«Եթե աշխատող կին ես, չի նշանակում` քո կանացիությունը կորցնում ես». Շաքե Հավան-Կարապետյան

Երևանում շատերի կողմից սիրված  վայրի՝ «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանի հիմնադիր և տնօրեն Շաքե Հավան-Կարապետյանի հետ մենք զրուցել էինք դեռևս ամանորյա տոներից առաջ, սակայն որոշեցինք ներկայացնել ամանորյա թեժ անցուդարձից հետո:

Պարսկաստանում ծնված, երկար տարիներ ԱՄՆ-ում ապրած Շաքե Հավան-Կարապետյանը գործարար կին է, ով դեռևս 2001 թվականից մշտապես տեղափոխվելով Հայաստան՝ կարողացել է այս գեղեցիկ անկյունը ստեղծել երևանցիների համար՝ գիրքը և սուրճը միմյանց հետ համադրելով: Նրա հիմնած սրճարանը արվեստի ու մի բաժակ սուրճի միջև ստեղծված կամուրջ է՝ հաճելի ու ոչ պարտադրող մթնոլորտով, որը  տարիների ընթացքում ձեռք է բերել իր հավատարիմ և մշտական հաճախորդներին։ Նրանցից շատերը սրճարանում են ծանոթացել, մտերմացել, նոր ծրագրեր, նախագծեր արել միմյանց հետ: Հաճախ հետաքրքիր քննարկումներ են տեղի ունենում՝ ինքնաբուխ, քանի որ սրճարանի մթնոլորտն է այդպիսին՝ համեղ, հաճելի և չպարտադրող:

shake (13)

– Այս տարի քաղաքում շատ այլընտրանքային սրճարաններ բացվեցին, որոնցից մեկն էլ ժամավճարով սրճարանն է, որը նորություն էր մեզ համար, նաև շատ սրճարան-ռեստորաններում գրքեր հայտնվեցին: Այս ամենը չխանգարե՞ց «Արտ Բրիջին»՝ մնալ յուրահատուկ ու պահպանել իր եզակիությունը:

Կարդացեք նաև

– Դեռևս 2001 թվականից, որպես գրախանութ-սրճարան, մենք առաջինն ենք եղել, ու եթե նոր գրախանութ-սրճարան է բացվում, ուրեմն` այն պետք է լինի շատ ավելի լավը, քան «Արտ Բրիջն» է: Բայց եթե այն «միջին» է արվում, շատ ուրիշ բաներ կան, որ ես կառաջարկեի իրենց փորձել: Մենք ունենք մեր սկզբունքները, որոնք տարիների ընթացքում փորձում ենք ճկուն դարձնել, բայց դրանք չփոխել:  Ես, անկեղծ ասած, չեմ եղել այդ նոր սրճարաններից շատերում, բայց մի քանիսի միտքն ինձ շատ է դուր եկել: Կարծում եմ` բավականին հետաքրքիր են, տարբեր հաճախորդների հավաքածու ունեն: Ես կարծում եմ, որ մաքուր մրցակցության մեջ շահում է հաճախորդը, և դա ես ողջունում եմ: Մեկում եղել եմ. Տերյան փողոցի վրա է` «Էօնը». ժամավճարով է, գիրք ունի, շատ անուշ տեղ է, պայծառ երիտասարդներ են այցելում: Շատ հավանում եմ ու շատ ուրախ եմ, որ այն կա:

shake (4)

– Այս տարի նոր ծրագրեր իրականացրեցի՞ք` գիրքը հասարակությանն ավելի հասանելի դարձնելու համար:

– Ցավոք սրտի, այս տարի այնքան չարեցինք, որքան ես կուզեի: Շատ քիչ ծրագրեր իրականացրեցինք: Ունեցել ենք ընթերցումներ, շնորհանդեսներ, քննարկումներ, բայց «Արտ Բրիջի»  յուրահատկությունն այդ իմաստով մշտապես նաև եղել է այն, որ մենք մարզեր ենք գնացել: Դժբախտաբար, 2 տարի է` չենք գնում: Այն, ինչ որ «Արտ Բրիջն» է արել, ամբողջովին բարեգործական մոտեցում է եղել, ու ավելի շատ սահմանամերձ գյուղեր ենք գնացել: Մեր մոտեցումն այդ իմաստով շատ տարբեր է եղել. մենք գրքի վաճառք չենք կազմակերպել: Իմ նպատակը եղել է գիրքը գյուղի երեխաներին հասանելի դարձնելը, որ նրանք ձեռք տան գրքին, շոշափեն այն, ծանոթանան այսօրվա նոր գրքերին: Հիմա Հրատարակիչների միությունն այս նույնն անում է շատ ուրիշ ձևով և այցելում է մարզկենտրոններ, և մենք իրար կխաչաձևվենք, իսկ այդ խաչաձևվելուն կողմ չեմ՝ կխանգարենք իրար: Այդ պատճառով այժմ նման ծրագիր չենք անում: Այդ ամենի կազմակերպումն ամբողջությամբ մեզ վրա էր, ու դա էլ խնդիր էր:

shake (11)

shake (10)

 Իսկ մյուս տարի բացը կլրացնե՞ք:

– Ես ինքնանպատակ բաներ չեմ սիրում անել. ամեն ինչը պետք է մի նպատակի ծառայի, գրքերի զուտ վաճառքն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, երբ այն ինչ-որ մի հետաքրքիր բան է ունենում իր մեջ: Մենք մեկ ուրիշ սովորույթ ենք ունեցել` մեր զուտ ավանդական տոները մենք նշել ենք այստեղ. «Համբարձում», «Բարեկենդան» և այլն: Կարծում եմ, որ մյուս տարի մենք կփորձենք դրանք վերադարձնել: Որովետև դրանք «համով» են, ու շատ հետաքրքիր ձևով ենք նշում: Մտածում ենք գնալ դեպի ավանդականը՝ ավելի ժամանակակից մատուցմամբ:

shake (7)

Կարծում եմ` կարող ես ավանդականն անել ավելի ժամանակակից ձևով, որպեսզի այսօրվա երիտսարդը հաճույքով մոտենա դրան, ու իր մոտ տոնը տպավորվի: Մենք 2 տարի տոնել ենք «Բարեկենդանը», բայց երրորդ տարին չարեցինք, որովհետև արդեն բոլորն անում էին: Դա իմ ոճն է` չեմ սիրում կրկնօրինակել:

– Ստացվում է, որ Դուք միշտ լինում եք առաջինը, հետո շատերը Ձեզ ընդօրինակում են, ապա Դուք, այսպես ասած, հետ եք քաշվում:

– Այո, կարելի է ասել այդպես. չգիտեմ` ես իրավունք ունե՞մ այդպիսի բան ասելու, բայց այդպես է: Ես չեմ խանգարում, ընդհակառակը` ասում եմ, որ նա ինձնից պետք է ավելի լավն անի:

– Գրքերի մոտ բարեկամ եք ու հայ ընթերցողներից շատերին եք ճանաչում. Դուք նո՞ւյնպես այն կարծիքին եք, որ այսօր գիրք քիչ են կարդում: 

– Ոչ, ես երբեք այդպես չեմ կարծել, հիմա էլ այդ կարծիքին չեմ: Կարծում եմ` մեր երիտասարդությունը կարդում է, պարզապես դա չի նշանակում, որ նրա կարդացածը պետք է պարտադիր թղթե գիրք լինի: Նա կարդում է այն, ինչ իրեն հետաքրքիր է: Եվ եթե ես` հրատարակիչս, չգիտեմ` ինչ ես կարդում, կամ հրատարակելու համար՝ ի՞նչ կցանկանաս կարդալ 2 ամիս հետո, ապա դա իմ խնդիրն է: Ես հավատացած եմ` մենք կարդացող ժողովուրդ ենք: Ես նայում եմ մեր աշխատակազմին. բոլորը երիտասարդ են ու բոլորը գիրք են կարդում: Այն ժամանակ, երբ չեն աշխատում, գիրք են կարդում: Մենք սխալվում ենք, երբ ասում ենք` ոչ մեկը գիրք չի կարդում, չի կարելի այդպես ասել, որովհետև դու բոլորին չգիտես, և նաև սխալ եմ համարում երիտասարդությանը թերագնահատելը:

shake (6)

– Այսինքն` ըստ Ձեզ` այսօր տպագիր գրքին որոշ չափով փոխարինել են էլեկտրոնային գրքերը, և մեր հասարակությունն այնուամենայնիվ կարդո՞ւմ է:

– Ես կարծում եմ, որ բոլորը կարդում են, կամ, եթե հայերենը չեն գտնում, ապա ռուսերեն, ֆրանսերեն կամ անգլերեն տարբերակով են կարդում: Այդ պատճառով ասում եմ` թերագնահատել չի կարելի: Այսօր եթե 10 կամ 18 տարեկան երեխան պլանշետով է կարդում, նա, այնուամենայնիվ, կարդում է:

– Դուք անտարբեր քաղաքացի չեք ու շատ հաճախ հետաքրքրվում եք ոչ միայն երկրի հասարակական կյանքով, այլև քաղաքական: Ինչպե՞ս կգնահատեք 2014 թվականը, ինչպիսի՞ տարի էր այն մեզ համար:

– Գիտեք, ես ՀՀ քաղաքացի չեմ ու 15 տարի է` այստեղ եմ ապրում: Օրինակ` դոլարային փոփոխությունների արդյունքում 2014թ. տարեվերջին  երկու բան փաստեցի` մենք շատ արագ խուճապի ենք մատնվում ու մենք գլոբալ չենք մտածում: Հույս ունեմ, որ 2015-ին մենք մի քիչ ավելի գլոբալ կմտածենք հենց միայն հայաստանյան տարածքում: Իսկ երբ կգա այն պահը, որ օդ ու ջրի չափ հարկավոր կլինի, որ ես ընտրություններին մասնակցեմ ու քվե տամ, այն ժամանակ էլ ես քաղաքացի կլինեմ: Այսօր այդպես չէ, ես դեռ դրա կարիքն օդ ու ջրի պես չեմ զգում:

– Այսինքն` Ձեր քվեին արժանի մարդ չկա՞:

shake (2)

– Ոչ, ոչ, այդպես չէ. այսօր մենք ուրիշ խնդիրներ ունենք, որ ես կարծում եմ` դրանց լուծելն ինձ համար ավելի ճիշտ է: Իհարկե, եթե ես քվեարկության իրավունք ունենամ ու իմ սկզբունքներին համաձայն չքվեարկեմ, ապա մեղավորը ես կլինեմ: Իհարկե, հեռվից նայելն ավելի հեշտ է: Ես քաղաքացի չեմ, չեմ կարող քվեարկել, բայց սա ամենևին չի նշանակում, որ ես ինձ սահմանափակել եմ տեսնելուց: Այո, ես շատ հետաքրքրված եմ ամեն ինչով, ես ակտիվ եմ քաղաքական կամ բիզնեսի դաշտում ու, եթե հրավիրվում եմ ու ես ասելիք ունեմ՝ վստահաբար գնում եմ:

Միաժամանակ եկեք կանգ առնենք, խորը շունչ քաշենք, հետ նայենք` տեսնենք՝ ինչերի՞ միջով ենք անցել, վերլուծենք` ի՞նչ ենք արել: Օրինակ, օրենքներ ենք անցկացնում, որոնք հետո հետաձգում ենք, որովհետև ճիշտ չեն քննարկվել: Եթե ճիշտ քննարկվի, կարիք չես զգա օրենք հետաձգելու: Ուրեմն` եկեք մի պահ կանգ առնենք, մտածենք` ի՞նչ օրենքներ այսօր ունենք, բոլորը քննարկենք, որպեսզի բոլորի համար այն ճիշտ լինի, ու հետո նոր առաջ անցնենք:

– Դուք ինքներդ եք ասում` որ ՀՀ քաղաքացի չեք, ու գիտակցում եք, որ այսօր չեք կարող քվեարկել, ու Ձեզ հեռվից նայելը հեշտ է: Եղե՞լ են դեպքեր, երբ ոչ թե Դուք, այլ ուրիշները Ձեզ ասեն` Դուք քաղաքացի չեք ու շատ բաների իրավունք չունեք:

– Երբեք, այդպիսի բան չի եղել: Իմ քաղաքացի չլինելը չի նշանակում, որ ես չեմ արտահայտվում. ես էլ շատերի պես հարկատու եմ, ու յուրաքանչյուր հարկատու իրավունք ունի ասելու այն, ինչ ուզում է: Ես պատասխանատու եմ իմ ասածների  համար: Հիշում եմ` շատ տարիներ առաջ ուզեցին, որ «Արտ Բրիջում» նախընտրական պաստառներ փակցնենք մեզ մոտ, ասացի` ես չեմ կարող, որովհետև ես եթե ձեզ չեմ քվեարկելու, ես չեմ կարող թույլ տալ փակցնել դա: Գովազդն էլ գին ունի, ու դու պետք է տեր լինես դրան:

shake (12)

– Դուք իսկական ուժեղ հայ կնոջ կերպար եք ու գործունյա կնոջ վառ օրինակ: Դուք` որպես ուժեղ կին, ի՞նչ կցանկանաք մեր հայ կանանց, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:

– Չթերագնահատել իրենց: Մենք այսօր շատ-շատ խնդիրներ ունենք, ու հենց կանայք տանը խնդիրներ ունեն: Սեփական ուժերը թերագնահատելը վտանգավոր է. վախը մարդու թշնամին է: Եվ չմոռանանք, որ տղամարդկանց կինն է կյանքի բերում: Ես և՛ տղա ունեմ, և՛ աղջիկ, ու ես փորձել եմ իրենց մեծացնել այնպես, որ հարգեն միմյանց մեջ եղած տարբերությունը: Ես չեմ կարծում, որ կինն ու տղամարդը նույնն են ու հավասար, օրենքի առջև պետք է հավասար լինեն, բայց իբրև բնազդ՝ հավասար չեն: Ես տարբերություններ շատ եմ սիրում: Օրինակ, սիրում եմ, երբ տղամարդն ինձ համար դուռ է բացում: Եթե աշխատող կին ես, չի նշանակում` քո կանացիությունը կորցնում ես: Ու կցանկանամ, որ մեր տղաներին մեծացնենք այնպիսին, ինչպիսին  կցանկանանք տեսնել նրանց մեր աղջիկների կողքին:

– Ի՞նչ սպասելիքներ ունեք 2015 թվականից:

– Ես սպասելիք չէի անվանի, ես դրանք ցանկություն կանվանեի ու ես կցանկանամ, որ «Արտ Բրիջը» հետ վերադառնա իր սկզբնական վիճակին: Մենք միշտ յուրահատուկ ենք եղել, հիմա էլ փորձում ենք նորից հետ վերադառնալ դրան, և մեր ցուցահանդես-վաճառքն այդ նշաններից մեկն է: Ցանկանում եմ` իմ ամբողջ աշխատակազմին՝ հաջողակ տարի, ու եթե անկեղծ լինեմ` կցանկանայի, որ մենք մի այնպիսի իրավիճակում  հայտնվեինք, որ չխեղճանայինք մեծ թռիչքների համար: Բիզնեսում խեղճանում ես այն ժամանակ, երբ բյուջեդ, հնարավորություններդ փոքր են, իսկ  թռիչքդ մեծ է: Ես կցանկանամ այնքան ֆոնդ ունենալ, որ թևերս չկտրվեն: Աշխատակազմիս համար էլ կցանկանամ, որ նրանք էլ այդ թռիչքի հնարավորություններից կարողանան օգտվել, որովհետև սա այն տեղն է, որտեղից պետք է ավելի վերև թռչել:

Տեսանյութեր

Լրահոս