Իսլամական պետության քարտեզների մեջ Հայաստանը ներկայացված է, սակայն առաջ շարժվելու որևէ միտում չունի. Արաքս Փաշայան
168.am-ի զրուցակիցն է Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանը:
– Տիկին Փաշայան, Charlie Hebdo Ֆրանսիայի ամենամեծ ժողովրդականություն վայելող երգիծական հանդեսի խմբագրատան նկատմամբ ահաբեկչությունը դարձավ և՛ հակաիսլամիստական, և՛ իսլամական ծայրահեղական տրամադրությունների նոր ալիքի պատճառ: Կանխատեսումներ եղան, որ Փարիզի ողբերգական դեպքին Եվրոպայում նոր ահաբեկչություններ կհետևեն: Սակայն մինչ դա պետք է հասկանալ, թե ի՞ նչ էր Փարիզում տեղի ունեցածը, և որտե՞ղ պետք է փնտրել պատճառները:
– Արևելք-Արևմուտք կամ Արևմուտք-Իսլամական աշխարհ հարաբերություններում շատ խրթին հարցեր կան. կա փոխըմբռնումների խնդիր, անտագոնիզմ և քաղաքակրթական տարբերություններ, որոնք ժամանակ առ ժամանակ սուր դրսևորումներ են ստանում: Թեև կան նաև համագործակցության և հանդուրժողականության փայլուն օրինակներ: Երկկողմ ընկալումների խնդիր գուցեև բացարձակապես էլ չլիներ, եթե Միջին Արևելքն այդքան կարևոր, բնական ռեսուրսներով հարուստ ռազմավարական տարածքը չդիտարկվեր Արևմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից, և կամ էլ, եթե Արևմուտքն այդքան լայնածավալ ձևով չմիջամտեր Միջին Արևելքի ներքին գործերին:
Շատերի համար դեռևս հստակ չէ, թե ովքեր են Փարիզի ահաբեկչության իրական պատվիրատուները: Ամեն պարագայում, կատարվածը տարբեր կողմերից կարելի է մեկնաբանել: Եվ դա այդպես էլ եղավ: Շատերը լուսաբանեցին իրենց շահերի տեսանկյունից: Փաստ է, որ ներկայումս իսլամը բավական լայնածավալ, նույնիսկ ինստիտուցիոնալ կերպով ներկայացված է Եվրոպայում: Կան երկրներ, որտեղ գլխաշորի արգելք գոյություն չունի: Իսկ ահա Մեծ Բրիտանիայում վերջերս թույլատրվեց շարիաթական դատարանների գործունեությունը: Եվրոպայում օր օրի ավելալանում են մզկիթները, աղոթատեղիները, հալալ սննդի խանութները, մուսուլմանական գետտոները: Մեծանում է թե՛ մուսուլման բնակչության, թե՛ անօրինական ներգաղթյալների թվաքանակը: Այս իրողությունները ժամանակ առ ժամանակ հակազդեցություն են առաջացնում: Այնպես որ, Փարիզի ահաբեկչությունը ևս մի առիթ կդառնա Եվրոպայի նույն աջ ազգայնական ուժերի համար, իսկ իսլամաֆոբիան, ըստ ամենայնի, նոր դրսևորումներ կստանա:
– Ձեր կարծիքով` հակաիսլամական տրամադրությունները կօգնե՞ն Եվրոպային լուծել իր խնդիրները:
– Կարծում եմ, որ, օրինակ, ռասիզմը հազիվ թե օգուտ բերի Եվրոպային, որը բազմաթիվ խնդիրներ ունի: Հետքրիստոնեական Եվրոպան կարիք ունի վերանայելու իր ազգային տեսլականը, նաև նորովի կերպով քննարկելու իր միջինարևելյան քաղաքականությունը: Չէ՞ որ Եվրամիության երկրները ոչ պակաս կերպով նպաստել են նույն Իսլամական պետության ստեղծմանը, որը մեղադրվում է Փարիզի ահաբեկչության կազմակերպման մեջ:
– Եվրոպան կարո՞ղ է պայքարել կրոնական հենք ունեցող ահաբեկչության դեմ:
– Ահաբեկչությունն աներևույթ թշնամի է, որի դեմ հնարավոր է հաջող կերպով պայքարել՝ վերացնելով դրա պատճառները: 21-րդ դարում մեծ թափ ստացան մոլեկրոնությունն ու բռնությունը, որոնք, բնականաբար, պետք է թափանցեին նաև Եվրոպա, քանի որ այստեղ շփման եզրերը շատ էին: Ամեն դեպքում, դեռ երկար ժամանակ անվտանգությունը, ինչպես նաև մուսուլմանական համայնքներից եկող մարտահրավերները Եվրոպայի համար լինելու են առաջնահերթ խնդիրներ:
– Այսինքն` քանի դեռ չեն վերացվել այդ պատճառները, Եվրոպայում ահաբեկչությունների ալիքը միգուցեև շարունակվի՞:
– Կարծում եմ՝ այո: Նույն իսլամաֆոբիան դեռ երկար ժամանակ չի հաղթահարվի: Եվրոպացիները, միևնույն է, կշարունակեն ծաղրանկարներ տպել Մուհամեդ մարգարեի կերպարով, իսկ Եվրոպայի և աշխարհի այլ վայրերում ապրող մուսուլմանները կընդվզեն: Դա կլինի դրվագներից մեկը: Եվ այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ բացարձակ ճշմարտություն չկա: Եվրոպացիներին չես կարող մեղադրել, քանի որ իրենք ունեն խոսքի ազատություն և եվրոպական համատեքստում ամեն ինչ թվում է արդարացված: Մուսուլմաններին նույնպես չես կարող մեղադրել, որ բողոքում են, քանի որ նրանց չափից դուրս վիրավորում է սրբությունների ծաղրը, որը համարժեք է իսլամական ինքնությունը վիրավորելուն:
– Խնդիրն ինչպե՞ս պետք է հաղթահարվի:
– Կարծում եմ` միայն փոխըմբռնման և միջմշակութային երկխոսության միջոցով: Ճիշտ է, տարիներ առաջ Անգելա Մերկելն ասաց, որ բազմամշակութայնությունը Եվրոպայում ձախողվել է, բայց ուրիշ ճանապարհ չկա: Հակառակը բռնությունն է: Իսլամն այլևս իրողություն է եվրոպական իրականության մեջ, իսկ մուսուլմանները՝ ԵՄ երկրների լիիրավ քաղաքացիներ: Նաև պետք է նկատի ունենալ, որ արմատական տրամադրություններն այդքան էլ մեծ տոկոս չեն կազմում Եվրոպայում, և Եվրոպան կարող է գտնել ելքը:
– Հետաքրքրականն այն է, որ մի շարք փորձագետներ ԼՂ հակամարտության գոտում լարվածությունն ու Փարիզյան ահաբեկչությունը կապում են իրար ու ամենևին էլ պատահական համընկնում չեն համարում: Դուք տեսնո՞ւմ եք արդյոք կապ այս երկուսի միջև:
– Կարծում եմ՝ առանձին խնդիրներ են: Ղարաբաղյան հակամարտությունը, պարզ է, որ երկար չի կարող մնալ սառեցված վիճակում: Զինադադարը խախտելով՝ Ադրբեջանը հասկացնում է, որ ցանկանում է փոխել ստատուս-քվոն:
– Ադրբեջանի ակտիվությունը սահմանին, ըստ Ձեզ, կապ ունի՞ արդյոք իսլամական գործոնի հետ: Կա տեսակետ, որ Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին դիմում է արկածախնդրության՝ դրդված ներքին խնդիրներից, որոնցից մեկը կապված է հենց իսլամական գործոնի հետ:
– Չեմ կարծում, որ իսլամական գործոնը պատերազմի վերսկսման հիմնական պատճառն է, բայց պատճառները շատ են: Նախ և առաջ՝ Ադրբեջանի ներքին խնդիրները: Ալիևը միշտ էլ փորձելու է օգտագործել պատերազմը՝ հասարակությանը շեղելու դժգոհություններից, հակաիշխանական տրամադրություններից՝ ձգտելով սիրաշահել հասարակության արմատական, այդ թվում՝ կրոնամոլ շերտերին: Ալիևն ամեն ինչ անելու է՝ օգտագործելու հակահայկական քսենոֆոբիան ազգային համախմբման համար: Իր հերթին՝ Հայաստանի իշխանությունները պատերազմի միջոցով նույնպես փորձելու են կոծկել ահագնացող ներքին ու արտաքին խնդիրներն ու հասարակական դժգոհությունները: Ինչ վերաբերում է իսլամական գործոնին, դա Ադրբեջանի ամենասուր խնդիրներից մեկն է, քանի որ ներկայումս մի կողմից՝ նկատվում է կրոնասիրության ու կրոնամոլության ծավալների ընդլայնում, մյուս կողմից՝ կրոնական արմատական տրամադրությունների աճ:
– Ներկայում կա՞ իսլամական գործոնի և առհասարակ Իսլամական պետության սպառնալիք Կովկասում, այդ թվում՝ Հայաստանում:
– Գյումրիի դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանը կարող է բախվել ամենաանսպասելի և զարհուրելի սպառնալիքների: Հայաստանում իսլամական գործոնով պայմանավորված ահաբեկչությունը նույնպես անհնար չէ: Իսլամական պետության քարտեզների մեջ Հայաստանը ներկայացված է, քանի որ իրենք նպատակ ունեն վերականգնել միջնադարյան արաբաիսլամական պետության՝ խալիֆայության փառքը, որի մեջ 8-9-րդ դարերում եղել է նաև Հայաստանը՝ Արմինիա կուսակալությունը: Բայց Իսլամական պետությունը ներկայումս առաջ շարժվելու որևէ միտում չունի և պարփակված է Սիրիայի և Իրաքի տարածքներում: Սակայն մեր հարևաններից, օրինակ, Թուրքիան համագործակցում է Իսլամական պետության հետ և կարողանում է այդ ռեսուրսն ուղղորդել՝ որտեղ որ պետք է: