Բաժիններ՝

Ազա՞տ, թե՞ անազատ. սա է խնդիրը

Բուհում սովորելու տարիներին դասախոսներից ոմանք ինձ միշտ զարմացնում էին։ Խոսքը վերաբերում է տարեց դասախոսներին, ովքեր ԽՍՀՄ-ի օրոք սովորեցնում էին, թե ինչ արդյունավետ է տնտեսության վարչահրամայական մոդելը, և որքան վատն է շուկայական տնտեսությունը։ 1991 թվականից հետո նրանք նույն ոգևորությամբ խոսում էին կապիտալիզմի առավելությունների մասին։ Դժվար էր հասկանալ՝ այս մարդիկ նախկինո՞ւմ էին մոլորության մեջ, թե՞ հիմա։ Կամ՝ ե՞րբ էին հավատում իրենց ասածներին։ Հետո սկսեցի մտածել, որ այս մարդիկ երբեք էլ իրենք իրենց ասածներին չեն հավատում։

Չեն էլ մտածում այդ մասին։ Պարզապես ասում են այն, ինչը համահունչ է տվյալ ժամանակներին ու կարգերին։ Հասարակարգ էր փոխվել, ի վերջո։
Նմանատիպ զարմանք հարուցում են մեր այժմյան նախարարները։ Ուրեմն այսպես, 12 երկար ու ձիգ տարիներ Հայաստանի իշխանությունները միշտ հպարտացել են մեր երկրի տնտեսական ազատությամբ։ Դեռ 2003 թվականի նախագահական ընտրություններից առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական բուկլետում, ի թիվս գործող նախագահի օգտին խոսող այլ փաստարկների, նշվում էր.

«2001 թվականին The Heritage Foundation հիմնադրամը և «The Wall Street Journal»-ը Հայաստանը տնտեսության ազատականության տեսանկյունից ճանաչել են 45-րդն աշխարհում՝ Լեհաստանի և Ֆրանսիայի հետ մեկտեղ։ Արդեն կան նաև 2002 թվականի տվյալները, մեր երկիրը 44-րդն է»։ Այս փաստը հիշատակվում էր այնպիսի հպարտությամբ, որ կարելի էր կարծել, թե մենք ունենք նույնպիսի կայացած շուկայական տնտեսություն, ինչպիսին Ֆրանսիան։

Մամուլը դեռ այն ժամանակ գրում էր, որ տնտեսության ազատ լինելն ինքնանպատակ չէ (ինչպես որ ինքնանպատակ չէ երկնիշ տնտեսական աճը), և, որ միայն տնտեսական ազատության մակարդակը ոչինչ չի որոշում։ Այն, որ Հայաստանը տնտեսական ազատության առումով ավելի բարձր հորիզոնականում է, քան Ֆրանսիան, դեռ չի նշանակում, որ կարող ենք համեմատվել այդ երկրի տնտեսության հետ։
Սակայն նման կարծիքները բանի տեղ դնող չկար։ Տնտեսական բլոկի նախարարները շարունակում էին հպարտանալ իրենց ձեռքբերմամբ։ Ընդ որում, որպես կանոն՝ մոռանում էին նշել այն թերությունների մասին, որոնց մասին նշվում էր նույն տնտեսական ազատականության ինդեքսում։

Այս առումով առանձնանում էր հատկապես այն ժամանակվա տնտեսական քաղաքականության գլխավոր պատասխանատուն՝ Կարեն Ճշմարիտյանը։ Մարդ, ով 8 տարի եղել է ոլորտի ղեկավարը (1999-2002թթ.- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար, 2002-2007թթ.- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար): Այդ ամբողջ 8 տարիների ընթացքում նա տարբեր առիթներով խոսել է տնտեսական ազատականության ինդեքսի ու մյուս զեկույցների մասին։ Լրջորեն նեղվել է, երբ ասել են, որ չի կարելի այդ զեկույցների դերը գերարժևորել։

8 տարիների ընթացքում Հայաստանն այդ վարկանիշում առաջադիմել է, իսկ պրն Ճշմարիտյանը միշտ փորձել է ապացուցել, որ ազատական ու բաց լինելը ճիշտ է։
Իսկ ի՞նչ է անում պրն Ճշմարիտյանը հիմա։ Նա այժմ էկոնոմիկայի նախարարն է՝ կրկին տնտեսական ոլորտի պատասխանատուն է։ Նա այլևս չի քարոզում տնտեսական ազատականություն։ Ավելին, նա աշխատում է մի կառավարությունում, որը մտնում է Եվրասիական տնտեսական միություն։ Այսինքն՝ տնտեսությունը մտնում է խիստ սահմանափակումների դաշտ, բաց ու ազատ տնտեսությունից վերածվում փակ տնտեսության։

Պրն Ճշմարիտյանի օրոք կառավարությունն ընդունում է որոշում, որով, ասենք, սահմանափակվում է Հայաստան մտնող սպիտակ շաքարի քանակությունը՝ բացի ԵՏՄ անդամ երկրներից։ Այսինքն, Կարեն Ճշմարիտյանի օրոք Հայաստանում առաջին անգամ մտնում է արտաքին առևտրի քվոտավորում:
Արդյո՞ւնքը։ Խնդրեմ։

Հայաստանն այս տարի դիրքերը զիջել է տնտեսական ազատության ցուցանիշով: Սա է փաստում այսօր Ամերիկյան հեղինակավոր «Հերիթեյջ ֆաունդեյշընը»։
The Heritage Foundation-ը նախօրեին հրապարակել է «Տնտեսական ազատության ինդեքս 2015» հետազոտությունը: Վարկանիշային աղյուսակում ՀՀ-ն 67.1 միավորով գրավել է 52-րդ հորիզոնականը՝ այն դեպքում, երբ անցած տարի 41-րդ տեղում էր: Կազմակերպությունը ՀՀ-ի տնտեսական ազատության անկում է գրանցել 10 կետերից հիմնական 6-ում, մասնավորապես՝ սեփականության իրավունքների պաշտպանության, աշխատանքի ազատության և արժութային ազատության ոլորտներում զգալի վատթարացում է եղել:

Ամեն դեպքում, Հայաստանը դեռևս գնահատվում է՝ որպես միջին տնտեսական ազատություն ունեցող երկիր: Հետո կհամարվենք քիչ ազատ կամ անազատ, որովհետև մի շարք ապրանքատեսակների գծով դեռ 5 տարի չեն գործելու ԵՏՄ բարձր մաքսատուրքերը։

Եվ դա նորմալ է համարվում։ Տնտեսական ազատության ինդեքսի մասին մեր պաշտոնյաներն այլևս չեն խոսի, չեն կարևորի այն։ Կարեն Ճշմարիտյանն էլ այլևս կմոռանա այս զեկույցի գոյության մասին և չի հիշի այն ժամանակները, երբ հպարտությամբ մեջբերումներ էր անում դրանից։

Խնդիրը Կարեն Ճշմարիտյանի անձը չէ. նրա օրինակը բերեցինք, որովհետև տնտեսական քաղաքականության պատասխանատուն ֆորմալ առումով նա է (էր)։ Խնդիրը մոտեցումներն են։ Կարեն Ճշմարիտյանը պարզապես մարմնավորում է համոզմունքների փոփոխականությունը, կամ, եթե կուզեք՝ համոզմունքների բացակայությունը բարձրաստիճան պետական այրերի շրջանում։

Ինչպես կասեր Տիգրան Սարգսյանը՝ արագ փոփոխվող աշխարհում արագ փոփոխվում են նաև առաջնահերթությունները և մոտեցումները։ Փոխվում են՝ ոչ թե վերլուծությունների կամ մտահայեցման արդյունքում, այլ՝ ըստ պահի նպատակահարմարության։ Ասենք, շինարարության աճը նախկինում դրական երևույթ էր, հետո դարձավ «փուչիկ»։

Դրամի արժևորումը նախկինում նորմալ էր, հիմա նորմալ է արժեզրկումը։ Նախկինում շարժվում էինք դեպի Եվրամիություն, հիմա Եվրասիական միության անդամ ենք։ Տնտեսական ազատությունը նախկինում անհրաժեշտ էր, հիմա՝ հակառակը։
Ու վերջապես, անկախությունը նախկինում բարձրագույն արժեք էր, հիմագ Հիմա ԱԺ պատգամավորը բացահայտ հայտարարում է, որ Հայաստանը միշտ էլ եղել է Ռուսաստանի լծի տակ ու պետք է լինի։ Ու այդքանից հետո շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր՝ իշխանական խմբակցությունից։

Ավելի մեծ հաշվով՝ խնդիրն այն չէ՝ տնտեսության ազատակա՞ն լինելն է լավ, թե՞ ոչ այնքան ազատական։ Ավելի կարևոր է մարդկանց մտածելակերպի ազատ լինելը։ Օրինակ, Ռուսաստանի լծի մասին խոսող պատգամավորը գոնե այս հարցում ազատ է՝ ինչ մտածում, այն էլ ասում է։ Իսկ թե իրականում ինչ են մտածում Կարեն Ճշմարիտյանն ու մյուս պաշտոնյաները՝ դա երբեք չենք իմանա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս