորվել մականունավոր, չինովնիկական շրջանակների հետ: Կա ոչ իշխանական ընդդիմադիր եռյակ, որն աշխատում է և՛ ներսում, և՛ դրսում` փորձելով ՀՀ-ին քաշելով՝ ծանր իրավիճակից դուրս հանել: Ստեղծված իրավիճակում բոլորը մեղավոր են, դեմ չեմ, հարց չկա: Սակայն այսօր դա քննարկելն անիմաստ է, քանի որ այսօր կա մեկ ճամբար, կա մյուս ճամբարը: Բնական է, քաղաքականության մեջ կան տարբեր պահեր, երբ կարելի է բոլոր կողմերին քննադատել, բայց հստակ է, որ ՀՀ պետականության համար իշխանական համակարգը պետք է փոխվի: Սա են ցանկանում բոլոր արտաքին նորմալ և աննորմալ ուժերը: Կան արտաքին տարբեր կենտրոններ, որոնք իրենց շահերը հետապնդելով՝ կարող են տարբեր ձևերով այս հարցը հետաձգել և փորձել ինչ-որ բան անել, բայց ոչինչ չի ստացվելու: ՀՀ-ի շահերից է բխում փոփոխությունը:
– Իսկ որո՞նք են լինելու Ձեր նշած շարժման անելիքները` հանրահավաքնե՞ր, հրաժարականների պահանջնե՞ր, թե՞ այլ ինչ-որ գործողություններ:
– Քայլերը կմշակվեն; Բնականաբար պետք է լինեն հանրահավաքներ, և ոչ մեկ հանրահավաք: Շատ բարդ վիճակի մեջ է քաղաքական դաշտը, և օրակարգ ստեղծողը քաղաքական եռյակն է: Քաղաքական եռյակը հասկանում է, որ կան և՛ ներքին, և՛ արտաքին խնդիրներ, ուստի տարվում են հաշվարկներ զուգահեռաբար: Դրսում ևս կոնսուլտացիաներ են իրականացնում այս միտքը տեղ հասցնելու համար: ԲՀԿ-ի պատգամավորները պատրաստվում են Պետդումայի ղեկավարության հետ հանդիպումներ ունենալ:
– Այսինքն` իշխանափոխության հարցում Եռյակին անհրաժեշտ է Կրեմլի աջակցությո՞ւնը:
– Կրեմլը չի միջամտում ՀՀ ներքին հարցերին: Կրեմլը, ինչպես մնացած բոլոր երկրները, որոնք ունեն ինչ-ինչ շահեր Հայաստանում կամ տարածաշրջանում, ցանկություն ունի, որ իշխանությանը կանգնած լինեն ադեկվատ մարդիկ, որոնց հետ հնարավոր է խոսել: Կրեմլին պետք է ուժեղ, նորմալ, բարգավաճ, ինքնաբավ, հավասարակշռված, կանխատեսելի պետականություն, որի համար պետք է այս չափանիշերին համապատասխան իշխանություն ձևավորել: Կրեմլը չի աջակցի ո՛չ ՀԱԿ-ին, ո՛չ ԲՀԿ-ին, Կրեմլը ցանկանում է, որ ժողովուրդը հավասարակշռված կերպով իշխանություն ձևավորի: Կրեմլը չի ցանկանում, որ այստեղ գան, գլուխ կախեն, և այլն, ինչով, մեղմ ասած, զբաղված են ՀՀ իշխանությունները: Կրեմլն ասում է, որ իրեն Հայաստանում վասալներ, ճորտեր, ոչ ադեկվատ մարդիկ պետք չեն: Թող համարձակվեն հարցեր բարձրացնել, տեսնեն արձագանքը, հետո միայն վախենան` ինչ-ինչ հարցեր բարձրացնելիս: