ԱԺ ուժերը փոխհամաձայնության են եկել
Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում ներկայացված կլինեն 6 ՀՀԿ-ականներ, երկու՝ ԲՀԿ-ական և 1-ական ներկայացուցիչ կլինի մյուս խմբակցություններից: Այս կազմը հաստատվել է քննարկումների և ձեռքբերված փոխհամաձայնության արդյունքում: ԱԺ-ն այսօր 103 կողմ, 4 դեմ և 3 ձեռնպահ քվեարկությամբ հաստատեց հանձնաժողովի կազմը:
«Ներկայացված տարբերակը որոշակի հավասարակշռություն է ապահովում, եթե որևէ այլ քաղաքական ուժ չմտնի կոալիցիա»,- նկատեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այս համաձայնությունը անվանեց «ձեռքբերում»:
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն առաջարկեց նիստերը դռնբաց անցկացնել՝ ընդհուպ մինչև հաշվարկի բուն գործընթաց, ինչը բոլոր կասկածները կփարատի:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը համաձայնեց Ա.Արզումանյանի հետ՝ ասելով՝ եթե լրագրողների համար նիստերը բաց լինելն, ապա այլ հարցեր չեն առաջանա:
Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հակադարձեց, որ քվեարկությունը դռնփակ է. «Բացն ու փակը օրենքն է որոշում: Մենք այս պահին չենք կարող քվեարկել»: