Բաժիններ՝

Շեղելու փորձեր և վճռական պատասխաններ

Ընթացիկ տարվա առաջին ամիսը հատկանշած իրադարձությունները մտածելու տեղիք են տալիս, որ մեր թշնամիները պետական մակարդակներով բազմաթիվ նոր ուղղություններով ձեռնարկել են շատ աշխույժ պայքար՝ հանրային կարծիքը կողմնորոշելու և հայկական պետությունների ուշադրությունը շեղելու քաղաքականության:

Փորձենք ամփոփ կետերով նշել այն ուղղությունները, որոնք մինչ այժմ երեւում են Անկարայի եւ Բաքվի միացյալ միջպետական շտաբի կողմից հայկական հարցերի գծով ուշադրություն շեղելու քաղաքական ընդհանուր պարունակում: Նկատվածները գուցե ուրվագծեր են, որոնք կարող են նախանշել կիրառվող քաղաքականության բուն շարժառիթները:

Պաշտոնական Անկարան հետզհետե թափ է տալու ցավակցական, ընդհանուր ցավեր կիսելու, անատոլիական միեւնույն բնօրրանին պատկանելիությունը շեշտելու, «վերադարձեք»-ի քաղաքացիական իրավունքի վերականգնման խոստումների, նույնիսկ կալվածքների յուրահատուկ հատուցման, եկեղեցիների վերանորոգման, բացված անհատական դատերի դիմաց կիսահատուցումների ընդհանուր ներկայացմանը` բառի թատերական իմաստով:

Դեռ պիտի ականատես լինենք այս ներկայացման արարների զարգացմանը: Զուգահեռ, ազգայնական տարրերը դեր ունեն կարծր անհանդուրժողականությամբ հատկանշվող հայտարարություններով հանդես գալու, որպեսզի իշխանությունները միջազգային ընտանիքին ապացուցեն, որ ի գին մեծ դժվարությունների եւ ներթուրքական բողոքի հսկայական ալիքների բարձրացման «ձիթենու ճյուղ» են երկարում հայկական կողմին:

«Հրավեր ընդդեմ հրավեր»-ին կամ հայկական յուրաքանչյուր նախաձեռնության հակազդելու Անկարայի ամենաբարձր մակարդակի վրա ձեռնարկած այս քայլերը նախանշում են, որ 100-ամյակը հայտնվել է Անկարայի համապատասխան գերատեսչությունների տեսադաշտի կենտրոնում:

«Թալաաթ փաշա»-ի ժխտողական ջոկատների գործուղումը եւ փերինչեքների նորանոր հայտարարությունները այս խճանկարի մաս են կազմում եւ բոլորը ինչ որ տեղ կարեւոր չափով նպաստում են հանդուրժողական երևալ փորձող էրդողանական վարչախմբի ծրագրերի իրականացմանը:

Հիմնական այս ուղղություններին առընթեր և անկախ Գալիպոլիի հոբելյանական նշման արարողություններից, արդեն իսկ համոզիչ էր դառնում, որ վերահսկված թույլտվությամբ առիթ է տրվելու ապրիլի 24-ի զոհերին, ընդ որում ցեղասպանություն բառեզրի օգտագործմամբ հիշատակի ձեռնարկներ կազմակերպել Թուրքիայի տարբեր շրջաններում:

Այս բոլորը, շղարշային ծածկույթով թե ուղղակի, արդեն տեսանելի են: Վտանգավոր մի այլ ուղղություն թվում է ինքն իրեն զգալի է դարձնում աշխարհագրական տարբեր միջավայրում:

100-ամյակին հակազդելու ռազմավարությունը հայտնաբար թուրք-ադրբեջանական միացյալ շտաբի առաջնային օրակարգերից է: Ինչպես որ Գալիպոլին քարոզչաքաղաքական մակարդակում միջազգային հանրային կարծիքը շեղելու ծառայող քայլ է, այնպես էլ հայկական ներուժն ու ուշադրությունը Արցախ-Ադրբեջան շփման գծի վրա կենտրոնացնելը միացյալ առաջադրանք է թշնամու համար: Եվ պարզ է, որ կիսապատերազմը կամ այն ինչ կատարվում է այսօր`դիպուկահարներ, հետախույզներ, ուղղաթիռի խփում և ներթափանցման փորձեր միտում է այդ քայլին: Հայկական աշխարհը ներգրավել առաջադրված իրավիճակին, որպեսզի արգելակվի 100-ամյակի միջազգայնացման աշխատանքը:

Եթե Անկարան Գալիպոլիի նշումով ուզում է հակաքայլ առնել 100-ամյակին, ապա Բաքուն շփման գծի իրավիճակի լարումով իր մասնակցությունն է բերում համահայկական ուշադրության շեղման հակառակորդների ձեռնարկած միացյալ աշխատանքին:

Օրինաչափ և ընկալելի համարվող նշումներից, հոբելյաններից բառեզրերի օգտագործումից և արարողակարգերից ավելի հայկական ամենից վճռական պատասխանը այս բոլորին` հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների անոտընձգելիության, անթափանցելիության և անխորտակելիության պահպանումն է, և մյուս կողմից հայության պատմական բոլոր իրավունքների պահանջի վերաբերյալ հայեցակարգի հռչակագրի և իրավական թղթածրարի ամբողջացումն է: Առայժմ այս հանգրվանին:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս