Ֆրանսիան սպասում է Փերինչեքի դատավարության ավարտին. Օլանդը մի շարք խոստումներ է տվել ֆրանսահայերին՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ
Երեկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն երկրորդ անգամ մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Նա հանդես է եկել ծավալուն ելույթով, որում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու 100-ամյակին ընդառաջ իր նախաձեռնած միջոցառումներին: Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե եկել է տաբուները կոտրելու ժամանակը:
«Համոզված եմ, որ հարյուրամյակի տարում նոր ժեստեր, նոր քայլեր կտեսնենք ճանաչման ուղղությամբ»,- ասել է Օլանդը:
Նա անհրաժեշտ է համարել ճշմարտության վերհանման համար պայքարի շարունակումը: Օլանդը հաստատել է, որ 2015 թվականի ապրիլի 24-ին գտնվելու է Երևանում, ուր կանցկացվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ: Հիշեցնելով, որ Թուրիքայի իշխանությունները մեկ տարի առաջ ցանկություն են հայտնել միանալ «հայ ժողովրդի տառապանքների հիշատակմանը»՝ Օլանդը շեշտել է, սակայն, որ սա ընդամենն առաջին քայլն է, և չի կարելի դրա վրա կանգ առնել:
168.am-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն ասաց, որ հանդիպումը քաղաքական և ռազմավարական նշանակություն ուներ, քանի որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկայացրեց Ֆրանսիայի անելիքները՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Ըստ Փափազյանի` Օլանդը որոշեց ներկա գտնվել հայերի կողքին և նրանց հետ զրույցում տեղեկացնել բոլոր միջոցառումների մասին:
«Օլանդը տեղեկացրեց, որ պետք է հովանավորի Ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային մի կոնֆերանս, որը պետք է տեղի ունենա չորս օր Սորբոնի համալսարանում: Նա պետք է ներկա լինի Երևանում՝ ապրիլի 24-ին Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար, նա առաջին նախագահն է, որը հայտարարեց այդ մասին: Նա հաստատեց, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է լինելու Փերինչեքի դատավարության ընթացքում, և դա պատահական չէ:
Նա երեկ շեշտեց, որ Ֆրանսիան կփորձի դերակատարություն ունենալ և ստիպել, որպեսզի Թուրքիան առաջ գնա Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Բայց նաև մենք շեշտը դրեցինք այն բանի վրա, որ Ցեղասպանության ճանաչումը բավարար չէ, պետք է նաև հատուցման պահանջ դնել, և Թուրքիան հատուցի: Սա դարձել է ամենամյա ընթրիք. ամեն տարի հունվարի վերջին պետք է այս ընթրիքը տեղի ունենա»,- մանրամասնեց Մուրադ Փափազյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է Ֆրանսուա Օլանդն անընդհատ հետաձգում Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծի ուղղությամբ աշխատանքները, նա պատասխանեց, որ Փերինչեքի դատավարությունը պետք է ավարտվի և ուղենիշային դառնա նման օրինագծերի պատրաստման և կիրառման հարցում: Ըստ նրա` այդ պատճառով էլ պետք է հաղթական դուրս գալ այդ դատավարությունից:
«Եթե Փերինչեքը հաղթի, ապա լուրջ դժվարություններ կունենանք, և հնարավոր չի լինի նոր օրինագիծ պատրաստել: Ուստի նկատի ունեցանք, որ դատավարությունը ռազմավարական բնույթ է ստանալու, դիմեցինք Ֆրանսիային, որպեսզի կառավարությունը զբաղվի և օգնի Հայաստանին այս գործում՝ որպես կողմ: Ինչո՞ւ: Հունաստանն ընդունել էր նման օրենք, Փերինչեքն ասաց, որ գնալու է Հունաստան ու այնտեղ հերքի Ցեղասպանության փաստը, Հունաստանում մերժեց Ցեղասպանության իրականությունը, և այդպես շարունակ, ուստի այս հարցում պետք է հաղթանակ ունենանք, և այդ դատավճիռն ու գործը դառնա նախադեպային: Իսկ Օլանդը խոսք է տվել, որ այդ օրենքը դրվելու է շրջանառության մեջ և այնպես, որ այլևս խոցելի չլինի և չմերժվի Սահմանադրական դատարանի կողմից: Նա միշտ իր խոսքի տերն է եղել, երբ խոստացել է՝ իրականացրել է: Փոխադարձ վստահություն ունենք»,- վստահեցրեց Մուրադ Փափազյանը: