Թամարա Յալոյան. «Նման բան չկա, ռուսական կողմն ինձ ոչինչ չի ստիպել»
Որպես գյումրեցի՝ հուզական, էմոցիոնալ վիճակները խանգարում են իրականացնել գյումրեցի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի պաշտպանությունը: Հենց այս պատճառաբանությամբ էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանը կայացրել իր որոշումը: Այս թեմայի շուրջ «Ասպարեզը» զրուցել է փաստաբանի հետ:
-Թամարա, Պերմյակովի պաշտպանությունից հրաժարվելը շատ քննարկվեց: Ձեր նշած պատճառներից զատ, գուցե այլ պատճանե՞ր էլ կային:
-Այլ պատճառներ չկան…Ես վստահ եմ՝ բոլորդ գիտեք՝ ես ինչ փաստաբան եմ, եթե հանկարծ այլ պատճառ լիներ, բնականաբար, ես կբարձրաձայնեի: Իրականում ամեն ինչ կապված էր իմ էմոցիոնալ վիճակի հետ:
-Կան խոսակցություններ, որ Դուք այդ քայլին գնացել եք ռուսական կողմի դրդմամբ, որ ՌԴ քաղաքացուն ռուսաստանցի փաստաբան պաշտպանի:
-Ոչ, նման բան չկա: Ես նաեւ նշել եմ, որ ռուսական կողմի քննիչը եկել էր եւ ասաց, որ ամսի 14-ին՝ օրվա երկրորդ կեսին, ներկայանամ ռազմաբազա՝ կալանքի սանկցիայի կիրառման համար, բայց ես հրաժարվեցի, որովհետեւ հոգեբանորեն այլեւս չեմ կարող ներկա գտնվել այնտեղ, նստել այդ մարդու կողքին ու նրա պաշտպանությունն իրականացնել:
-Ձեր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էինք, որ գործընկերների մի մասը այդ քայլը ճիշտ չի հասկացել ու շտապել են քննադատել Ձեզ: Փաստաբանների պալատի՞ն էր դա վերաբերվում:
-Ոչ, խոսքը պալատի մասին չէր, այլ որոշ մարդկանց, ովքեր անպատեհ ժամանակահատվածում համեմատականներ էին բերում, մատնանշում, որ ես վարքագծի կանոններ եմ խախտել: Ես ընդամենը ցանկացա ասել այդ մարդկանց, որ ես էլ գիտեմ այդ մասին, ես ինքս առաջինն եմ, իմ հայտարարության մեջ ասել որ, հնարավոր է, վարքագծի, էթիկայի կանոններ խախտած լինեմ: Ընդամենը կարելի էր զանգել, հարցնել, թե ինչու ես այդպիսի բան արել, հետո նոր քննադատությունների անցնել: Դա էր ամբողջ խնդիրը:
-ՀՀ փաստաբանների պալատը կարգապահական վարույթ է հարուցել Ձեր դեմ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ես նորմալ եմ վերաբերվում դրան: Բնականաբար, եթե ես ասում եմ, որ, հնարավոր է, խախտել եմ վարքականոն, ու, ճիշտ է, առաջին հայացքից խախտման հատկանիշներ կան, բայց ես ունեմ բացատրություններ, որոնք ներկայացնելու եմ խորհրդին, ու եթե դրանից հետո գտան, որ ես պետք է ենթարկվեմ կարգապահական պատասխանատվության, դա արդեն այլ հարց է:
Բայց այս պահի դրությամբ, ես հույս ունեմ, որ պալատը կհասկանա եւ կմտնի իմ դրության մեջ: Եթե ես կատարել եմ որոշակի արարք, փաստաբանների պալատը այլընտրանք չունի, պարտավոր է այդ քայլին գնալ, բայց նաեւ պետք է օբյեկտիվ լինի եւ, ըստ իս, հաշվի առնի գործի առանձնահատկությունը, որովհետեւ ես այսքան տարի աշխատել եմ եւ որեւէ պաշտպանյալից չեմ հրաժարվել, մինչեւ վերջ շահերը պաշտպանել եմ: Նույն Պոպովին պաշտպանել եմ 16 տարի առաջ, եւ որեւէ խնդիր չեմ ունեցել ոչ ռուսական կողմի, ոչ հայկական կողմի հետ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: