Բաժիններ՝

«Լավ կրթությունս անհրաժեշտ էր, որպեսզի, անգամ, երբ «ոտքերս, ձեռքերս կտրեն», էլի շարունակեմ ապրել…»

Ջազ երգչուհի Էմմա Ասատրյանի վարակիչ ժպիտն ավելի քան խոսում է նրա մարդ տեսակի լուսավոր լինելու և ամեն հարցում դրականը տեսնելու և գնահատելու մասին: Հարցազրույցի ընթացքում հնչած «ամենատհաճ» հարցից անգամ նա կարողացավ իր հայտնի երգի կատվային ճկունությամբ դուրս գալ և ողջունելի «խորամանկությամբ» փոխել հարցազրույցի ընթացքը` դեպի բարին և դրականը: Իսկ այդպես կարող է միմիայն գրագետ, հավասարակշռված և խելացի էակը: Ճանաչված հայրիկի` Հայաստանի պետական ջազ նվագախմբի պրոդյուսեր Արթուր (Ասատուր) Ասատրյանի ոչ պակաս հայտնի դուստրն իրեն երբեք չի դասել «звезд»-ների շարքին և առավել մեծ հպարտությամբ խոսում է իր պաշտելի հայրիկի և իր սաների հետ կայանալիք մյուզիքլի մասին:

– Էմմա, Դուք Ձեզ համարո՞ւմ եք հայտնի, ճանաչված երգչուհի: Եվ ընդհանրապես, երբևէ նման նպատակ հետապնդե՞լ եք:

– Ոչ, իհարկե: Ես չեմ համարում ինձ ո՛չ հայտնի, ո՛չ էլ ճանաչված:
Հաճախ մարդիկ ինձ հետ շփվելուց օրեր կամ շաբաթներ հետո ասում են, որ տեսքս ու ձայնս իրենց ծանոթ է: Կամ, երբ վերջապես գլխի են ընկնում, հարցնում են. «Վայ, Դուք «Ելակ» երգի Էմմա՞ն եք»: Կամ ավելի զվարճալի է լինում, երբ ասում են, թե դեմքս ծանոթ է իրենց, հարցնում են` որտեղի՞ց է դեմքս ծանոթ: Ես էլ զարմացած ասում եմ. «Հա՞: Չգիտեմ` որտեղից…»: Ամեն դեպքում չեմ կարող ինձ համարել հայտնի ու շատ ճանաչված: Ինչ վերաբերում է հայտնի լինելու ցանկությանը, ապա, իհարկե, եղել է նաև նման շրջան իմ կյանքում` 12-16 տարեկանում, երբ երազում էի ինչ-որ անհասկանալի բաների մասին: Հետո մեծացա և հասկացա, որ կյանքի իմաստը չի կարող դրանում լինել: Եվ առավել ևս` ոչ էլ երջանկությունը:

Emma Asatryan (8)

Կարդացեք նաև

– Քանի որ մեր երկիրը շատ փոքր է, ապա մի քանի անգամ եթերով ցուցադրելուց հետո ցանկացած մեկը կարճ ժամանակահատվածում կդառնա հայտնի և ճանաչված: Ինչպե՞ս եք վերաբերվում այն մարդկանց, ովքեր մեկ-երկու անգամ եթերում լինելով` կտրուկ փոխվում են: Նրանց մոտ մի տեսակ և՛ քայլվածքն է փոխվում, և՛ խոսելաոճը:

– Փոքր-ինչ համամիտ չեմ Ձեզ հետ, երբ ասում եք, թե մեկ-երկու անգամ հեռուստատեսությամբ երևալով և անգամ մեկ թանկարժեք տեսահոլովակ նկարահանելով` հնարավոր է դառնալ հայտնի: Եղել են դեպքեր, երբ ինչ-որ մեկի տեսահոլովակը օրվա մեջ 10 անգամ տեսել ենք, և այն արժեցել է (պատրաստման համար ծախսվել է), օրինակ` 15.000 դոլար, բայց հիմա չենք էլ հիշում ո՛չ տվյալ երգչին, ո՛չ էլ այդ տեսահոլովակի երբեմնի գոյության մասին:

Ինչ վերաբերում է մարդկային արժեքներին, ապա վերջերս հետաքրքիր մի միտք կարդացի Արտո Թունչբոյաջյանի հարցազրույցներից մեկում. «Փորձեք կովին հագցնել Պիեր Գարդեն և ասել, թե նա կով չէ…»: Միգուցե կոպիտ է հնչում, բայց համամիտ եմ Արտոյի հետ:

Ինչ խոսք, «փառք» բառը սարսափելի թունավոր երևույթ է, այն ունակ է փոխելու մարդկանց արժեհամակարգը: Այդ թույնից մարդ կարող է ուրանալ, կուրանալ, մարել, ջնջվել… Բայց, միևնույն է, բնության հետ/դեմ խաղ չեն անում: Իսկ մենք բնության մի մասնիկն ենք, մի ճյուղը, մի ծաղիկը: Մարդս մարդ լինի, ի վերջո:

Emma Asatryan (3)

– Առհասարակ, ինչո՞ւ է մարդը ձգտում ճանաչելիության:

– Փառքը գայթակղիչ բան է: Մարդ արարածն առհասարակ սիրում է լինել սիրված, ուշադրության կենտրոնում: Ամենաանսիրտ և սառը թվացող բնավորությամբ մարդն անգամ ուզում է լինել սիրված: Սակայն, երբ այդ ցանկությունն անցնում է թույլատրելիի սահմանները, դառնում է հիվանդագին նպատակ:

– Դուք բավականին նախանձելի երաժշտական կրթություն եք ստացել: 16 տարեկանում մեկնել եք Ավստրիա և 3 տարի սովորել Կլագնեֆուրտ քաղաքի Կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: Նաև սովորել եք Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Այդ հսկայական կրթությունը Ձեզ անհրաժեշտ էր, որպեսզի՞…

– Որպեսզի մարդկային արժեքներս երբեք չկորցնեմ: Ես կարծում եմ, որ հայրս էլ այդպես կպատասխաներ: Որպեսզի կարողանամ ինքնուրույն քայլել: Որպեսզի չընկնեմ` մենակ լինելուց, անգամ, երբ «ոտքերս կոտրեն, ձեռքերս կտրեն», էլի շարունակեմ քայլել, ապրել, թևեր առնել, ուժեղ և պիտանի լինել:

Emma Asatryan (5)

– Կարիերայի և ֆինանսական առումով ինչպիսի՞ ապագա ունի այսօր Հայաստանում պրոֆեսիոնալ ջազ երգչուհին:

– Սարսափելի… Եթե միայն երգչուհի լինելու մասին է խոսքը, ապա կարծում եմ` սարսափելի ապագա: Միգուցե լավատեղյակ չեմ, բայց դա իմ կարծիքն է: Չեմ փորձել զբաղվել միայն դրանով:

– Ձեզ դժվար թե հրավիրեն հայկական ուտուշ-խմուշային երեկույթներին` ռեստորաններում երգելու: Ճանաչված շատ երգիչ-երգչուհիներ երգում են ռեստորաններում` կնունք, ծնունդ, հարսանիք-արարողությունների ժամանակգ Բնականաբար, մարդիկ մի կերպ պետք է գումար աշխատեն, ես չեմ էլ փորձում քննադատել նրանց և չունեմ այդ իրավունքը: Սակայն հետաքրքիր է` ինչպե՞ս են գումար աշխատում կլասիկ ոճի, ջազ, ֆոլկ ոճերի երգիչ-երգչուհիները:

– Ես կարող եմ միմիայն իմ փոխարեն պատասխանել: Անձամբ ես դասավանդում եմ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, ունեմ շատ աշակերտներ, ասիստենտ եմ աշխատում նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, գրում եմ երգեր… Ուրիշների փոխարեն դժվարանում եմ պատասխանել: Կասեմ միայն, որ մեր ազգն ունի յուրահատուկ ֆենոմեն` ցածրագույն աշխատավարձերով ապրում է բավականին թանկ երկրում` հագնում է միշտ նորը, կաշվից դուրս գալով` երեխային ուսման է տալիսգ և ստանում է, օրինակ, 80.000 դրամ պետական աշխատավարձ: Արդյոք սա ֆենոմենալ երևույթ չէ՞:

Emma Asatryan (2)

– Ձեր հայրը հարցազրույցներում նշում է, որ երբեք չի ցանկացել, որ Դուք դառնաք երգչուհի: Երբևէ չե՞ք փոշմանել, որ չեք լսել հայրիկին:

– Իրականում այդ ես եմ երբեմն բարկանում նրա վրա, որ լսել է ինձ, և երբ 5 տարեկանում` ծուլությանս պատճառով, սոլֆեջիոյի թե դաշնամուրային նյութերից մեկի ժամանակ ասացի, որ էլ չեմ գնալու երաժշտական դպրոց, նա շատ հանգիստ ասաց. «Մի գնա, եթե չես ուզում»: Հորս` իմ ծուլությանն ընդառաջ գնալու պատճառով, բավականին տանջվում էի հետագայում` Ավստրիա գնալուց առաջ` ժամերով, օրերով պարապում էի` բաց թողած տարիներս լրացնելու համար… Ես երջանիկ եմ երաժշտության մեջ:

Ես ապրում եմ, շնչում եմ դրանով: Երաժշտությունը միակ հավանական ուժն է, որը երբեք չի լքում, որը միշտ կողքիդ է, որը միշտ բուժում է` սիրո նման: Ես միշտ ասում եմ, որ երաժշտությունն ու սերը երևի թե զույգեր են:

– Ձեր պրոդյուսեր հայրը որքանո՞վ է օգնում Ձեզ: Հիմա, երևի թե, կասեք, որ չի օգնում, բայց այդ ո՞ր, այն էլ` հայ հայրը չի օգնում իր երեխային: Եվ ինչո՞ւ է այդ մասին խոստովանելն ամոթ համարվում:

– Գիտեք, Աստված իմ մամային շատ շուտ է տարել… Բայց տվել է ինձ աշխարհի ամենալավ, ամենաանթերի պապային: Ի դեպ, իմ կարծիքի հետ շատ-շատերն են համամիտ:

Emma Asatryan (7)

Emma Asatryan (6)

– Ասում են` բոլոր կանայք սեփականատեր են: Համարո՞ւմ եք Ձեզ այդպիսին:

– Այն էլ ինչպիսի: Առանձնահատուկ սեփականատեր եմ: Այն, ինչ իմն է, իմն է ընդմիշտ, և ոչ ոք չի կարող այն վերցնել ինձանից կամ թեկուզ մի բիծ քաշել վրան: Միայն թե այն պետք է արժանանա իմը լինելու պատվին: Եվ ես վերջինիս համար աստղեր էլ կիջեցնեմ երկնքից, լուսնի հետ էլ կպարեմ… Միայն, եթե այն իմը լինի:

– Երբևէ չե՞ք խոչընդոտել, որ Ձեր հայրը երկրորդ անգամ ամուսնանա: Չնայած նա խոստովանում է, որ մեծ հաճույքով հետևում է, թե ինչպես եք Դուք` քույր ու եղբայր, պաշտում իրար:

– Ես ամեն երեկո աղոթում եմ և ասում Տիրոջը` շնորհակալություն այն ամենի համար, ինչ ունեմ, խնդրում եմ, որ պահպանի… Պահպանի մեր ընտանիքը, պապային, մեր Աննային և Արթուրիկին, որպեսզի նրանք միշտ լինեն խաղաղ, համերաշխ և անսահման երջանիկ, և ես էլ` նրանց հետ: Որ ես էլ երբեք նրանց չհիասթափեցնեմ, և միշտ երջանկացնենք մեկս մյուսին: Ինչպե՞ս կարելի է խոչընդոտել երջանկությանը: Չէ՞ որ ամեն ինչ այս կյանքում փոխադարձ է: Եթե խոչընդոտես որևէ մեկի երջանկությունն, ապա այդ քայլդ անպայման մի օր կվերադառնա քո դեմ:

Emma Asatryan (1)

– Ձեր «Կատու» տեսահոլովակը սյուրռեալիստական ոճի մեջ է արված և հետաքրքիր լուծումներ ունի՝ ոչ շաբլոն: Ցանկացել եք տարբերվե՞լ:

– Ես չեմ ցանկացել և երբեք չեմ ցանկանում, պարզապես այդպես ստացվում է: Այն ամենը, ինչ անհնար է, ինձ հետ է կատարվում: Կարելի է գրքեր գրել այն մասին, թե ինչ կարող է պատահել միայն Էմմայի հետ: Եվ քանի որ երգերիս հեղինակը ես եմ՝ և՛ երաժշտության, և՛ խոսքերի, երգերս արտացոլում են իմ ապրումները, պատմությունները, ժպիտներն ու արցունքները: Ոչինչ հենց այնպես երբեք չեմ գրել: Իսկ գործիքավորող Մարտին Միրզոյանն ու ռեժիսոր Դավիթ Բաբայանը` Դոդոն, լավ հասկացել են իմ լեզուն, երգիս լեզուն:

– Պատմեք Ձեր այսօրվա գործունեության և անելիքների մասին:

– 2008-ից աշխատում եմ անչափ սիրելի, ինչպես վերջերս եմ ասում` իմ երկրորդ տանը` Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ անհավանական դրական, եռանդով, կյանքով լի մթնոլորտ էգ Աշխատում եմ աշակերտներիս հետ: Այս տարի շատ բան ունենք անելու, քանի որ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դահլիճում պատրաստվում ենք ներկայացնել «The Cats» մյուզիքլը` հենց երեխաների նվագակցությամբ (Jazz big band-ով, կամերային նվագախմբով) և, իհարկե, վոկալիստների հետ: Այն տեղի կունենա մայիսի 5-ին, ժամը 19:00-ին: Դրանից հետո ունենք էլի մեծ համերգներ, քանի որ երաժշտական մեր դպրոցի 85-ամյակն է: Դե՛, դասերս Կոնսերվատորիայում շուտով կսկսվեն: Մեծ դադարից հետո արդեն փետրվարին կերգեմ Հայաստանի պետական ջազային նվագախմբի հետ:
Մեծ անհամբերությամբ սպասում եմ նոր երգին:

Երգս գործիքավորելու համար համբերատար սպասում եմ իմ տաղանդավոր ընկեր, գործիքավորող Մարտին Միրզոյանին, որպեսզի մի օր այն ներկայացնեմ Ձեզ: Նոր երգերս երեքն են: Եթե մեկն այս տարի գործիքավորվի` շատ գոհ կլինեմ, իսկ եթե 2-ը` երջանիկ:

Emma Asatryan (4)

– Այսօր քչերն են խոստովանում, որ կատարել են պլաստիկ վիրահատություն: Երբևէ ունեցե՞լ եք այդ մասին բարձրաձայն խոսելու խնդիր:

– Անձնական կյանքի, մեքենաների, ստացած ճոխ նվերների, թանկարժեք հագուստի, ինչպես նաև` վիրահատությունների մասին խոսելը հատուկ է հայտնի մարդկանց, իսկ ես հարցազրույցի սկզբում նշեցի, որ չեմ համարում ինձ նրանցից: Եվ մշտապես զարմացել եմ, երբ նմանատիպ հոդվածներ եմ կարդացել ուրիշների մասին: Չէ՞ որ ես լրագրողին երբեք չեմ հարցնում, թե ի՞նչ է հագել բլուզի տակից: Կամ` հագինը բամբակյա՞ է, թե՞ ոչ:

– Բավական խորամանկորեն շրջանցեցիք հարցը:

– Կարևորը երջանիկ, առողջ և սիրված լինելն է: Կարող ես լինել աշխարհի ամենագեղեցիկն ու ամենալավն ու շնորհքովը, բայց չլինես երջանիկ: Լինում է նաև հակառակը: Դա է կյանքը: Այն անկանխատեսելի է:

– Ե՞րբ եք պատրաստվում ստեղծել Ձեր ընտանիքը: Մտածո՞ւմ եք այդ ուղղությամբ:

– Հաճախ եմ մտածել, ցանկացել, պլաններ կազմել կամ երազել` առաջ ընկնելով, բայց Աստծուց առաջ չեն ընկնում: Առաջն Աստված: Աստված տա` ունենամ մեծ ու երջանիկ ընտանիք և շատ բալիկներ կամ բալիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս