«Նրանք, ովքեր պահանջում են, որ Գյումրու աղմկահարույց սպանության գործը քննվի Հայաստանում, քաղաքական ընդդիմություն հռչակվեցին» (տեսանյութ)
Նրանք, ովքեր պահանջում են, որ Գյումրու աղմկահարույց սպանության գործը քննվի Հայաստանում, քաղաքական ընդդիմություն հռչակվեցին, և այդ դիրքորոշումը համարվեց հակառուսականություն, իսկ հարցը քաղաքականացվեց: Այս կարծիքին էին այսօր «Մեդիա կենտրոնի» մասնակիցները՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը և նկարչուհի Զարուհի Մուրադյանը:
«ՀՀ նախագահի առաջին արձագանքը Գյումրիում կատարված զարհուրելի հանցագործությանը ադեկվատ էր, բայց սոցիալական տիրույթը լցվեց հայտարարություններով, որ ռուսատյացություն չպետք է լինի, հանցագործի ազգային պատկանելիությունը կարևոր չէ: Բայց նրա ազգային պատկանելիությունը և Գյումրիում ռուսական բազայի գտնվելը օբյեկտիվ իրականություն է: Նման հայտարարությունները դարձան զարգացումների լեյտմոտիվը և թելադրեցին զարգացման հետագա ընթացքը»,-նշեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Անդրադառնալով երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության վերաբերյալ՝ Խառատյանը մեկնաբանեց, որ Պուտինի այս հայտարարությունը նշանակում է, որ սպանության գործում մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը կդատվի ռուսական օրենսդրությամբ:
«Պուտինի հայտարարությունը, որ նա կդատվի օրենքի ողջ խստությամբ, նշանակում է, որ Պերմյակովը կդատվի Ռուսաստանում, քանի որ Պուտինը նման հայտարարություններ կարող է անել միայն Ռուսաստանի համար, նա չէր կարող այդպիսի հայտարարություն անել Հայաստանի համար»,- հավելեց Խառատյանը:
Գնահատելով հանրային ընդվզումն ու պահանջը ուղղված իշխանություններին՝ բանախոսները նկատեցին, որ հանրությունը վերջին օրերի իրադարձություններին շատ ավելի սթափ էր և երբեք չձևակերպեց որևէ պահանջ, որը Հայաստանի լիազորությունից և Հայաստանի իրավունակությունից դուրս էր:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը նշում է, որ ՀՀ իշխանությունների «ջայլամի քաղաքականությունը»` չհայտարարել սգո օրեր, կցկտուր ինֆորմացիա տրամադրել Գյումրիի դեպքերի մասին մարդկանց ուշադրությունը շեղելու համար, հակառակ էֆեկտն ունեցավ և առաջացրեց մարդկանց մոտ ցասում:
«Գյումրիի հանրությունը և Երևանում բողոքի ակցիաները՝ կապված սահմռկեցուցիչ սպանության հետ, իրենց առողջ ռեակցիայով փրկեցին իշխանությունների դեմքը, որոնք անհետացել էին, կամ կոմայի մեջ էին: Իշխանությունների ռեակցիան հակազդեցությունն էր բողոքի ակցիաներին: Մարդկանց բերման ենթարկելը ընդհանրապես ադեկվատ չէր իրավիճակին»,-նկատեց նկարչուհի Զարուհի Մուրադյանը:
Հիշեցնենք, որ Գյումրու դեպքի հետ կապված Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ բերման էին ենթարկվել 30-ից ավելի ցուցարարներ:
Անդրադառնալով Գյումրու ցույցերի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությանը՝ Խառատյանը նշեց, որ դա բավարար էր հասկանալու համար, որ սպանության գործում մեղադրվող Վալերի Պերմյակովը կարող է դատվել Հայաստանի ֆիզիկաաշխարհագրական տարածքում, բայց Հայաստանի հետ կապ չունեցող օրենքներով ու քննության ընթացքով:
«Այդ հայտարարությունը լրացուցիչ յուղ լցրեց արդեն բորբոքված կրքերին… Կարող եմ ասել, որ մեր իշխանությունները դավաճանեցին հանրությանը երկու ձևով: Նախ, որ հանրային ընդվզումը արատավորեցին, և երկրորդ՝ կատարվել է քրեական սարսափելի հանցագործություն, ու մարդիկ ուզում են հասկանալ դրա շարժառիթները»,- հավելեց Խառատյանը: