Եվրապարտոմսերի երկրորդ թողարկման գումարը կրկին կարող է ուղղվել ռուսական պարտքի մարմանը

Փետրվարի 5-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ստորագրվեց համաձայնագիր, որով Ռուսաստանը Հայաստանին վարկ պետք է հատկացնի՝ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար: Իսկ մոտ 1 շաբաթ առաջ՝ հունվարի 30-ին, կառավարության նիստում հաստատվեց եվրապարտատոմսեր տեղաբաշխելու նպատակով միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողի հետ պայմանագրեր կնքելու որոշումը:

Ընդ որում՝ որոշումը հիմնավորվում էր նրանով, որ ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսության վերջին ժամանակաշրջանի զարգացումների բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով անհրաժեշտ է միջոցառումներ իրականացնել արտարժութային կապիտալի ներհոսք ապահովելու նպատակով, իսկ միջազգային ֆինանսական շուկաներում ներկայումս ձևավորվել է բարենպաստ միջավայր արտարժույթով պարտատոմսերի տեղաբաշխման համար, ընդ որում, հաշվի առնելով շուկայի տատանողականությունը, այդ հնարավորությունը կարող է լինել կարճաժամկետ:

Ի՞նչ կապ կարող են ունենալ այս երկու, առաջին հայացքից տարբեր, զարգացումները: Հարցն այն է, որ ոչ վաղ անցյալում Հայաստանը ՌԴ-ից 500 մլն դոլար վարկ էր ստացել, որը վաղաժամկետ մարվեց ՀՀ կողմից առաջին անգամ թողարկված եվրապարտատոմսերի գումարով: Այժմ միջազգային իրադրությունը փոխվել է, և պատժամիջոցների պատճառով ՌԴ-ն չի կարող միջազգային շուկայից, գոնե պետական մակարդակով, ֆինանսական միջոցներ ներգրավել: Եվ ակամա, կասկածներ են առաջանում, որ ՌԴ-ն Հայաստանին պարզապես որպես «պատուհան» կարող է օգտագործել: Այսինքն, ՀՀ-ն եվրապարտատոմս կթողարկի ու նախկինի պես կփակի ռուսական հերթական վարկը: Եվ կրկին դա կհիմնավորի վարկային տոկոսադրույքների հնարավոր փոփոխություններով ու դրանից ելնելով տվյալ պահին շահավետությամբ: Մնում է միայն ծավալների հարցը:

Ռուսական նոր վարկի ու եվրապարտատոմսերի հերթական թողարկման հետ կապված իրադրությունը 168.am-ը խնդրեց մեկնաբանել տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանին: Նա նշեց, որ ԱԷԿ-ի հետ կապված շատ դժվար է ասել, որ վարկ կտան կամ չեն տա. «Համաձայնագիրը մի կողմ, բայց դեռ ռեալ պետք է ստանալ այդ գումարը: Խնդիրը նրանում է, որ ՌԴ-ն ինքը նույնպես նոր ԱԷԿ-ների փոխարեն հին ԱԷԿ-ները նորոգում է, անվտանգության մակարդակը բարձրացնում ու շահագործման ժամկետը երկարացնում: Ելնելով Ռուսաստանի վիճակից՝ այս առումով շատ դժվար է այս պահին գնահատել՝ վարկը կտա՞ն, թե՞ չէ: Առաջ չընկնենք ու կանխատեսումներ չանենք, որովհետև հավավականություն կա, որ չեն էլ տա»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է պարտատոմսերի հետ կապված խնդրին, Ա. Եղիազարյանը նշեց, որ դրանք հնարավոր է տեղաբաշխել, բայց այս դեպքում կարևոր են ծավալներն ու կարևոր են պայմանները. «Ես այն կարծիքին եմ, որ պայմանները չեն կարող ավելի լավը լինել, քան նախկինում՝ 700 մլն դոլարի թողարկման ժամանակ, որովհետև Հայաստանի վարկային վարկանիշը Մուդիսի կողմից իջեցվել է: Վերջերս նաև Ֆիթչն է իջեցրել ՀՀ վարկանիշը: Բնականաբար, այս վարկանիշների իջեցումը նշանակում է, որ եվրապարտատոմսերի տեղաբաշխման միջոցով արտարժութային միջոցներ ներգրավելն ավելի վատ է լինելու: Վատ այն իմաստով, որ տոկոսները, բնականաբար, մեծ կլինեն, որովհետև ռիսկերը ՀՀ համար, քանի որ վարկանիշն իջեցված է, մեծացել են»:

Եվրապարտատոմսերի գումարով ռուսական վարկը փակելու հարցը, ըստ Ա.Եղիազարյանի, տնտեսագիտորեն չի կարելի մեկնաբանել, բայց չի բացառվում:

«Որպես փորձագետ գնահատական տալ չեմ կարող, որպես մարդ՝ չեմ բացառում: Ամեն ինչ հնարավոր է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս