
New York Times-ի լրագրողները Արցախ են այցելել ԼՂՀ վիզաներով

New York Times-ի լրագրողներն այցելել են ԼՂՀ: The New York Times պարբերականի Մոսկվայի բյուրոյի ղեկավար Նիլ Մաքֆարքուհարը 2014 թ. սեպտեմբերի 29-ին դիմել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով աջակցել բյուրոյի աշխատակիցներ՝ լրագրող Դևիդ Հերզենհորնին, լուսանկարիչ Սերգեյ Պոնոմարյովին և թարգմանիչ Ալեքսանդրա Օդինովային ԼՂՀ-ում լրագրողական գործունեություն իրականացնելու համար հավատարմագիր ստանալու հարցում։ Այս մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, ըստ որի, The New York Times-ի լրագրողները ԼՂՀ են այցելել «Ադրբեջանի օրենսդրության համաձայն»:
«Լրագրողների հավատարմագրումը կատարվել է ԼՂՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում՝ համաձայն ԼՂՀ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանջների։
Միաժամանակ, տվյալ լրագրողներին տրվել է ԼՂՀ մուտքի արտոնագիր՝ ըստ ԼՂՀ մուտք գործելու կարգի»,-ասել է Անի Սարգսյանը: