«Հիմա հանկարծ բոլորը միաբերան ուզում են այդ գործի քննությունը տան հայկական կողմին. սա ո՞ւմ կողմից կազմակերպված քարոզչություն է». Գառնիկ Իսագուլյան
«Գյումրու դեպքը, իհարկե, արտառոց դեպք է, սարսափելի ոճրագործություն է, որի հետ կապված ամեն մի հայ չի կարող ուղղակի գնահատական տալ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյնաը՝ խոսելով Գյումրիում ողբերգական սպանդի ենթարկավծ ընտանիքի մասին:
Նրա խոսքով՝ ինքը հետևում է պատգամավորների, իրավաբանների, քաղաքագետների արտահայտած մտքերին և երբեմն տարօրինակ զգացում է ապրում. «Քեզ թվում է՝ այդ իրավագետը բացարձակ իրավագիտությունից բան չի հասկանում, քաղաքագետը՝ քաղաքագիտությունից բան չի հասկանում, պատգամավորները, որոնք պայմանագրեր են վավերացնում օրը 25-30 հատ, լավ, էս պայմանագրերը կարդացե՞լ են, թե՞ ոչ:
Լավ, այդ նույն Սահմանադրական դատարանի նախագահը, Արդարադատության նախարարը, Գլխավոր դատախազը վերջապես կարո՞ղ են ձևակերպել իրավական տեսանկյունից՝ ի՞նչ է տեղի ունեցել, արդյոք այն քննությունը, որը հիմա գնում է, դա իրավական առումով մեր օրենքների, Սահմանադրության, Ռուսաստանի օրենքների, Սահմանադրության, մեր պայմանագրերի համաձայանությամբ ընթանում է ճի՞շտ, թե՞ սխալ»:
Խոսելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ երեկ ԱԺ լսումների ժամանակ հնչեցրած պարզաբանումների մասին՝ Գ.Իսագուլյանն ասաց. «Դատախազը, տեսեք՝ ինչ է ասում՝ դեպքերից 10 օր հետո՝ «մենք կճշտենք, եթե պարզվի, որ այդ ձերբակալման, կալանավորման ժամանակ ռուսական կողմը թույլ է տվել ինչ-որ խախտումներ, ապա…», հասկանո՞ւմ եք՝ ինչ է ասում դատախազը՝ դեպքից 10 օր հետո: Այսինքն՝ մինչև հիմա իրենք չեն էլ իմացել, թե ինչ է տեղի ունեցել»:
Գ. Իսագուլյանը ուզում է հասկանալ՝ եթե հիմա հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովին հանձնեն հայաստանյան կողմին, դա ո՞ւմ կողմից կազմակերպված քարոզչություն է. «Դե լավ, այն իրավապահ մարմիններին, որոնք Հոկտեմբերի 27, Մարտի 1, գորիսյան դեպքեր և այլն, և այլն, որի ժամանակ հասարակության 100 տոկոսը ասում էր, որ չի վստահում այդ մարմինենրին, հիմա հանկարծ բոլորը միաբերան ուզում են այդ գործի քննությունը տան հայկական կողմին:
Սա նշանակում է, որ Հայաստանում իշխանություն որպես այդպիսին գոյություն չունի, իրավապահ համակարգ որպես այդպիսին գոկություն չունի, երկրի նախագահ որպես այդպիսին գոյություն չունի, և հարց է՝ անկախ պետականություն որպես այդպիսին ունե՞նք, թե՞ չունենք: Այն պահից սկսած, երբ այդ մարդը մտավ ռուսական բազա, իրավունքի տեսակետից գործը նրանց իրավասության շրջանակներում է, բայց չպետք է հասներ այդտեղ: Դրանից հետո մեր իշխանությունները կարող էին, չէ՞, համապատասխան մարդկանց, լուրջ գիտնակաների հավաքեին, պատգամավորներով, վարչապետով, ԱԺ նախագահով ընդհանուր տեսակետ ձևակերպեին և դա ասեին ժողովրդին»: