Բաժիններ՝

«Մեզ թվում է` հաց ենք գնում, բայց գումարի 30%-ը վճարում ենք օդի համար». Արմեն Պողոսյան

«Գոյություն ունի թանկացման 2 տեսակ՝ նոմինալ և կրիմինալ: Թանկացումը, որը նոմինալ է, ունի խորը պատճառներ ու մեծ խնդիրներ, մենք այդ հարցերով զբաղվում ենք: Բայց կրիմինալ թանկացման մասին ևս մեկ անգամ ես բարձրաձայնում եմ՝ կան տեխնոլոգիական կամ այլ ավազակային մեթոդներ, որոնք առանց նոմինալ գինը բարձրացելու՝ իրական գինը բարձրացնում են, այսինքն՝ հացի մեջ օդ, շաքարավազի մեջ՝ ջուր, կարագի մեջ՝ ջուր, հավի կամ հավամթերքի մեջ սառույց են վաճառում… այդ շղթան անվերջ կարող ենք թվարկել»,- այս մասին այսօր ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Խոսելով վերջին թանկացումների մասին՝ Սպառողների միության նախագահը նշեց, որ այս հարցով նրանք երեք անգամ դիմել են ՀՀ Նախագահին, Վերահսկողության ծառայության պետին և ներկայացրել հետևյալ առաջարկը: «Համատեղ կամ վերահսկողության ծառայության ուժերով այցելենք մի քանի խանութ, վերցնենք հացի նմուշներ, ուղարկենք լաբորատորիա և համեմատենք հաշիվ-ապրանքագրում նշված պարամետրերի՝ գնի և քաշի հետ: Այնուհետև նույնն անենք կարագի հետ, բենզինի և այլն: Ես սա ասել եմ բազմիցս, և երրորդ նամակին ինձ ուղարկել են մի պատասխան, որը չի բովանդակում այն, ինչի համար մենք դիմել ենք: Նամակը վերահասցեագրվել է Սննդի պետական ծառայությանը, որը մեզ գրել է իր գործառույթները, որոնք ինձ հայտնի են, ու ես կարիք չունեմ նորից դրանց ծանոթանալու: Խնդիրն ունի լուծման 32 եղանակ՝ վերջինն ինքնասպանությունն է, մենք բոլոր քայլերը կիրառելու ենք՝ հասարակական, դատական, ընտրական…»,- ասաց նա:

Սպառողների միության նախագահը ցավում է, որ Նախագահի աշխատակազմում չի գտնվել մի մարդ, որը հասկանա իրենց նամակի բովանդակությունը և համապատասխան քայլ ձեռնարկի: «Մենք շարունակում ենք այս վիճակում տառապել: Տվյալ դեպքում վնասը ոչ թե օրգանիզմինն է, այլ գրպանինն է: Մենք այդ փորձն ունենք, մենք արել ենք ժամանակին այդ ուսումնասիրությունները և բացահայտել ենք, որ հացի մեջ մինչև 30%-ն օդ է: Մեզ թվում է, որ հաց ենք գնում, այնինչ գումարի 30%-ը վճարում ենք օդի համար: Կան տեխնոլոգիական հնարավորություններ, որի օգտագործման դեպքում արտաքինից երևում է, որ այն հաց է, բայց… օդ է»,- ասում է Ա. Պողոսյանը:

Արմեն Պողոսյանը խոսեց նաև մեկ այլ նամակի և խնդրի մասին: «Մի խնդրով դիմել ենք Երևանի ավագանուն և քաղաքապետին: Խնդիրը հետևյալն է. մեր նախորդ քաղաքապետերից մեկի օրոք գոյություն ուներ հստակ որոշում և իրագործում, ըստ որի՝ Երևան քաղաքի բոլոր դպրոցականները պետք է այցելեն Օպերա, Ֆիլհարմոնիա և թատրոն, բոլորը պետք է այցելեն տարեկան 10-12 անգամ՝ անվճար հիմունքներով: Մենք գիտակից մարդիկ ենք և լավ հասկանում ենք, որ աշխարհում անվճար ոչինչ չկա. անվճար պետք է երեխայի համար լինի, բայց այդ վճարը քաղաքային իշխանությունը պետք է հայթայթի ու փոխանցի թատրոնին: Եվ դա կիրառվող պրակտիկա է: Մենք դիմել ենք այս հարցով և դարձյալ ստացել մի անբովանդակ, վիրավորական պատասխան: Նախկին քաղաքապետերի ժամանակ հնարավոր էր, այժմյանի համար բարդ պրոբլեմ է: Քաղաքը նույնն է, բյուջեն էլ նույնն է, ուրեմն՝ բարի եղե՛ք՝ այն, ինչի համար որ դուք ստեղծված եք, պատշաճ կատարե՛ք: Մեր նամակին գալիս է պատասխան. «Մենք անցկացնում ենք բակային համերգներ»: Սա նշանակում է, որ այդ մարդիկ իրենց տեղում չեն, բակային համերգը լավ բան է, բայց մեր նամակի բովանդակության հետ բոլորովին կապ չունի: Օպերա չհաճախելը երկընտրանքային տարբերակ չունի, նա արդեն մարդ չէ, եթե նա չի հաճախում թատրոն, ֆիլհարմոնիա և այլն»,- ասում է Ա. Պողոսյանը:

Սպառողների միության նախագահը կարծում է, որ այսօր թանկացումների հիմնական պատճառներից մեկն անվերահսկելիությունն է և մենաշնորհը: «Եթե ներկրողը կամ արտադրողը չունի մրցակից և անվերահսկելի է, կամ՝ նույն մարդը և՛ գործարար է, և՛ օրենսդիր, էլ ի՞նչ գների վերահսկողության մասին կարող է խոսքը լինել: Մենք նորություն չենք ասում, կարգավորման մեխանիզմները վատ են գործում, այն աստիճան վատ, որ գրեթե չեն գործում: Բերեմ մի դիպուկ օրինակ. հավամթերքը՝ հավի միսը և ձուն, բիզնեսի այնպիսի տեսակ է, որտեղ ներդրումները շատ արագ են վերադառնում, և առանձին բարդություններ չեն լինում: Մեզ համար ամոթ է, որ մենք ժամանակին արտահանել ենք ձու, իսկ հիմա ձվի ներկրող ենք դարձել: Եվ այդ ոլորտի գործարարներն ասում են՝ մենք առաջարկել ենք Կառավարությանը: Առաջարկը հետևյալն է եղել. շրջանառու միջոցները միշտ սուղ են, հիմա, երբ մենք կեր ենք ներկրում (ցավոք սրտի, անասնակերը Եվրոպայից ներկրելն արդեն աբսուրդ է), այդ կերի հիմնական մասը եգիպտացորենն է: Իսկ դա աճեցնելու համար ի՞նչ է պետք, Ղարաբաղում և Հայաստանում այնպիսի հողեր կան… Մեր ապիկարության մի ցուցանիշներից է, որ հավի կերը ներկրում ենք Եվրոպայից,- ասում է Ա. Պողոսյանը՝ հավելելով,- Եթե մենք այժմ ներկրում ենք, ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) վճարում ենք նույն պահին, բայց մենք դեռ եկամուտը չենք ստացել, տարվա ընթացքում պիտի ստանանք: Եթե Կառավարությունը բարեհաճի մի երևույթ որդեգրի, որ ԱԱՀ-ն հետաձգի, ու տարվա ընթացքում վճարենք՝ կունենանք շրջանառու միջոցներ ու կհասնենք նրան, որ այլևս չենք ներկրի հավի միս կամ ձու, այլ կարտահանենք»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս