Բաժիններ՝

Խոշոր հարկատուների մանր տեղաշարժերը

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2014 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք,
1000 խոշոր հարկատուները միասին 2014 թվականին պետբյուջե են վճարել 700.5 միլիարդ դրամի հարկեր ու տուրքեր, ինչը նախորդ տարվա ցուցանիշից բարձր է 5.3%-ով։

Հիշեցնենք, որ ընդհանուր հարկային մուտքերը 2014 թվականին աճել են 7%-ով։ Սա անուղղակիորեն վկայում է այն մասին, որ նախորդ տարվա ընթացքում փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռն ավելի ծանր է եղել, քան խոշորներինը։
Տեսակետ կար, որ նախորդ տարվա վերջին դրամի կտրուկ արժեզրկման արդյունքում՝ վերջին եռամսյակում բյուջեի մուտքերն ավելի շատ կլինեին։ Խոսքը, բնականաբար, վերաբերում է ներմուծվող ապրանքներից գանձվող ԱԱՀ-ին և մաքսատուրքին, քանի որ դրանց մաքսային արժեքը հաշվարկվում է դոլարով։ Նշենք, որ դրամի արժեզրկումը որոշակի ազդեցություն ունեցել է եկամուտների վրա, սակայն ոչ զգալի։ Նախորդ տարվա վերջին եռամսյակում մաքսային մարմինների կողմից հավաքագրված հարկերի աճի տեմպն ավելի բարձր է եղել, քան ընդհանուր հարկերի աճը։ Այսպես, 2014 թվականի վերջին եռամսյակում հավաքագրվել է 196.3 միլիարդ դրամ, որը 6%-ով գերազանցում է 2013 թվականի վերջին եռամսյակի ցուցանիշը։ Այդ թվում՝ մաքսային մարմինների կողմից նախորդ տարվա վերջին եռամսյակում հավաքագրվել է 7%-ով ավելի, քան 2013-ի վերջին եռամսյակում։

Խոշոր հարկատուների ցանկը միշտ ավելի հետաքրքիր է եղել ոչ այնքան՝ ընդհանուր բնույթի դատողություններով, որոնց կարելի է հանգել՝ ցուցանիշները համադրելով, այլ առանձին ընկերությունների տեղաշարժերով։ Իհարկե, տեխնիկապես անհնար է թերթի ծավալի մեջ տեղավորել բոլոր 1000 հարկատուների տվյալներն ու վերլուծել դրանք։ Դրա համար մենք առանձնացրել ենք հանրապետության 50 խոշորագույն ընկերություններին։
Նշենք, որ այս 50 ընկերությունները միասին պետբյուջե են վճարել 342.8 միլիարդ դրամ, ինչը կազմում է 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսը։ 50 խոշորագույն հարկատու ընկերությունները՝ 2013 թվականի համեմատ, հարկերն ավելացրել են 19.3 միլիարդ դրամով կամ 6%-ով։

 

harkatu-axyusak
Սակայն գերխոշոր հարկատուների՝ առաջին 10 տեղերը զբաղեցնող ընկերությունների ընդհանուր հարկերի չափը գրեթե չի ավելացել։ Նրանք վճարել են 182.2 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։ 2013-ի ընթացքում այս նույն 10 ընկերությունները վճարել էին 181.8 միլիարդ դրամ, ընդամենը 0.2%-ով պակաս։ Այս նվազումը, իհարկե, առաջին հերթին՝ պայմանավորված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերի նվազմամբ՝ 37.8 միլիարդից՝ 19.9 միլիարդ։

Զանգեզուրից բացի՝ հարկերը 46.3%-ով նվազեցրել է ԳեոՊրոՄայնինգԳոլդը՝ 7.3 միլիարդից հասցնելով 3.9 միլիարդ դրամի։ Դանդի Փրիշս Մեթլս ընկերության հարկերը նվազել են 2.3%-ով՝ 5.33 միլիարդ դրամից հասնելով 5.21 միլիարդի։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հարկերը նվազել են 8.7%-ով՝ հասնելով 3.2 միլիարդ դրամի։

Ըստ ոլորտների՝ հարկային վճարումների առումով տխուր պատկեր է նաև բանկերի մոտ։ Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանում գործող 21 բանկերից 14-ը նվազեցրել են հարկերը։ Խոշորագույն բանկերից՝ ՎՏԲ Հայաստանը հարկերը նվազեցրել է 13.7%-ով, HSBC Հայաստանը՝ 6.9%-ով, Արդշինբանկը՝ 4%-ով:

50 խոշորագույնների ցանկում, նվազման առումով, աչքի է ընկնում գոմեշի մսի ներկրմամբ զբաղվող Սամ-Սեր Գրուպը, որը հարկերի չափը կրճատել է 46.8%-ով՝ 6.14 միլիարդից հասցնելով 3.26 միլիարդ դրամի։

Խոշորագույն ընկերություններից հարկերը կրճատել են նաև Ղ-Տելեկոմը (4%-ով կամ 1.2 միլիարդ դրամով), Ֆիլիպ Մորիս ընկերությունը (11.4%-ով կամ 1 միլիարդ դրամով)։ Ծխախոտի ներմուծմամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ Ավերսը, ավելի զգալի չափով է նվազեցրել հարկերը՝ 55.3%-ով կամ 3.6 միլիարդ դրամով։ Գրանդ Քենդին հարկերը նվազեցրել է 7.1%-ով կամ 268.6 միլիոն դրամով։
Անդրադառնանք նաև այն ընկերություններին, որոնք հարկերի տպավորիչ աճ են գրանցել։ Բացարձակ մեծությամբ հարկերի ամենից զգալի աճ գրանցել է Գազպրոմ-Արմենիան։ Ընկերությունը 6.7 միլիարդ դրամով (18.7%-ով) ավելացրել է հարկերը՝ հասցնելով 42.8 միլիարդ դրամի։

Սակայն 2014 թվականի խոշոր հարկատուների «չեմպիոնը», մեր սուբյեկտիվ գնահատականով, գազային մոնոպոլիստը չէ, որովհետև դրա հարկերի աճը պայմանավորված է գազի գնի թանկացմամբ։ Այդ կոչմանը, թերևս, արժանի է առաջին հերթին՝ Գրանդ Տոբակոն։ Ընկերությունը կրկնապատկել է հարկերը՝ 4.9 միլիարդ դրամից հասցնելով 10.4 միլիարդ դրամի։ Նշենք, որ ԳՏ-ի հարկերի աճը պայմանավորված է արտահանման ծավալների մեծացմամբ։

Արտահանող ընկերությունների շարքում առանձնանում է նաև Երևանի կոնյակի գործարանը։ Ընկերությունը 1.5 անգամ ավելացրել է հարկերը և հասցրել 7 միլիարդ դրամի՝ 2013 թվականի 4.68 միլիարդ դրամի դիմաց։ Հարկերի աճով առանձնանում է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Օնիրա Քլաբը (ժամանցի կենտրոն, հյուրանոց, խաղատուն)։ 2013 թվականի համեմատ՝ ընկերությունը 3.8 անգամ ավելացրել է հարկերի չափը՝ 1.24 միլիարդ դրամից հասցնելով 4.76 միլիարդ դրամի։

Ցանկից երևում է նաև մեկ այլ օրինաչափություն. էլեկտրաէներգիա արտադրող և բաշխող ընկերությունները զգալիորեն մեծացրել են հարկերը, ինչը պայմանավորված է նախորդ տարի էլեկտրաէներգիայի թանկացմամբ։ Հայկական ատոմակայանը հարկերն ավելացրել է 22%-ով (1.08 միլիարդ դրամով), Հայաստանի էլեկտրական ցանցերը՝ 24.3%-ով (2.43 միլիարդ դրամով)։ Երևանի ՋԷԿ-ը հարկերն ավելացրել է 83.8%-ով՝ հասցնելով 3.57 միլիարդ դրամի, իսկ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը՝ 88.4%-ով՝ հասցնելով 2.9 միլիարդ դրամի։

Վերջում անդրադառնանք նաև ցանկի «տարօրինակությանը»՝ Արմավիային։ Պարտքերի մեջ խրված և նախորդ տարի սնանկության գործընթաց սկսած ընկերությունը 2014-ին պետբյուջե է վճարել 7.17 միլիարդ դրամ և հայտնվել 11-րդ հորիզոնականում։ Այն դեպքում, երբ 2013 թվականին ընդհանրապես տեղ չէր գտել 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Սա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ Արմավիան մարել է պետության հանդեպ ունեցած հարկային պարտավորությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս