
Հայաստանի համար առավել իրատեսական ու իմաստալից կլիներ Պերմյակովի համար բաց դատ պահանջելը. Slon.ru

Slon.ru կայքում հրապարակվել է Գյումրիի դեպքերի կապակցությամբ Միխայիլ Զիգարի հոդվածը, որում նշված է. «Արդյոք Վալերի Պերմյակովին կհանձնե՞ն Հայաստանին: Իհարկե ոչ: Ներկայումս նա գտնվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայում, այսինքն պաշտոնապես ռուսական տարածքում:
Քաղաքացուն մեկ այլ երկրի հանձնելն արգելում է Սահմանադրությունը, առավել կոնկրետ՝ նրա 61-րդ հոդվածը: Հենց այդ հոդվածի վրա հենվելով` ռուսական իշխանությունները 2007 թվականին հրաժարվեցին հանձնել Անդրեյ Լուգովոյին, որին Մեծ Բրիտանիան մեղադրում էր Լիտվիենկոյի սպանության մեջ:
Այն ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր. «Նրանք պետք է փոխեն իրենց ուղեղը, և ոչ թե մեր Սահմանադրությունը»: Այդ իմաստով շարքային Պերմյակովը որևէ կերպ չի տարբերվում պատգամավոր Լուգովոյից: Ընդհանրապես դա համաշխարհային պրակտիկա է. հազվադեպ է լինում, որ երկիրը հանձնի իր քաղաքացիներին:
Երբ ցուցարարները Գյումրիում ու Երևանում պահանջում են զինվորին հանձնել հայ արդարադատությանը, նրանք զուր ջանքեր են գործադրում: Ի դեպ, Ռուսաստանի ու Հայաստանի միջև գոյություն ունի նաև միջկառավարական համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս հանձնել շարքային: Սակայն ինչո՞վ առաջնորդվել, դրանո՞վ, թե՞ Սահմանադրությամբ, որոշում է գլխավոր զինդատախազությունը, և այդ որոշումը կլինի քաղաքական:
Առավել իրատեսական ու իմաստալից կլիներ պահնաջել բաց դատ, որը կփոխարիներ ռազմական փակ տրիբունալին, որը, ամենայն հավանականությամբ, սպառնում է Պերմյակովին: Ըստ էության, չի լինի բաց դատ, թեկուզև նրա համար, որ դա չեն պահանջում Հայաստանի իշխանությունները»: